Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:56 31-10-2022

Սաղաթելյանը դիմեց Եկեղեցուն, մտավորականությանը, երիտասարդությանը, քաղաքական ուժերին՝ եկեք, միասին տեր կանգնենք մեր հայրենիքին

Գաղտնիք չէ, որ այսօր Արցախը, Հայաստանը և հայ ժողովուրդը գտնվում են պատմական և ճակատագրական փուլում. նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում։

«Մեր զույգ հայկական պետությունները դիմագրավում են շատ ծանր մարտահրավերներ և այս պայմաններում հասարակության մեջ կա երկու հիմնական տեսակետ․ մի տեսակետի հեղինակն այսօրվա իշխանություններն են, որոնք ասում են, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով ավարտված պատերազմն այլևս դատավճիռ է, մենք չունենք որևէ ռեսուրս և հնարավորություն ստեղծված իրավիճակից դուրս գալու և մեր հանրությանն առաջարկում են նոր կորուստների և զրկանքների գնով գնալ ինչ-որ երևակայական խաղաղության հետևից:

Ըստ էության՝ առաջարկում են՝ զիջել հայրենիքի մի մասը, մնացած մասը փրկելու համար: Եվ կա իրավիճակից դուրս գալու երկրորդ տեսակետը, որն առաջարկում են ազգային ուժերը և ժողովուրդը. դա պայքարի օրակարգն է: Նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ, չպետք է համակերպվել ստեղծված իրավիճակին, հայրենիքի մի մասը զիջելով՝ կզիջենք ամբողջը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ օրվա իշխանության առաջարկած ճանապարհը կործանարար է:

«Մենք առաջարկում ենք համախմբել ողջ հայ ժողովրդի ներուժը, վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը, մոբիլիզացնել համահայկական բոլոր հնարավոր ռեսուրսները և լծվել հայրենիքի պաշտպանության, անվտանգության և վերականգնման գործին»,-ասաց Սաղաթելյանը։ Նա վստահ է, որ երեկվա Արցախի հանրահավաքը պատմական իրադարձություն էր, կարևոր արձանագրում ի լուր ամբողջ աշխարհի:

«Առաջինը, որ Արցախի ժողովուրդը, պետական կառավարման մարմիններ, ԱԺ ուժերը մեկ միասնական ճակատով հայտարարեցին, որ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Երկրորդ, շատ հստակ հայտարարեցին, որ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ անընդունելի է Արցախի ժողովրդի համար և արժանանալու է դիմադրության: Երրորդը, Հայաստանի որևէ իշխանություն չունի որևէ իրավունք ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը: Չորրորդը, երեկ Արցախից շատ հստակ ուղերձ հղեցին համայն հայությանը, որ շարունակեք տեր կանգնել Արցախին, սատար կանգնել Արցախի ազգային շահերին, կանգնեք Արցախի կողքին: Իրենք շատ հստակ հայտարարեցին իրենց պայքարին տեր կանգնելու կարևոր առաքելության մասին»,- ասաց նա:

Սաղաթելյանի դիտարկմամբ՝ գնդակն արդեն Հայաստանի դաշտում է. «Մենք երեկ արագ արձագանքեցինք Արցախին հնչած կոչին: Նոյեմբերի 5-ին, ժամը 15։00-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրում ենք հանրահավաք: Այդ հանրահավաքը միասնության հանրահավաք է: Միասնություն՝ ոչ որևէ անձի կամ ընդդիմության շուրջ, այլ միասնություն Արցախի ինքնիշխանության շուրջ, Հայաստանի տարածքային ամբողջության և անվտանգության շուրջ: Հանրահավաքը հրավիրել է «Դիմադրության» շարժումը, բայց դա հայ ժողովրդի հանրահավաքն է: Հետևաբար, ՀՀ քաղաքացին մասնակցելով դրան, նախ պետք է արձանագրի, որ տեր է իր հայրենիքին և այդ հայրենիքը սակարկման ենթակա չէ: Երկրորդը. հայ մարդը մասնակցելով հանրահավաքին արձանագրելու է, որ ՀՀ իշխանությունները չունեն որևէ մանդատ երկիրը նոր զիջումների ու կորուստների տանելու համար: Օրվա իշխանությունն իրավունք չունի ստորագրելու որևէ փաստաթուղթ , որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը»:

Իշխան Սաղաթելյանը դիմեց նախ Հայ եկեղեցուն՝ հույս հայտնելով, որ Վեհափառն իր օրհնությամբ կաջակցի հանրահավաքին, երկրորդը՝ հորդորեց մտավորականությանը, գիտական համայնքին՝ կոչով հանդես գալ, մասնակցել հանրահավաքին՝ ցույց տալու հայ մտավորականության կամքը: Երրորդն իր խոսքն ուղղեց երիտասարդությանը․ «Ոտքի կանգնեք, եկեք միասին տեր կանգնենք մեր հայրենիքին, եկեք միասին ստանձնեք պատասխանատվություն մեր երկրի ճակատագրի նկատմամբ»,- ասաց նա: Չորրորդիվ դիմեց բոլոր քաղաքական ուժերին՝ կոչ անելով մի կողմ դնել կուսակցական, քաղաքական շահերը, մրցակցությունը և համախմբվել այս կարևոր նպատակի շուրջ: «Դիմում եմ քաղաքական մեծամասնությունը, որ Նիկոլին պաշտպանելու ժամանակը չէ, դրանով զոհաբերում եք Հայաստանն ու Արցախը: Դեռ ուշ չի, մտածեք, խելքի եկեք, մի առաջնորդվեք զուտ անձնական և Նիկոլի պաշտպանության շահերով»,- նշեց նա:

Ամենից շատ դիտված