Ներքին 4 տարի առաջ - 11:41 11-02-2022

44-օրյա պատերազմի զոհերի թիվը ճիշտ է և չի թաքցվում․ Արսեն Թորոսյան

44-օրյա պատերազմի զոհերի թիվը ճիշտ է և չի թաքցվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Չէի ուզի այս ցավոտ հարցին անդրադառնալ, բայց նույնիսկ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այս հարցի շուրջ վարչապետի մեկնաբանությունից հետո չդադարող մանիպուլյացիաներն ու կեղծիքը, որոնք հաճախ անցնում են բարոյականության սահմանը, ստիպում են ինձ դա անել: Ցավալին այն է, որ դա անում են նաև մարդիկ, որոնք եղել են զինված ուժերում ղեկավար պաշտոնների, նույնիսկ գերագույն գլխավոր հրամանատար են եղել և շատ լավ գիտեն, թե այդ թվերը ինչպես են ձևավորվում, ովքեր են այն մարդիկ, որ այդ վիճակագրությունը տալիս են: Նրանք նաև շատ լավ գիտեն, որ պատասխանատուները պրոֆեսիոնալներ են և կեղծիքի երբեք չեն գնա, ավելին` նրանց մեծ մասին հենց իրենք էլ ժամանակին նշանակել են այդ պաշտոններում:

Ես համոզվել եմ, որ մեր պետական կառավարման մարմինները չեն թաքցնում մեր կորուստների իրական թվերը դեռ 2016 թվականին, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էի Արցախի պաշտպանության բանակի ռազմաբժշկական բաժնի վիճակագրի պաշտոնը և ինքս էի մասնակցում վիրավորների թվի հավաքագրմանը:

Հիմա վերադառնալով 44-օրյա պատերազմին, ուզում եմ տեղեկացնել, որ Քննչական կոմիտեում մեր զոհերի թվի մասին տեղեկատվությունը ձևավորվում է` հիմնվելով մեր դատաբժշկական ծառայության կողմից զոհերի մարմինների և մասունքների դատաբժշկական (ներառյալ` դատագենետիկական) փորձաքննության վրա: Երկու պետական մարմիններն էլ եղել են Ստեփանակերտում` սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, անձամբ բազմիցս ներկա եմ եղել այդ գործընթացին և ուզում եմ ասել, որ միայն մեր ժողովրդին ավել ցավ պատճառել ցանկացող անձը կարող է կեղծել այս, արդեն իսկ անասելի ցավ պատճառող թվերը ու փորձել մեր կորուստները ներկայացնել ավելին, քան կան:
Միայն մեր կորուստների վրա հակառակորդի հրճվանքը ցանկացող անձը կարող է ասել, որ մենք ոչ թե 3812 զոհ ենք ունեցել (և 217 անհետ կորած անձ), այլ 5000, 6000 կամ ավելին: Միայն բարոյականության հետ խնդիրներ ունեցող անձը կարող է ասել, որ մենք տասնյակ հազարավոր վիրավորներ ենք ունեցել` մոտ 7500-ի փոխարեն:

Տիկնայք և պարոնայք դուք ձեզ երբևէ հարց տվել եք, թե դուք ո՞ր երկրի կամ ժողովրդի շահերն եք պաշտպանում:

Հ.Գ. նկարում ես եմ, Հայաստանի և Արցախի դատաբժշկական ծառայությունների ղեկավարների հետ Ստեփանակերտի դատաբժշկական կենտրոնի ստորգետնյա թաքստոցում 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, երբ Ստեփանակերտը ռմբակոծվում էր և դատական բժիշկները ստիպված պետք է թաքնվեին, որպեսզի ռմբակոծությունից հետո շարունակեին իրենց ծառայությունը»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու

Ձեզ գուցե հետաքրքրի