Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:26 16-12-2021

Կառավարության նիստում քննարկվել է Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկվա՝ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպմանը՝ ասելով, որ վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման իրենց որոշումը և պայմանավորվածությունը։

«Ուզում եմ ընդգծել, որ երկաթուղին կգործի միջազգայնորեն ընդունված սահմանային և մաքսային կանոնների համաձայն, փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ ՀՀ-ն այս երկաթուղով կապ կստանա դեպի Իրան և ՌԴ, Ադրբեջանը՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»,- ասաց Փաշինյանը և հավելեց․ «Մեր մտադրությունը և ցանկությունն է օր առաջ ունենալ այդ երկաթուղին»։

Այնուհետև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մանրամասնեց, թե որքան գումար է անհրաժեշտ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շինարարության համար: Կառավարության նիստում Քերոբյանն ասաց, որ կան որոշ մանրուքներ, որոնք պետք է հաշվի առնվեն` սկսած ժամանակացույցից և վերջացրած նրանով, թե որ հատվածներում է կառուցվելու երկաթգիծը:

«Գիտեմ, որ շատ քիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի վերանորոգվի Հայաստանից դեպի Իրան անցումը` Երասխի մոտ: Այստեղ ուղղակի մի քանի հարյուր մետրի վերանորոգման խնդիր է: Երկրորդ ավելի խոշոր ներդրումը` Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնումն է, որը արդեն բավականին ծախսատար է, որովհետև նախկին երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվել է և դարձել է ավտոմոբիլային ճանապարհ: Կարծում եմ, որ այնտեղ հստակ նախագիծ չունենք և չունենք մոտավոր գնահատական: Կարծում եմ, որ խնդիրը կարող է լուծվել 200 միլիոն դոլարի սահմաններում: Իսկ ավելի խոշոր ներդրում է պահանջվելու ՀՀ սահմանից մինչև Հորադիզ երկաթգծի կառուցումն է: Այնտեղ ներդրումները բավականին խոշոր են` 1 միլիարդ դոլարից ավելի ներդրում է պահանջվելու»,- ասաց Քերոբյանը:

Այնուհետև ճեպազրույցի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ նախարարությունը չունի դպրոցների տնօրենների նախընտրելի ցուցակ։

Անդրադառնալով դիտարկմանը, թե դպրոցների տնօրենների ընտրության մրցույթներին մասնակցած անձինք նշում են, որ իշխանությունն իր թեկնածուներին է առաջ տանում, արդյո՞ք խնդիր է դրված դպրոցների անցանկալի տնօրեններից ազատվելու, նախարարն արձագանքեց, որ բացարձակապես նման խնդիր չկա։

«Վստահեցնում եմ՝ նախարարությունը չունի իր նախընտրելի տնօրենների ցուցակը, մրցույթներն անցնում են կարգին համաձայն, նախարարությունը անձնավորված մոտեցումներ չունի, հետևում է, որ դպրոցներում որակական առաջընթաց գրանցեն»,-ասաց ԿԳՄՍ նախարարը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել, նախարարն ասաց, որ տեղյակ չէ և միայն հարցից տեղեկացավ այդ մասին․ «Քիչ առաջ ձեզանից իմացա, չեմ տիրապետում փաստական տվյալների, հետևաբար ենթադրության հիման վրա կարծիք հայտնելու ցանկություն չկա»,-ասաց նա։

Ի պատասխան հարցին, որ թեև նոր է տեղեկանում գործընթացից, սակայն որպես երևանցի ինչպես է գնահատում քաղաքապետի աշխատանքը, նախարարը հորդորեց ոլորտային հարցեր տալ՝ նշելով, թե փորձագետ չէ․ «Միայն հարց տալով չէ, հարցը պետք է բովանդակային լինի և կոռեկտ»,- ասաց Դումանյանը՝ նշելով, թե համագործակցության առումով քաղաքապետարանի հետ ոչ մի կոնֆլիկտ չունեն