Նախարարը 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
16:46 13.01.2022

Նախարարը 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե



Բնապահպանության նախկին նախարարի կողմից 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, փողերի լվացման և կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումների փաստերով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավարտվել է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնատար անձի կողմից աննախադեպ չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական գործի նախաքննությունը: Մասնավորապես` նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման հանցավոր սխեմա, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումներ, որոնցում ներգրավված են եղել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, Ա. Հարությունյանի ղեկավարած գերատեսչության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Սուրեն Ավագյանը, Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը, ինչպես նաև Արամ Հարությունյանի մտերիմ այլ անձինք` Արաքս Դիլանյանն ու Վիկտոր Մարտիրոսյանը:

Ըստ մեղադրանքի` Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Սիլվա Համբարձումյանին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք: Արդյունքում` 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի տարբեր բնակավայրերում գտնվող հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներն անցել են Ս. Համբարձումյանին պատկանող ընկերությունների տրամադրության տակ: Նույն ժամանակահատվածում վերջինս բանկային իր հաշվեհամարներից կանխիկացրել և Սուրեն Ավագյանի միջոցով նրան է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:

Պահանջված կաշառքի մյուս մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը, Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումներ կատարելու եղանակով: Մասնավորապես` Ա. Հարությունյանի առաջարկությամբ և գործարար Ս. Համբարձումյանի կազմակերպմամբ ԱՄԷ-ում գրանցված կազմակերպությունը 2008թ. փետրվարի 7-ին 8 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու պատրաստակամություն հայտնած, այդ նպատակով իր բանկային հաշվեհամարը տրամադրած ՀՀ քաղաքացի Արաքս Դիլանյանի` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին, որից հետո վերջինս, նշված գումարը բաժանելով 3 մասի, դրանք` յուրաքանչյուր անգամ 798 մլն ՀՀ դրամին համարժեք 9.5 մլն ԱՄԷ դիրհամի չափով, փոխանցել է Արամ Հարությունյանի մտերիմների` Գագիկ Կարապետյանի, Արմեն Խաչատրյանի և Վիկտոր Մարտիրոսյանի հաշվեհամարներին:

Այնուհետև վերջիններս Ա. Հարությունյանի պահանջով մեկնել են ԱՄԷ, որտեղ իրենց հաշվեհամարներին փոխանցած գումարների մի մասը կանխիկացրել են, դրանք տնօրինել Ա. Հարությունյանի ցուցումով: 2010 թվականի հունվար ամսվա ընթացքում Գ. Կարապետյանը և Ա. Խաչատրյանն իրենց հաշվին մնացած ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել են Ա. Հարությունյանի և նրա կնոջ` Հասմիկ Աբգարյանի` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում բացված համատեղ հաշվեհամարին: Դրանից հետո Ա. Հարությունյանը մեկնել է ԱՄԷ, որտեղ 2010 թվականի փետրվարի 20-ին տարբեր գումարներ կանխիկացնելու և այլ հաշիվների փոխանցումներ կատարելու միջոցով կաշառք ստացած գումարի մի մասը օգտագործել է անձնական նպատակներով:

Քննությամբ պարզվել է նաև, որ Ա. Հարությունյանը, իր մտերիմ Ալեքսան Պետրոսյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, հանցավոր ճանապարհով ստացված վերոհիշյալ գումարի ծագման աղբյուրը քողարկելու նպատակով 2011թ մարտ ամսին ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել է Ա. Պետրոսյանին պատկանող` բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Տառասկո Ինվեսթմենթ ՍՊԸ-ի` Շվեյցարիայի Համադաշնության Ցյուրիխ քաղաքում գտնվող բանկի հաշվեհամարին: Նույն ժամանակահատվածում Վիկտոր Մարտիրոսյանը նույնպես իր բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու նպատակով հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլն դոլարը Ա. Հարությունյանի առաջարկությամբ փոխանցել է Տառասկո Ինվեսթմենթ ՍՊԸ-ի` վերը նշված նույն բանկային հաշվեհամարին:

Դրանից հետո Տառասկո Ինվեսթմենթ ՍՊ ընկերության և ՄԱՊ ՓԲ ընկերության միջև 2009թ. հունվարի 5-ին կնքված անտոկոս փոխառության պայմանագրի ուժով 2011թ. մարտի 29-ից 2014թ. օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում Ալեքսան Պետրոսյանը նշված գումարից 2.792.730 ԱՄՆ դոլարը փոխանցել է ՄԱՊ ՓԲ ընկերության հայաստանյան բանկերում եղած հաշվեհամարներին, իսկ մնացած մասը տնօրինել Տառասկո Ինվեսթմենթ ՍՊ ընկերության միջոցով, օգտագործել բիզնես գործունեության նպատակով:

Տառասկո Ինվեսթմենթ ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարներից ՄԱՊ ՓԲ ընկերության հաշվին գումարներ փոխանցելուն զուգահեռ Ալեքսան Պետրոսյանը ինչպես հիշյալ գումարներից, այնպես էլ իր անձական միջոցներից, 2011թ. ապրիլ ամսից 2016թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Արամ Հարությունյանին մաս-մաս տվել է նրա կողմից Տառասկո Ինվեսթմենթ ՍՊ ընկերության հաշվեհամարին փոխանցված ընդհանուր 1.861.586.143 ՀՀ դրամին համարժեք 5.049.005 ԱՄՆ դոլար գումարը:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Արամ Հարությունյանը, 2011թ. մարտ ամսին Բնապահպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց հետ միասին իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները, որի արդյունքում Անի ԲԲԸ-ին պատկանող Ջրաձոր փոքր ՀԵԿ-ին տրվել է շուրջօրյա ռեժիմով ջրօգտագործման թույլտվություն, ինչի հետևանքով Էրստեդ ՍՊԸ-ի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:

Քննությամբ պարզվել է նաև, որ Գագիկ Կարապետյանը 2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը, ապա` 2018թ. նոյեմբերի 21-ին Կազբեկի սահմանակետով ՌԴ-ից մուտք է գործել Վրաստան և նույն օրը մեկնել Թուրքիա, ապա` ԱՄՆ:

Նկատի ունենալով, որ մեղադրյալներ Արամ Հարությունյանը, Սուրեն Ավագյանը և Գագիկ Կարապետյանը խուսափել են քրեական վարույթին մասնակցելուց, և բացակայել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանները՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով որոշում է կայացվել նրանց նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին:

Հեռակա վարույթի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.20-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Գագիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 329-րդ հոդվածի 1-ին մասով: Սուրեն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Վերը նշված երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց պատկանող` ընդհանուր 30 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցների և գույքի վրա արգելանք է դրվել:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ինչ վերաբերում է Արաքս Դիլանյանին, Վիկտոր Մարտիրոսյանին և Ալեքսան Պետրոսյանին, ապա քրեական գործից նրանց վերաբերյալ անջատված մասերով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2019 թվականին, և հիշյալ գործերն այժմ դատաքննության փուլում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: