Եկեղեցիների վերականգնում՝ հանուն թուրքական բիզնեսի
copy image url

Եկեղեցիների վերականգնում՝ հանուն թուրքական բիզնեսի

Արտաքին 3 տարի առաջ - 17:41 14-02-2022

Թուրքիան ամենաբարձր արժեքով Հայաստանին ու Արևմուտքի իր դաշնակիցներին «վաճառում է» հայ-թուրքական հարաբերությունները՝ «վաճառքից» գոյացած ահռելի եկամուտն ուղղելով գործարար հատվածին։ Մինչ Ադրբեջանում Արցախյան 2-րդ պատերազմում հայկական կողմի կրած ծանր պարտությունից հետո շարունակվում է պատմամշակութային կոթողների վանդալիզմը, Թուրքիայում նոր թափ են ստանում հայկական հոգևոր ժառանգության վերականգնման աշխատանքները։ Այս եղանակով Անկարան մի կողմից Արևմուտքի համար պատրանք է ստեղծում, թե իրապես շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների համապարփակ կարգավորմամբ, հավատարիմ է ժողովրդավարացման գործընթացին ու հարգում է ազգային-կրոնական փոքրամասնությունների իրավունքները, իսկ մյուս կողմից նախապատրաստվում է հայ և թուրք հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպմանը՝ բարի կամքի դրսևորման անվան տակ փոխադարձ անհամարժեք ակնկալիքի սպասումով հայի հայրենազրկման տարածքում առաքելական եկեղեցիների հիմնանորոգումը ներկայացնելով հայկական կողմին կատարված զիջում։

Փաստացի, Թուրքիայի զբոսաշրջության ոլորտն ավելի քան երկու տարի է, ինչ հսկայական կորուստներ է կրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների, չեղարկված ու կրճատված տուրայցելությունների պատճառով, ինչը փորձում է կոմպենսացնել նաև ի հաշիվ հայ զբոսաշրջիկների հոսքի, մանավանդ, որ փետրվարից մեկնարկել են Երևան-Ստամբուլ և հակառակ ուղղությամբ ուղիղ թռիչքները։ Թուրքիայի արևելքը հայերի համար զբոսաշրջային դեստինացիա դարձնելու համար ընտրվել է Դիարբաքըրը։ Արդեն իսկ զարկ է տրվել Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին: Այս եկեղեցին, որը 2008 թվականին համանուն հիմնադրամի, Դիարբաքըրի քաղաքապետարանի և բարերարների ջանքերով վերանորոգվել էր և 2011-ի վերջին կրկին բացվել հավատավորների համար, վերջին տարիներին մեծ վնասներ է կրել թուրք-քրդական բախումների ընթացքում: 2023 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ, ըստ էության, նախագահ Էրդողանի գլխավորած իշխող ուժը փորձում է վերացնել նաև քրդերի ապստամբությունը ճնշելու կենդանի հետքերը՝ վերականգնելով քրդական էլեկտորատը: Բայց զարգացումները չեն վրիպում նաև ընդդիմության ուշադրությունից, մասնավորապես, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն արդեն իսկ հասցրել է տեղում ծանոթանալ շինաշխատանքների ընթացքում՝ հրավիրելով ինչպես հայերի, այնպես էլ քրդերի ուշադրությունը:

Պետական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նախատեսվում է վերականգնել նաև Դիարբաքըրի Ալիփաշա թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս կիսաքանդ եկեղեցին: 16-րդ դարի այս կոթողը վերջին անգամ վերանորոգվել է հեռավոր 1840 թվականին, իսկ մուտքի վահանակը տեղափոխվել է Դիարբաքըրի Հնագիտական թանգարան: Հայկական եկեղեցին քաղաքի քրդերի շրջանում առավելապես հայտնի է «բրնձի եկեղեցի» անվամբ, քանի որ հուշարձանը տարիներ շարունակ ծառայել է որպես բրնձի ֆաբրիկա: Հատկանշական է, որ թեպետ կառույցն առհասարակ զուրկ է տանիք-գմբեթից, բայց անգամ այդ վիճակում թե՛ Ջեմիլ Քոչը, ով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը ենթակա Գեոդեզիայի և հուշարձանների վարչության պետն է, թե՛ Էրգյուն Այըքը՝ հիմնադրամի ղեկավարը, եկեղեցին համարում են քաղաքի պատմական ժառանգության մոնումենտալ կառույց: Սակայն, ի տարբերություն մշակութային կոթողների վերականգնման մասին մեր ընկալումներին, Թուրքիայում իրադրությունը բոլորովին այլ է, մանավանդ, երբ խոսք է գնում հայկական ժառանգության մասին, քանի որ ռեստավրացիայի անվան տակ թուրքերը կանխամտածված շատ հաճախ վերացնում են հայկական հետքերը` փորագրված արձանագրությունները, զարդագոտիները, քանդակներն ու խաչերը, ինչի արդյունքում գրեթե անհնար է դառնում կառույցի նույնականացումը հայկական մշակութային ավանդույթներին: Հետևապես, հայերը ոչ թե պետք է հիանան Գարո Փայլանով, որը եկեղեցու վերականգնման ֆոնին կատարած լուսանկարներն օգտագործում է PR արշավի համար, այլ հորդորեն քաղաքական գործչին՝ հետևողական լինելու կառույցի վերականգնողական աշխատանքներին, որպեսզի բացառվի հայկական հետքի վերացումը. չէ՞ որ շուտով Թուրքիան այս եկեղեցիներն ընդգրկելու է զբոսաշրջային դեստինացիաների ցանկում՝ հայ զբոսաշրջիկի գումարով առաջ մղելով թուրքական հանրային դիվանագիտությունն ու փափուկ ուժը: