Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վաղը նախ երկկողմ հանդիպումներ կանցկացնի Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։ Իսկ երեկոյան էլ նրանց հետ եռակողմ հանդիպում է անցկացնելու։ Թե ի՞նչ սպասենք բրյուսելյան հանդիպումից և ի՞նչ կտա մեզ այդ հանդիպումը, թեմայի շուրջ Oragir.news-ի հետ զրուցել է քաղաքագետ Դավիթ Ստեփայնանը։
Ըստ քաղաքագետի՝ ցանկացած դեպքում այդ հանդիպումը մեզ ձեռնտու է, միանշանակ: Ռուսաստանի դեպքում չի աշխատում շատ հասարակ պատճառով՝ Ռուսաստանը միջնորդ չէ, նա պրոադրբեջանական քաղաքականություն է վարում, տարբերությունը սա է, իսկ Շառլ Միշելն իսկապես միջնորդ է։ Նրա դիրքորոշումը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նկատմամբ նորմալ է, միգուցե Հայաստանի նկատմամբ մի փոքր ավելի լավ է, քանի որ մեզ մոտ ժողովրդավարություն կա:
«Դրական եմ համարում, որ Եվրոպան ավելի ակտիվ ու ուշադիր է մեր նկատմամբ, քանի որ առաջին ու գլխավոր խնդիրը, որը կդրվի Բրյուսելում, այն կլինի, որ կողմերն առանց ուժի կիրառման լուծեն իրենց հարցերը: Չգիտեմ՝ որ հարցերը կառանձնացվեն, դա կարող է լինել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դելիմիտացիան կամ դեմարկացիան, բայց նշանակություն չունի, Շառլ Միշելն այդ հարցը կդնի Հայաստանի ու Ադրբեջանի առջև, որ պետք է խաղաղ ճանապարհով լուծվեն առկա հարցերը»։
Ըստ մեր զրուցակցի՝ դա ավտոմատ բխում է մեր շահերից, որ հարցերի լուծման համար ուժ չի կիրառվի: Եթե Ալիևը գնում է հանդիպման Շառլ Միշելի հետ, պարզ է, որ հասկանում է, որ դա լուրջ բան է, ու չի կարող հետագայում հրաժարվել այդ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից: Բացի այս, պարզ է, որ Շառլ Միշելը կքննարկի համագործակցության հնարավորություններ տարածաշրջանում, ճանապարհների ապաշրջափակման հարցեր: Շառլ Միշելը կառաջարկի կողմերին դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված փորձագիտական ու տեխնիկական աջակցություն: Պուտինի կամ Ռուսաստանի պարագայում այլ է, քանի որ Ռուսաստանը չի էլ թաքցնում, որ կոշտ պրոադրբեջանական քաղաքականություն է վարում:
Ի վերջո, երբ «միջնորդը» Ռուսաստանն է, Ալիևը շատ լավ հասկանում է, որ ինչ ուզի, կարող է անել, իսկ այստեղ նման բան չի կարող լինել, նա գիտի, որ Եվրամիությունը ռեալ միջնորդ է՝ ի տարբերություն Ռուսաստանի: Ինչքան էլ Վլադիմիր Պուտինը հայտարարի, որ միայն իրենք այդ քարտեզներն ունեն, այնուամենայնիվ, բոլորն էլ հասկանում են, որ դա այդպես չէ: Բայց ՌԴ-ն նաև հայտարարել է, որ դեմ չէ Մինսկի խմբի աշխատանքների Բրյուսելի այս հանդիպմանը, քանի որ հասկանում է, որ բոլոր ուղղություններով պայքարել անհնար է՝ Ուկրաինայում, Սիրիայում և այլուր:
Շատ դժվար է բոլոր հարցերում դուրս գալ միջազգային խաղի կանոնների դեմ, նույն Ռուսաստանը չի՞ կարող ասել․ «չէ, ոնց ուզում եմ, այդպես էլ պետք է գծվեն սահմանները, կան միջազգային խաղի կանոններ, որոնք ուզած-չուզած պետք է հաշվի առնվեն»:
Բացի այդ, այն քննադատությունները, որոնք կան վերջին շրջանում Հայաստանում Ռուսաստանի դեմ, ստիպում են վերջինիս մի քիչ զգուշավոր լինել ու զերծ մնալ բացահայտ հակահայկական քաղաքականությունից: Պարզ է, որ գոնե Հարավային Կովկասում Եվրամիությունը, ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ ինչ-որ երկխոսություն ունեն, ու ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կուզենա այս հնարավորությունը կորցնել: Հետևաբար Ռուսաստանը դեմ չէ այս հանդիպումներին, իսկ եթե դեմ չէ, Ալիևն ուզած-չուզած կընդունի առաջարկվող տեխնիկական աջակցությունը:
Քաղաքագետի խոսքով, հանդիպումը ոչ այնքան արդյունավետ է, ու երբ ասում է դրական է, նկատի չունի, թե ինչ-որ փաստաթուղթ կստորագրեն: Այն առումով է արդյունավետ համարում, որ Եվրամիության նախագահի հետ հանդիպումները ավտոմատ դրական են մեզ համար լինելու, լուրջ մեխանիզմ կլինի Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար:
«Եթե հանդիպումը կայանա, իսկ ես հույս ունեմ, որ այն չի տապալվի, ապա Ալիևը շատ լավ հասկանում է, որ դրանից հետո, եթե ինքը կոշտ քաղաքականություն վարի Հայաստանի դեմ, իր նկատմամբ կսկսվի պատժամիջոցային քաղաքականություն, ինչից Ադրբեջանը սարսափելի վախենում է: Հետևաբար, այս հանդիպումները մեզ պետք են ոչ թե նրա համար, որ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, այլ նրա համար, որ այս միջոցով մասամբ կզսպվի Ադրբեջանի ախորժակը: Պետք չէ մեծ հույսեր ունենալ բրյուսելյան հանդիպումից, բայց որ այն օգտակար կլինի մեզ համար, միանշանակ է»,- եզրափակեց նա։