Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները դադարեցրել են հացադուլը՝ Վրաստանի նախկին առաջնորդի պահանջով։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է կուսակցության ղեկավար Նիկան Մելիան։
«Միխեիլ Սաակաշվիլին անհանգստանում է յուրաքանչյուր հացադուլավորի առողջության համար: Նա ստիպված կլինի ինքը վերսկսել հացադուլը, ինչը մենք չենք կարող թույլ տալ, քանի որ Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլի մեկնարկը կավարտվի մահացու ելքով: Մեր զինակից ընկերները և մենք որոշեցինք անցնել պայքարի հաջորդ փուլ, որը լինելու է բազմազան և ոչ բռնի»,- ասել է Մելիան, ում տեսաուղերձը հրապարակվել է Facebook-ում։
Մելիան դեկտեմբերի 21-ին հայտարարել էր լայնածավալ հացադուլ սկսելու մասին՝ ի համերաշխություն Սաակաշվիլիի։ Այս ամբողջ ընթացքում հացադուլավորները վրաններում են եղել՝ Թբիլիսիի «Ազգային շարժման» կենտրոնական գրասենյակի բակում։ Ինչպես հայտարարել են կուսակցությունում, զանգվածային հացադուլին մասնակցել է մի քանի հարյուր մարդ։
Նախկին նախագահը Վրաստան է մտել հոկտեմբերի սկզբին` երկրում կայանալիք մունիցիպալ ընտրությունների առաջին փուլից քիչ առաջ, որից հետո կալանավորվել և բանտարկվել է։ Վրաստանի նախկին ղեկավարը բանտում հացադուլ է հայտարարել, քանի որ իրեն քաղբանտարկյալ է համարում։ Առողջական վիճակի վատթարացման պատճառով նա նախ հոսպիտալացվել է բանտային հիվանդանոց, իսկ հետո՝ Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ։ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին Վրաստանի նախկին ղեկավարը կրկին տեղափոխվել է Ռուսթավի քաղաքի բանտ։