Միտք 4 տարի առաջ - 20:25 14-02-2022

Բարեկամության կամուրջներով կներկրեն և կծաղկեցնեն հայ-ադրբեջանական եղբայրության դաշտերը

Մինչ կառավարությունը տիտանական ջանքեր է գործադրում երկրի սոցիալ-տնտեսական վիճակն էլ ավելի բարելավելու, անբարյացկամները զբաղված են կառավարող թիմին աջուձախ պարսավելով, արած չարածից դժգոհելով, չարածի հետ արածն էլ սևացնելով։

Այս օրերին կաբինետն ակտիվորեն նախապատրաստվում է գարնան գյուղատնտեսական աշխատանքներին։ Նույն ընթացքում գործից տեղյակն ու անտեղյակը վերլուծում ու դժգոհում են, թե գարունը քթներիս տակ է, մինչդեռ պարարտանյութերն այն աստիճան են թանկացել, որ այդ գներով ինչ-որ բան աճեցնելը ձեռնտու չէ, գործող իշխանությունն էլ իրավիճակը շտկելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկում։
Պարզվում է, որ կառավարությունը, առանց ավելորդ աղմուկի, առանց իրենց արածը թմբկահարելու, լուռ ու մունջ, բայց շատ օպերատիվ զբաղվում է պարարտանյութերի հարցով։ Որպես առաջին քայլ՝ փետրվարի 11-ին կառավարությունից հրահանգել են համայնքապետներին, սրանք էլ բնակավայրերի իրենց ներկայացուցիչներին (դա արդեն փետրվարի 14-ին)՝ ճշտելու սելիտրայի ու մյուս անօրգանական պարարտանյութերի պահանջարկը։ Իհարկե, համայնքային ներկայացուցիչներին հասկացրել են, որ բոլոր պարարտանյութերի առումով էլ «պահանջները հստակեցնեն», բայց գործնականում «կենտրոնանան ազոտականի վրա», խուսափելով մյուսների առումով հստակ խոստումներից։

Ազոտականի հետ կապված հստակեցումն էլ այն է, որ ճշտեն, թե համայնքը քանի պարկի պահանջ է ներկայացնում։ Տեղեկացրել են, որ մեկ հա հողի հաշվով տրվելու է (եթե լինի, իհարկե) առավելագույնը 6 պարկ սելիտրա, յուրաքանչյուրը 9․5 հազար դրամով։ Գյուղացին վճարելու է պարարտանյութը ստանալուն պես, որը պետք է որ տրամադրվի մինչև հունիս։

Մշակաբույսերի պարարտացման հիմնական մասն արվում է սեզոնի առաջին ամիսներին, ներառյալ մինչև հունիս։ Այս հանգամանքից ելնելով էլ՝ գյուղացիք դժգոհում են, թե հացահատիկի բերք, հաց չի լինի, թե պտղի առաջին-երկրորդ պարարտացումը չտրվեց, բերքն այն չի լինի, կարտոֆիլի տունկի հետ պարարտանյութ չտրվեց ու․․․ այդպես շարունակ։
Ստեղծված իրավիճակում «մեղմ չարակամներն» այն կարծիքին են, որ կառավարությունը միտումնավոր գյուղացուց կանխավճարը չի վերցնում ու ներկրման ժամկետն էլ սահմանել է մինչև հունիս, որ ժամանակի առումով իր վրա ճնշում չլինի, մյուս կողմից էլ՝ մինչև այդ հիմնական պարարտացումը կատարված կլինի ու դրա կարիքը խիստ արտահայտված չի լինի։ «Մարդիկ ցանկանան, թե ոչ, մինչ այդ գնելու են, ու այդ ժամանակ արդեն պահանջարկ էլ չի լինի, կամ էլ մինչ այդ գները կիջնեն, գործարարներն ավելի էժանը կճարեն, կներկրեն, ու կառավարությունն անելիք չի ունենա»։

«Ահավոր չարախոսներն» էլ պնդում են, որ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում շուտով վերսկսվելու է ազոտական պարարտանյութի արտադրությունը, և այդ ընթացքում արդեն հայ-ադրբեջանական բարեկամության կամուրջները գցված կլինեն ու գուցե Վրաստանով, գուցե հենց այդ բարեկամության կամուրջներով Սուքիասյանները կներկրեն ազոտական պարարտանյութերն ու սրանցով կծաղկեցնեն նախ իրենց, հետո հայ-ադրբեջանական եղբայրության դաշտերը։ Գյուղացին էլ թող մի տարի օրգանիկ գյուղատնտեսություն վարի, իսկ ինչու ոչ։

Ինչ ասես։ Կառավարությունում, ամեն ինչ թողած, գիշերուզօր մտածում են, թե ինչպես, որտեղից բարձրորակ ու մատչելի սելիտրա ճարեն, գյուղացու կյանքի պայմանները բարելավեն, մինչդեռ չար մարդիկ ինչի մեջ ասես կասկածում ու մեղադրում են այս նվիրյալներին։

Վարդան Մսրյան

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան