Սաակաշվիլին դադարեցրել է հացադուլը
copy image url

Սաակաշվիլին դադարեցրել է հացադուլը

Արտաքին 3 տարի առաջ - 20:14 20-11-2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դադարեցրել է հացադուլը, որը տևել է 50 օր։ Այս մասին հայտնում է REN TV-ն՝ հղում անելով քաղաքական գործչի բուժող բժշկին՝ Նիկոլոզ Կիփշիձեին։

Հստակեցվում է, որ վրացի նախկին ղեկավարի վերականգնումը տեղի կունենա բժիշկների խորհրդի հսկողության ներքո։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաակաշվիլիին շտապօգնության մեքենայով տեղափոխել են երկրի արևելքում գտնվող Գորիի զինվորական հոսպիտալ, որտեղ քաղաքական գործիչը բուժում կստանա երկար հացադուլից հետո։ Փոխադրման ժամանակ Սաակաշվիլիին ուղեկցել են նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիփշիձեն և բանտային հիվանդանոցի բժիշկները, մոտակայքում է եղել նաև քաղաքական գործչի մայրը՝ Ջուլի Ալասանիան։

Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին։ Նա հեռակա դատապարտվել է՝ բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար։ Սաակաշվիլին իրեն «քաղբանտարկյալ» է անվանում, հացադուլ է հայտարարել գրեթե անմիջապես ձերբակալման պահից։ Քաղաքական գործչի բժիշկներն ու փաստաբանները մշտապես հայտնում էին նրա առողջական վիճակի վատթարացման մասին։ Մեկ շաբաթ անց նախկին նախագահը հոսպիտալացվել է բանտային հիվանդանոց։