Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 22:19 14-12-2021

Երասխ-Օրդուբադ երկաթուղի․ ոսկե զարկերա՞կ, թե՞ բարակ թելից կախված Դամոկլյան սուր

Տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու լղոզված խոսակցությունները վերջերս սկսել են որոշակի ուրվագծեր ստանալ։ Մի փոքր ավելի մանրամասն ուսումնասիրելուց հետո, սակայն, ավելի պարզ է դառնում, որ դրանք է՛լ ավելի լղոզված են, քան դրանց նախորդող կենացները։

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերագործարկվելու է Երասխ-Օրդուբադ երկաթուղին, որը հետագայում Հորադիզով ու Բաքվով մեզ կապելու է Ռուսաստանի հետ։

Հայտարարությունից հետո իշխանական պատգամավորների դեմքին գրված էր՝ «հալելույա», բայց մինչև այն պահը, երբ հարց հնչեց՝ կա՞ արդյոք որևէ հաշվարկ այդ ենթակառուցվածքի արդյունավետության վերաբերյալ։

Փաշինյանի պատասխանը պարզապես հանճարեղ էր․ «Հաշվարկներ դեռ չկան, մենք հիմնվում ենք մեկ տրամաբանության վրա, չկար երկաթուղի, հիմա կլինի»։

Իսկ հասկանալու համար՝ ինչ երկաթուղու մասին է խոսքը, պետք է հետ գնանք մինչև խորհրդային տարիներ, որպեսզի հասկանանք՝ ինչքանո՞վ է մեզ ձեռնտու տվյալ երկաթուղու վերագործարկումնը, ու այն վերագործարկել ընդհանրապես հնարավո՞ր է, թե՞ ոչ։

Նախ պետք է հասկանալ, սա տնտեսական քա՞յլ է, թե՞ զուտ քաղաքական ժեստ։ Ըստ տնտեսագետ Հայկ Մնացականյանի՝ դա հասկանալու համար պետք է լինեն հաշվարկներ, որոնք կամ չկան, կամ պարզապես հրապարակված չեն։ Առանց այդ հաշվարկների տնտեսական գնահատական տալ հնարավոր չէ։

«Ցանկացած նախագծի, ենթակառուցվածքի գործարկման կամ վերագործարկման մասին խոսելիս պետք է հաշվի առնել մեկ կարևոր հանգամանք, դրանք պահանջում են կապիտալ ներդրումներ։ Դրանք անելուց առաջ պետք է նախ հասկանալ, թե ինչքան է այդ երկու կետերի մեջ ապրանքաշրջանառությունը կամ այդ ապրանքաշրջանառության պոտենցիալը։ Եթե ստացածդ օգուտը գերազանցում է արածդ ծախսերին, նոր կարելի է խոսել տվյալ նախագծի վերագործարկումից։ Եթե դրանք չկան, անիմաստ է խոսել այդ նախագծի տնտեսական լինելուց»,- Oragir.news-ի հետ զրույցում ասում է տնտեսագետը։

Եթե դիտարկենք Փաշինյանի նշած երթուղու միայն Երասխ-Օրդուբադ հատվածը, ապա խորհրդային ժամանակներում արտաքին ապրանքաշրջանառության շուրջ 70%-ը տեղի էր ունենում հենց այդ երթուղով։ Այսինքն՝ դեպի ԽՍՀՄ արտահանումը կատարվում էր այս հատվածով։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն այստեղ ռեալ տնտեսական հնարավորություններ տեսնում է, թեև պետք է հաշվի առնել շատ մանրուքներ։

Օրինակ՝ այն հանգամանքը, որը անկախությունից ի վեր այս երկաթուղու որոշ հատվածներ ապամոնտաժվել են, շարքից դուրս են եկել և այլն։ Այսինքն` գործուն վիճակի բերելու համար լուրջ կապիտալ ներդրումներ են անհրաժեշտ։

«Սա մեզ հնարավորություն կտա Ջուղայով միանալ Իրանի երկաթուղուն։ Եթե հաշվի առնենք, որ Իրանի հետ գործող երկաթուղի չունենք, սա կարող է ձեռնտու լինել»,- կարծում է Սուրեն Պարսյանը։

Մեկ այլ կարևոր հանգամանք էլ կա, որը, մեծ հաշվով, մեզանից չի կախված։ Եթե Իրանին հաջողվի կարգավորել հարաբերությունները Եվրոպայի հետ, այս երկաթուղին կարող է դառնալ այն հրաշագործ զարկերակը, որը «Ծոցի երկրները» կկապի «Հին աշխարհի» հետ, և այդ միջանցքը կդառնա հենց Հայաստանի Հանրապետությունը։

Ըստ Պարսյանի՝ ամենամեծ օգուտը կարող ենք քաղել իրերի հենց նման դասավորության դեպքում։ Արևելք-Արևմուտք կապի դեպքում սա չի աշխատի, քանի որ կան արդեն գործող ու ավելի հարմար երթուղիներ, որից մեկը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին է։

Սրանք ենթադրություններ են ընդամենը Փաշինյանի հայտարարած երթուղու մի մասի վերաբերյալ։ Սակայն երբ դիտարկում ենք ամբողջ երթուղին, որի մեջ մտնում էր Մեղրիով Հորադիզ, հետո Բաքու ու Ռուսաստան հատվածը, պարզ է դառնում, որ կառավարությունն անգամ մոտավոր գաղափար չունի՝ ինչի մասին է խոսում։

Նախ՝ Մեղրի-Հորադիզ հատվածում երկաթուղի վաղուց արդեն չկա։ Դրա մեծ մասն ապամոնտաժվել է, մի մասն էլ Խուդաֆերինի ջրամբարի գործարկումից հետո անցել է ջրի տակ։

Այս հատվածով երկաթուղի գործարկելու համար անհրաժեշտ է զրոյից երկաթգիծ կառուցել, որի համար անհրաժեշտ են հսկայական ներդրումներ։ Ու մոտակա առնվազն 5 տարում դա անել ֆիզիկապես հնարավոր չի լինի։

Սրան էլ պետք է գումարել մեկ այլ, շատ ավելի կարևոր հանգամանք, ինչի մասին կարծես թե բոլորը մոռացել են։ Խոսքը Հորադիզում ու Ջրականում ահաբեկչական խմբավորումների առկայությունն է, որոնք ոչ մի տեղ չեն անհետացել։ Տարբեր կազմակերպություններ ու լրագրողներ մեկ անգամ չէ, որ փաստել են, որ պատերազմից հետո Ալիևն այս երկու հատվածում ահաբեկչական զորամասեր է կառուցել, որտեղ տեղակայվել են Սիրիայից բերված վարձկանները։

Տնտեսագետը փաստում է, որ եթե Փաշինյանի նպատակը Ռուսաստանի հետ երկաթուղային ուղիղ կապն է, դրա համար կարող է դիտարկվել Ղազախի երկաթուղին, որն ավելի ձեռնտու է, ճանապարհն էլ ավելի կարճ է։

«Եթե սա գործարկվի, տնտեսական օգուտները մեծ կլինեն, քանի որ հիմա չունենք ուղիղ կապ երկաթուղայինի հետ։ Իսկ Փոթիով անցնողն էլ թանկ է նստում։ Այս դեպքում ավտոճանապարհը մի քանի անգամ ավելի էժան է նստում»,- ընդգծում է Սուրեն Պարսյանը։

Բայց այստեղ որոշակի իրավական հարցեր էլ են առաջ գալիս։ Հարկման ի՞նչ մեխանիզմ է գործելու, ովքե՞ր են անելու կապիտալ ներդրումները, ո՞ւմ միջոցներով է շինարարությունը տեղի ունենալու։ Ադրբեջանն ԱՊՀ անդամ է, բայց չի անդամակցում ԵԱՏՄ-ին, Հայաստանը անդամակցում է երկուսին էլ։ Մաքսային ինչպիսի՞ տարբերակ պետք է գործի։ Ըստ տնտեսագետի՝ սրանք խորքային հաշվարկներ ու ուսումնասիրություններ են պահանջում, որոնց համար կարող են տարիներ պետք լինել, այնպես որ պետք չէ հուսալ, որ եթե նույնիսկ հենց վաղը փաստաթուղթը ստորագրվի, այն մոտ ժամանակներս գործարկվելու է։

Մեկ այլ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը չցանկացավ մասնագիտական նույնիսկ մոտավոր կարծիք հայտնել․

«Այս իրավիճակում դա ուղղակի անթույլատրելի է։ Երբ երկրիդ տարածքից մարդկանց են առևանգում, երբ կրակում գրեթե ամեն օր, նոր գերիներ են վերցնում, ինչպե՞ս կարելի է մտածել անգամ երկաթուղի կամ մեկ այլ ենթակառուցվածք գործարկելու մասին։ Ի՞նչ տնտեսական օգուտի մասին է խոսքը։ Եկեք չմոռանանք նախկին, թեկուզ «եղբայրական» կոչվող ժամանակները, երբ հենց Նախիջևանում հայկական գնացքը դիմավորում էին քարերով։ Այդ ժամանակ դեռ ոչ մի «Արցախյան հարց» չկար»,- նշեց Թաթուլ Մանասերյանը։

Իսկ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարում, որտեղ երկար դադարից հետո բավականին սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նա Ալիևին մեղադրում է տարածաշրջանային ենթակառուցվածքները ապաշրջափակելու գործընթացը տապալելու մեջ։ Ըստ նրա՝ Ալիևը Լաչինի միջանցքը դիտարկում է այդ ապաշրջափակումների համատեքստում։

Իսկ մինչև կառավարության գործը փորձում են անել տնտեսագետները, տարատեսակ հաշվարկներով ու ենթադրություններով, կառավարությունում արդեն մտածում են երկու երկրների համատեղ գործակցության ու երկու ժողովուրդների խաղաղ համակեցության մասին՝ սահմանից լսվող կրակոցների խուլ սուլոցների ներքո։

Աղվան Ասոյան