ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Սպիտակ քաղաքի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը բացահայտելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 5-ին, ժամը 18:35-ին, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Որովայնի առաջնային պատի թափանցող վնասվածք, կրծքավանդակի առաջնային և հետին պատի վնասվածք, ձախ ազդրի հետին մակերեսի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սպիտակ քաղաքի՝ 1989թ. ծնված բնակիչ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի համաքաղաքացին է՝ 31 տարեկան:
Նախնական տվյալներով՝ Սպիտակ քաղաքի 32-ամյա բնակիչը, նախկինում ձևավորված անբարյացկամ հարաբերությունների պատճառով, հունվարի 3-ին Սպիտակ քաղաքի «Զավոդի թաղ» կոչվող հատվածում վիճաբանել է 31-ամյա համաքաղաքացու հետ, որից վրեժխնդիր լինելու պատճառով, նույն օրը երեկոյան, քարով հարվածելով կոտրել է նրա բնակարանի պատուհանների ապակիները:
Հիշյալ դեպքից օրեր անց՝ հունվարի 5-ին, փողոցում, կրկին վիճաբանություն է տեղի ունեցել համաքաղաքացիների միջև, որի ընթացքում 31-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել 32-ամյա համաքաղաքացու մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով էլ վերջինս ստացել է վերոհիշյալ վնասվածքները:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքերի վայրերի զննություններ, խուզարկություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին՝ 31-ամյա տղամարդուն, հայտնաբերելու ուղղությամբ:
Հետաքննության մարմնին տրվել է հանձնարարություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: