Գավառ խոշորացված համայնքի ավագանու տարեվերջյան նիստին ներկա էին ավագանու երեք քաղաքական ուժերը ներկայացնող անդամները: Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նստաշրջանի առաջին նիստի օրակարգը միաձայն հաստատելուց հետո ավագանին անցել է օրակարգային հարցերի քննարկմանը: Ավագանու անդամները հաստատել են համայնքի ավագանու կանոնակարգը: Ապա, համաձայն օրենքի պահանջի, քննարկման է դրվել Գավառ համայնքի ավագանու խմբակցություններ ստեղծելու հարցը:
Նիստի օրակարգով հաստատվել է Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանի նշանակումը: Այնուհետ ավագանու անդամների քվեարկությամբ Գավառ համայնքի ղեկավարի տեղակալների պաշտոնում հաստատվել են Գրիգոր Բոշյանի եւ Արտուշ Ասլանյանի նշանակումները:
Ավագանու անդամների քվեներով հաստատվել է նաեւ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրեր սահմանելու մասին որոշումը:
Օրակարգային հարցերի կողքին քննարկվել է նաեւ հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելու հարց՝ պայմանավորված քաղաքացու դիմումով: Հողատարածքի նպատակային փոփոխության անհրաժեշտության մանրամասները ավագանուն ներկայացրել է Գավառի համայնքապետարանի գլխավոր ճարտարապետ Դավիթ Մազմանյանը:
Օրակակարգի վերջին հարցով հաստատվել է նաեւ Գավառի ավագանու հաջորդ նստաշրջան գումարելու օրը: Հաջորդ նստաշրջանի հրավիրման օր է նշանակվել 2022 թվականի փետրվարի 8-ը: