Երևան +15°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:07 09-02-2022

Մենք պետք է մեր ազգային կերակրատեսակներին տեր կանգնենք․ Սեդրակ Մամուլյան

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ Վրաստանն արգելել է Հայաստանին «Մածուն» կոչվող կաթի արտադրանքը Վրաստանի տարածքով արտահանել Ռուսաստան:

Oragir.news-ը կապ հաստատեց հայտնի խոհարար, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ն հիմնադիր Սեդրակ Մամուլյանի հետ։ Հարցրինք՝ արդյոք մածունը կարո՞ղ է վրացական լինել, և վրացիները ինչի՞ց ելնելով են պնդում, որ մածունը վրացական սննդամթերք է, ի՞նչ լուծում կարելի է գտնել տվյալ իրավիճակում․

«Պետք է մեր ներկայացուցիչները գնան, երկխոսեն, բանակցեն և ասեն, որ «մացոնին» ուրիշ բան է, (նրանք այդ անվանումը կապում են տեղանվան հետ)։ Ես Վրաստանից եմ, բայց տեղյակ չեմ այդպիսի տեղանվան մասին։ Մածունը հայկական բառ է․ մածել, մածուցիկ բառից է։ Մածունը մեր ազգային խոհանոցում մեծ դերակատարություն ունեցող մթերք է, կաթնաթթվային, շատ տարածված և ավելի շատ է կիրառվում մեր խոհանոցում, քան թե վրացական խոհանոցում։ Մենք ավելի շատ մածունից ունենք կիսաֆաբրիկատներ, դրանցից պատրաստվող կերակուրներ և այլն։ Այս հարցը այլ հարթության մեջ է։ Մենք ծրագիր գրել ենք և այդ ծրագիրը շուտով կներկայացնենք համապատասխան գերատեսչությանը։ Մենք այդ ծրագրով նախատեսել ենք նախաձեռնել և որոշակի քայլեր անել մեր ազգային խոհանոցի բոլոր էնդեմիկ մթերքներով պատրաստվող կերակրատեսակների պետականորեն ամրագրման գործընթաց սկսել։ Սա ոչ թե ընդդեմ մի բանի կամ ինչ-որ մեկի է, այլ մենք պետք է մեր ազգային կերակրատեսակներին տեր կանգնենք։ Այստեղ խուճապի մատնվելու ինչ-որ բան չկա, պետք է համախմբվել, սեփականը սիրել, սեփականը ամրագրել և առաջ շարժվել, այլ ոչ թե շատ պանրագործների նման «սուլիգունի» արտադրել և մեր պետության գոյացած գումարի հաշվին վրացական Սուլիգունի գովազդել»,- ասաց խոհարարը։

Իսկ այն հարցին, թե այս խնդիրը դեռ կարո՞ղ ենք կարգավորել, Մամուլյանը պատասխանեց․

«Անհնարին ոչինչ չկա։ Տոլման էլ հո ՅՈՒՆԵՍԿՕ-ն չասաց ամբողջը ադրբեջանական է, ասաց մի տարատեսակ է ադրբեջանական, մենք էլ պետք է ասենք՝ այս տարատեսակն էլ մերն է։ Մենք ուղղակի տարիներով պայքարում ենք՝ մեր ազգային կերակրատեսակների նկատմամբ վերաբերմուքը փոխելու համար, գործը գնում է առաջ, բայց շատ դանդաղ և այստեղ միայն մածունը չէ։

Մենք խոհարարական ասպարեզում երկխոսություն ենք սկսել վրացիների հետ և համարյա որևէ խնդիր չի առաջանում։ Մենք համագործակցում ենք, խոսում ենք, զրուցում ենք, մի քանի անգամ հանդիպել ենք, ես այնտեղ եմ եղել, կանչել եմ խոհարարական ասոցիացիայի նախագահին, խոսել ենք, զրուցել ենք, հասկացել ենք իրար, ասել ենք, որ թյուրըմբռնումներ կան, որոնք մեր երկխոսության դեպքում կշտկվի։ Այստեղ որևէ չշտկվող և չճշտվող բան չկա, և չենք կարող ունենալ մեր հնարավոր հազարամյա հարևանների հետ։ Իրենք նույնպես գիտակցում են, որ մենք չենք կարող իրար նման կերակուրներ չունենալ, դա պատմականորեն և աշխարհագրորեն նորմալ երևույթ է։ Այլ բան է, որ այստեղ ամեն մեկը քաղաքականացված ինչ-որ բաներ է տեսնում։ Ես քաղաքական գործիչ չեմ, չեմ հասկանում՝ չնայած կարող եմ մի բան հիշեցնել, օրինակ՝ ինչ տվեց Արցախում չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությունը, որը կազմակերպվեց։ Ի՞նչ տվեց Հայաստանին կամ մասնավորապես Արցախին։ Բայց խոհարարության առումով պետք է ասեմ՝ այն շրջանակների հետ, որոնց մենք շփվում ենք, լավ փոխըմբռնում ունենք և համագործակցությունը շարունակելու ենք։ Այստեղ խնդիրը այն է, որ մենք էլ հետևողականորեն պետք է ասենք, որ մածուն բառն էլ հայկական է, մածել բառից է։ Առհասարակ, երբ մենք սկսում ենք այս կամ այն կերակուրը վիճարկել, պետք է այդ կերակրատեսակի կամ այդ մթերքի տեխնոլոգիական շղթայով գնալ մինչև հումք, և ամեն ինչ պարզ կդառնա»։

Լիլիթ Հարությունյան