Զոհվածի կինը պատերազմի մասին գիրք է գրել
copy image url

Զոհվածի կինը պատերազմի մասին գիրք է գրել

Ներքին 3 տարի առաջ - 19:13 27-12-2021

2020 թվականի Արցախյան վերջին պատերազմում ամուսնուն՝ 25-ամյա Թաթուլ Հակոբյանին կորցնելուց հետո 25-ամյա Անահիտ Ալեքսանյանն ասում է՝ միակ նպատակը 2 տարեկան որդու՝ Մոնթեի համար առավելագույնն անելն է, ու չի ուզում,որ երեխան զգա հոր բացակայությունը։

Անահիտը պատմում է Թաթուլի հետ սկսել են ընկերություն անել, երբ Թաթուլը բանակից եկել է։ Անահիտի խոսքով՝ մի օր իրենց բարեկամներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ չի ուզում Թաթուլին։ Ասում է՝ ինքն այդ օրը հասկացավ, որ պատճառ չունի Թաթուլին չուզելու, մտածեց՝ «էլ ո՞վ պիտի լինի, որ էսքանից ավել անի իմ համար, կամ ո՞վ Թաթուլի չափ նվիրված կլինի»։

Թաթուլը նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից էր։ Որպես կամավոր էր մեկնել մարտի դաշտ, իսկ գալուց հետո վերջնականապես որոշել էր՝ պիտի զինվորական դառնա։ Կնոջ խոսքով՝ նույնիսկ դպրոցական տարիքում էր զինվորական դառնալու երազանքը փայփայում, բայց կարող էր, օրինակ, հրաշալի դիվանագետ դառնալ, իսկ Սիրիայում խաղաղապահ առաքելություն իրականացնելուց հետո, երբ արդեն որդին էլ էր ծնվել, կինը խնդրել էր ամուսնուն դուրս գալ աշխատանքից։

Անահիտը պատմում է, որ վախենալով զանգահարել է ամուսնուն և հարցրել՝ պատերա՞զմ է, ու այդպես պատերազմի ողջ ընթացքում Անահիտը հույսով սպասել է, որ ամուսինը կգա։

«Էդպես պատերազմի ամբողջ ընթացքն անցանք, իսկ հոկտեմբերի 19-ին արդեն էդ լուրը եկավ»,- պատմում է Անահիտն ու հավելում՝ 19-ի առավոտը սովորականի պես խոսել է Թաթուլի հետ, նույն գիշերը՝ հաղորդագրություն ստացել ամուսնուց, որտեղ գրված է եղել, որ իրենց որդուն՝ Մոնթեին լավ տղա մեծացնի։ Դա եղել է իրենց վերջին շփումը, ամսի 20-ին իմացել է մահվան լուրը։

Կինը պատմում է, որ հոկտեմբերի 18-ին Թաթուլի 300 հոգանոց ջոկատը հատուկ գործողության առաջադրանք է ստանում․ պիտի տղաներին հանեին շրջափակումից։ «Առաջադրանքից հետ գալու հավանականությունը շատ քիչ էր, այդ պատճառով առաջադրանքին գնալու որոշումը տղաները պիտի կամավոր կայացնեին։ Թաթուլն առաջինն էր, որ համաձայնել է կատարել այդ առաջադրանքը, նրան են միացել նաև 7 ընկերները։ Սակայն առաջադրանքը չկատարվեց, իսկ Թաթուլը զոհվեց այնտեղ գնալու ճանապարհին՝ ԱԹՍ-ի հարվածից»։ Կինն ասում է՝ մարմինն ամբողջովին վնասված է եղել, միայն սրտին բան չի եղել, և հենց սրտի վրայի դաջվածքով էլ ճանաչել են նրան։

Դեպքից հետո Անահիտը գրեթե մեկ ու կես ամիս չի խոսել։ Իր խոսքով՝ չի ապրել, բայց կամքն այնքան ուժեղ է եղել, որ գրել է այդ ընթացքում «Թիկունքում» գիրքը, որը սիրո և պատերազմի մասին է․

«Ծայրահեղ ծանր վիճակում եմ գրել գիրքը, ընթացքում ուշաթափվել եմ։ Մի նախադասություն գրել եմ, հետո՝ ժամերով լացել, մի տարի ամեն անգամ գիրքը բացելուց մահացել եմ ու նորից հետ եմ եկել, բայց վերջապես գրեցի»,- պատմեց Անահիտը։

Հիմա Անահիտի միակ լուսավոր կետը որդին՝ Մոնթեն է, ում համար էլ շարունակում է ապրել։

Վերջում Անահիտը մեջբերում արեց «Թիկունքում» գրքից. «Քեզ չունենալու ցավը նկարագրելու բավարար բառապաշար չկա, նման ցավերի համար բառեր չեն ստեղծվել, նման ցավերը չեն գրվում, նման ցավերից փոշիանում է աշխարհը, ոչնչանում է մարդը, տապալվում է գիտակցությունը, զգում ես անզորությունդ՝ ոչինչ փոխել չկարողանալու քո ոչնչությունը,ուղղակի դադարում ես լինել, շնչում ես բայց չես ապրում ու կա՛ս բայց լինուդ մեջ իմաստ չկա, կա՛ս որովհետև չլինելու տարբերակ չունես»։

Անահիտը հաճախ է ֆեյսբուքում՝ իրենց համատեղ նկարների կողքին մեջբերումներ անում ամուսնու խոսքերից, որոնք այնքաան դաջվել են իր ենթագիտակցության մեջ։

«Ան, երջանկությունը դու ու Մոնթեն եք, գիտես՝ կարանք՝ մենք ապրելու բավարար միջոցներ չունենանք, առանձնանանք մեր տուն ունենանք, ու հնարավոր են օրեր լինեն, որ չոր հաց ու պանրից բացի՝ ոչինչ չունենանք ուտելու, բայց տանը սեր լինի, ուրեմն մենք ամենահարուստն ենք, ամենաերջանիկը: Հիմա մարդիկ սերերն էլ են վաճառում, մարդիկ իրենք էլ են վաճառվում հանուն ամենավատ արժեքների, ամեն ինչ գումարով կարող ես գնել ու վաճառել, բայց եթե երջանկություն չունեցար, ինչիդ է պետք այդ դատարկ առք ու վաճառքը:

Քնարիկ Պետրոսյան

Ֆոտոշարք