copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:51 17-02-2022

Երեխայի ծնողի սկանդալն իզուր է, նախկինում դպրոցում էլ է նման բան արել. Նորքի բնակչուհին՝ մանկապարտեզի դեպքի մասին

Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի 124 մանկապարտեզ հաճախող պակիստանցի անչափահաս երեխայի մայրը շաբաթներ առաջ դիմել էր ոստիկանություն ու պատմել, թե իր երեխային մանկապարտեզի դայակները խմբի երեխաների միջոցով ստիպել են հող, խոտ և կղանք ուտել, պարանով կապել են ձեռքերն ու պարանոցը՝ երկաթե տաք խաղալիքներով այրել կրծքավանդակը։

Իրավապահներին դիմած կինը ասել էր, որ երկու տարի՝ 2019-ից մինչև 2021 թվականը այդ մանկապարտեզ հաճախած իր երեխայի նկատմամբ պարբերական խոշտանգումների պատճառը հոր ազգությունն է, նա պակիստանցի է, որից հետո քրեական գործ էր հարուցվել դայակների նկատմամբ՝ մասնավորապես ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով, որը ենթադրում է մինչև 7 տարվա ազատազրկում։

Oragir.news-ի տեղեկություններով՝ երկու դաստիարակները դեռ շարունակում են աշխատել մանկապարտեզում, իսկ թե ինչպես և ինչու՝ պարզել չհաջողվեց, քանի որ մանկապարտեզը, որի կողպված դուռն այսօր այդպես էլ չբացվեց մեր առջև, ոչ երկու դայակները ցանկացան խոսել, ոչ էլ նորանշանակ տնօրեն Ռուզաննա Լադոյանը, իսկ մանկապարտեզի բուժաշխատողը միայն հաստատեց մեզ հասած տեղեկությունը՝ ասելով, որ տնօրենն այս փուլում հարցազրույցներ չի տալիս։
Սակայն մանկապարտեզի դաստիարակների հարևանուհիներից մեկը Oragir.news-ի այն հարցին, թե տեղյա՞կ է արդյոք դեպքի մասին և արդյո՞ք նորմալ է համարում այն, որ դայակները շարունակում են աշխատել այնտեղ՝ ասաց. «Նորքը փոքր տեղ ա, մենք բոլորս մեկս մյուսին ճանաչում ենք, ես գիտեմ անձնապես իրենց, ապրում եմ մանկապարտեզի մոտ, տեսնում եմ ամեն օր, թե ոնց են աշխատում, իսկ որ խոսում են, որ քրեական գործ է հարուցվել, դա այդ ծնողի գործն է, եթե տեսել է այդքան բանը, ինչո՞ւ է շարունակել իր երեխաներին բերել այստեղ։ Ամոթ է, այստեղ մեկս մյուսին գիտենք, գիտենք նաև իրենց, ես անձամբ չէ, բայց տարածքում բոլորն իրենց ճանաչում են, սա քաղաք չի, որ չիմանաս՝ ո՞ր բակից ու շենքից եկավ այդ երեխան»։

Հարևանուհու խոսքերով՝ երեկ լսել է տվյալ ծնողի հարցազրույցն ու զարմացել, թե ինչ հանգստությամբ էր դա ասում, կարծես կարդար ինչ-որ տեքստ։ «Իր երեխայի մասին խոսացող մարդը նման հանգստությամբ, նման անտարբերությամբ չի խոսի, դուք ծնողներին բոլորին հավաքեք, լսեք, թե ինչ են ասում, ո՞նց եղավ, որ մանկապարտեզից միայն իր երեխայի հետ եղավ այս դեպքը։ Ես չգիտեմ, թե նա այդ ամենն ինչի համար է անում։ Սա հին մանկապարտեզ է, իմ երեխաներն էլ են այստեղ եկել, ու այստեղ շատ հայտնի մարդիկ են իրենց երեխաներին բերում, որ, օրինակ, աշխատում են հեռուստակենտրոնում, իմ թոռն էլ է գալիս այստեղ ու գոհ է, ես էլ եմ գոհ, որովհետև ամեն անգամ, երբ տեսնում եմ իրենց աշխատանքը, գիտեմ՝ օրական ինչ գիտելիք ստացած է թոռնիկս գալիս»։

Անդրադառնալով կրկին դայակների աշխատանքին՝ ասաց, որ մնացած ծնողներին հարցնենք, նրանցից որևէ մեկը նման բան կասի՞, թե՞ ոչ։ «Եթե դուք գտնեք մեկ հոգի անգամ, որ բողոքի, ձեզ կասեմ՝ ապրեք, որովհետև նման բան չկա, ու ես չգիտեմ՝ ինչո՞ւ է նման բան արել։ Բոլորն իմ հարևաներն են, ես չեմ կարող որևէ մեկի մասին բացասական խոսք ասել, իրենք էլ են կին, իրենք էլ են մայր, ես չեմ պատկերացնում, որ հայ մայրը նման բան կանի, համենայնդեպս, երեխաներն այն պարզ ու մաքուր էակներ են, որ գալիս են տուն, պատմում են, որ այսօր սա են նկարել, այն են երգել և այլ։ Քրեական գործ հարուցվել է, այնուհետև որոշ չափով հերքվել, բա ինչո՞ւ չի կարողանում ապացուցի, որովհետև չկա նման բան, ու նման սկանդալը որ գցել ա, իմաստը ո՞րն է, ինքն էլի նման բաներ արել է դպրոցում»։


Քնարիկ Պետրոսյան