Նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն երեկ ընդունել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նարա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։
Հանդիպումից, որին հաջորդել էր ճաշկերույթը, լուսանկարներ և տեսանյութ է հրապարակվել, որն էլ համացանցում բուռն քննարկումների և քննադատությունների առիթ է դարձել։ Որոշ գրառումների համաձայն՝ ժողովրդի գլխին պատուհաս դարձած իշխանության ներկայացուցչի հետ մտավորականները չպետք է հանդիպեին։ Լայն տարածում է գտել հատկապես այն լուսանկարը, երբ Ռուբեն Մաթևոսյանը հիացմունքով նայում է Ալեն Սիմոնյանին։
ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Արտաշես Ալեքսանյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ իր համար կա մտավորականի երկու տեսակ՝ մտավորական և մտավո*ական․
«Հազար ներողություն, բայց ես իրենց մտավո*ական եմ համարում։ Քանի որ պատերազմը չսկսած, երբ որ ես Սարդարապատից կոչ էի անում՝ առանձնահատուկ մտավորականությանը, որպեսզի հավաքվեն իրար գլխի, որ կարողանան երկիրն ու պետականությանը փրկել, չտանեն պատերազմի, այդ ժամանակ ոչ մեկ ձայն չհանեց, և ոչ մեկ տեղից չշարժվեց, հիմա ոնց եղավ՝ իրենք համարվեցին մտավորականություն»։
Դերասանի խոսքով, իր համար նման մարդիկ գոյություն չունեն․ «Չի կարելի, ով ուզում ես եղիր, ինչ ուզում ես, եղիր, կամ որ տարիքում ուզում ես, եղիր։ Գարեգին Նժդեհը շատ լավ խոսք ուներ, ասում էր՝ հայրենիքը առաջնահերթ է։ Տիգրան Մեծն էլ նույն բանն է ասել։ Երբ նրան ասում են՝ դու որդեսպան ես, Տիգրան Մեծն ասում է՝ ես որդեսպա՞ն եմ, հոր սրտի համար ի՞նչն է ավելի կարևոր իր որդու առոջությունն ու հաջողությո՞ւնը, դուք ինձ ասում եք որդեսպա՞ն, բայց ինձ համար ավելի կարևոր բան չկա որդուց, իմ հայրենիքը կա, ես պետք է հայրենիքի մասին մտածեմ։ Ես ոչ թե իրենց հայրն եմ, այլ մի ամբողջ ազգի հայրն եմ։ Դրա համար հայրենիքն առաջնահերթ է․․․
Ես իմ անձնական կարծիքն ունեմ նման մտավորականների մասին, բայց ես իրենց համարում եմ մտավո*ական: Իմ համար նման մարդիկ, ովքեր ստամոքսը գերադասում են հայրենիքից բարձր, իմ համար նման մարդիկ գոյություն չունեն»։
Ալբինա Բարեղամյան