copy image url
Միտք 2 տարի առաջ - 22:17 05-12-2021

Շաֆաքի տեսահրապարակախոսության ու արձակի համադրումը՝ որպես նոր մոտեցում

Բրիտանական «The Guardian» պարբերականը հայտնել է գրականության ոլորտում Միացյալ Թագավորության գրական հեղինակավոր մրցանակներից մեկի՝ «2021 Costa Book Award»-ի արդյունքները, ըստ որի՝ հետմոդեռնիստական արձակի խոշորագույն ներկայացուցիչ, թուրքական ծագմամբ Էլիֆ Շաֆաքի վերջին՝ «The Island of Missing Trees» (թարգմանաբար՝ «Անհետ կորած ծառերի կղզին») վեպը հայտնվել է «Տարվա վեպ» անվանակարգի կարճ ցուցակում։ Այս տարի սա արդեն Շաֆաքի երկրորդ խոշոր հաջողությունն է․ սեպտեմբերին արձակագիրը համաշխարհային գրականության նորարարական լուծումների հարցում ունեցած նշանակալի ավանդի համար արժանացել էր Հալլդոր Լաքսնեսսի անվան միջազգային գրական մրցանակին՝ դափնին անձամբ ստանալով Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտտիրից։

Արևմուտքում (հատկապես՝ Մեծ Բրիտանիայում) գերակա է այն տրամադրությունը, որ Շաֆաքն ընթանում է հոսանքին հակառակ՝ ջանք չխնայելով, որ գրական քառուղիներում անխուսափելիորեն հատվեն Արևմուտքն ու Մերձավոր Արևելքը։ Արձակագրի հայրենիքում՝ Թուրքիայում, տարածված է այն կարծիքը, որ Շաֆաքի ստեղծագործություններում հակաթուրքական շեշտադրումներ կան, և դա է պատճառը, որ Արևմուտքը մեծարում է նրան։ Իհարկե, հայկական թեմատիկայի, քրդական ինքնության, փոքրամասնությունների իրավունքների, ամբոխահաճո դեմագոգիայի հաշվին քաղաքական պաշտոն զբաղեցնող գործիչների քննադատությամբ և համընդհանուր համերաշխության ու հայտարարի փնտրտուքի հետմոդեռնիստական ազդեցիկ արձակով Շաֆաքը չի կարող չվաստակել թուրքական իշխանությունների քամահրանքն ու ատելությունը, բայց «մերժված և չընդունված» գրողի դատարկ պիտակը չէ, որ պետք է ապահովի Շաֆաք-մտավորականի վաստակն ու փիառը։ Անշուշտ, Շաֆաքն արդի հեղինակ է, ինչը ենթադրում է մտավորականին ծառայող արդի գործիքակազմի օգտագործում՝ հիմնված սոցիալական մեդիայի թիրախային լսարանի կառավարման, կոմերցիայի և գովազդի վրա, բայց Շաֆաքը նորարար է, և հենց նոր խոսքը, ասելիքն ու մոտեցումներն են նրա հաջողության գրավականը։ Որպես օրինակ՝ Շաֆաքը թողարկել է յություբյան նոր ալիք՝ «Ասա՛ քո բառը» («Say your word»)՝ նվիրված իր աշխատությունների և աշխարհայացքի կենտրոնական թեմաներին և բանալի բառերին։ Այս մեթոդաբանությամբ ընթերցողն ու գրաքննադատը հնարավորություն ունեն ոչ միայն համապարփակ պատկերացում կազմել Շաֆաքի աշխարհըմբռնման մասին, այլև խուսափել հնարավոր տարընթերցումներից։ Սա գրականության մեջ հեղափոխական մոտեցում է, քանի որ Շաֆաքի ալիքի բացումից հետո բազմաթիվ գրականագետների շաֆաքագիտական հոդվածներ կորցրել են իրենց ճշմարտացիությունն ու հավաստիությունը, հետևապես նաև՝ գիտականությունը։ Երկրորդ՝ ընտրված բոլոր թեմաներն ու առանցքային բառերը միտված են ստեղծելու Շաֆաքի՝ որպես մոտիվացնող խոսքի հռետորի կերպարը։

«Ինքնություն» (Identity). Շաֆաքը քննության է առնում այն հարցը, թե ինչու է հենց հիմա այդքան գերակա դարձել ինքնության խնդիրը՝ հարցին մոտենալով Մարգարեթ Միդի մեկնաբանության դիտանկյունից, այն է՝ ինքնության խնդիրն ի հայտ է գալիս, երբ կա այն կորցնելու վախ։ Շաֆաքն ավելի հեռուն է գնում՝ նշելով, որ ինքնությունը չի կարող լինել ֆիքսված կամ հոմոգեն։ Փորձելով հիմնավորել ստատիկ ինքնության բացակայությունը՝ հեղինակը կիսվում է իր անձնական պատմությամբ։ Նշելով, որ ծնվել է Ֆրանսիայում, ապա ապրել Թուրքիայում, Իսպանիայում, Միացյալ Նահանգներում և Միացյալ Թագավորությունում, միևնույն է, իրեն համարում է «Պատմությունների երկրի թագավորության» («Kingdom of Storyland») քաղաքացի, որտեղ բացակայում են սահմանային փշալարերն ու անձնագրային անցակետերը։ Շաֆաքի համար ինքնության նույնականացման համար կենտրոնական է հարցը, թե «Որտեղի՞ց ես դու», իսկ ինքնության կողմնորոշման տեսանկյունից այս հարցադրման պատասխանը հստակ է՝ սերում է բազմաթիվ քաղաքներից և մշակույթներից, հոգնակիից ու բազմազանից, բայց միևնույն պահին նաև՝ ավերակներից, մնացորդներից, լռությունից ու պատմությունների մոռացություններից։ Քանի որ, ըստ Շաֆաքի, «Որտեղի՞ց ես դու» հարցը մեզ տալիս են որպես հարցաթերթի հարց ու թողնում մեկ բառի համար նախատեսված բացակ, գուցե պատասխանի «Թուրքիայից», որը, սակայն, չի բավարարի, որովհետև կհետևի հարցադրողի պատասխանը՝ «Այո, ես դա զգացի քո առոգանությունից»։ Ըստ Շաֆաքի՝ սա այն մեկնակետն է, որին հաջորդում է հայրենիքից դուրս մեր նոր ինքնության կերտումը՝ հիմնված առոգանության եղանակի վրա, մինչդեռ անհանդուրժելի է, որ առոգանությունը որոշիչ և գերակա դառնա մարդու տեսակային ինքնության նկատմամբ։ Հեղինակի կարծքիքով՝ առոգանության խնդիր ունի ոչ միայն գաղթականը կամ օտարերկրացին, այլև բնիկը՝ անկախ այն հանգամանքից՝ այցելել է երբևէ կյանքում որևէ այլ տեղ, թե ոչ։ Ավելին՝ յուրաքանչյուրն օժտված է բաղադրյալությամբ, իսկ մեր օրերում ինքնության ճգնաժամի մեծագույն խնդիրն այն է, որ մեզանում բացակայում է խիզախությունը՝ խոսելու մեր ներքին բաղադրյալության մասին, քանի որ մեզ հրում ու գցում են արկղերի կամ ցեղերի միջև և հայտնում, որ պետք է մնանք և պատկանենք այդ ցեղերին։ Որպես օրինակ՝ Շաֆաքը թուրք է, սակայն բազմապիսի ընդհանրություններ ունի Բալկանների, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի արժեքների հետ։ Շտապելով պատասխանել քննադատներին՝ Շաֆաքը նշում է, որ ասվածը չի նշանակում, թե ինքը սավառնում է օդում, պարզապես եթե մարդը բազմատարր պատկանելություն ունի, կարող է մտածել և հոգ տանել ոչ միայն տեղի կամ շրջանի, այլև աշխարհի մասին, որովհետև հիշել քո նախապապերին դեռևս չի նշանակում մոռացության մատնել ուրիշի ցավը։ Ամփոփելով իր միտքը՝ Շաֆաքը հավելում է, որ ինքնության արդի հիմնախնդրի գլխավոր պատճառն այն է, որ մենք ստեղծել ենք կայուն և հոմոգեն ինքնության պատրանք, հետևապես, ինքնության ճգնաժամը կարող ենք հաղթահարել բացառապես այն դեպքում, երբ ի վերջո գիտակցենք, որ բազմաշերտ ու բազմաբովանդակ ինքնություն ունեն։

«Քած» (Bitch). Տալով բառի նախասկզբնական նշանակությունը՝ Շաֆաքը հանգում է այն եզրակացության, որ մեր օրերում քածը դարձել և կանանց դեմ գործածվում է որպես զենք։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն կենցաղային հարաբերություններին, այլև որոշումների ընդունման գործընթացներում ներգրավված հասարա-քաղաքական շրջանակներին։ Այս համատեքստում Շաֆաքը որպես օրինակ բերում և հիշեցնում է Միացյալ Նահանգների 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավը, երբ Աշբերնում (Վիրջինյայի նահանգ) Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հրավիրած հանրահավաքի ընթացքում դպրոցահասակ մի տղա բացականչեց, թե հեռացնել է պետք այդ քածին («take the bitch down», ընդ որում, անգլերենում այս դարձվածքային բայը նշանակում է նաև ավերել, կուլ տալ, ստորացնել)՝ ակնհայտորեն նկատի ունենալով Թրամփի հակառակորդ Հիլարի Քլինթոնին։ Ըստ Շաֆաքի՝ բառն ինքնին չի կարող լինել վիրավորական այնքան ժամանակ, քանի դեռ այդ բառի ներքո չի դրվում բացասական ենթատեքստ կամ պատմական փորձառություն։ Որպես օրինակ՝ ամենևին պատահական չէ, որ 1915 թվականից քածը ձեռք բերեց բացասական նշանակություն, և եթե 1913-ին այն չուներ բացասական հարիմաստություն (կոննոտացիա), ապա 2 տարի անց իրադարձությունների զարգացումը կտրուկ փոփոխության ենթարկվեց, որովհետև 1-ին համաշխարհային պատերազմից հետո փոխվեցին գենդերային դերերը։ Մասնավորապես՝ կանայք սկսեցին հայտնվել հանրային վայրերում, ձեռք բերեցին աշխատանքային իրավունք՝ արժանանալով պահպանողական շրջանակների (հատկապես՝ տղամարդկանց) դժգոհությանը, որոնք դեմ էին սոցիալական դերաբաշխման տրանզիցիային և կանանց էմանսիպացիային։ Ավելին, ժարգոնում ի հայտ եկավ «to bitch about something or someone» (հայերենում մոտ է «քածի պես պահել» գռեհկաբանությանը) դարձվածքային բայը, որը գործածվում է՝ նկարագրելու այն կնոջը, ով գանգատվում է, դժգոհում, փնթփնթում կամ քննդատում։ Սա այն դեպքում, երբ նույն քած բառը տղամարդու պարագայում կարող է գործածվել վերջինիս գերակա կամ գերիշխող դիրքը բնութագրելիս։ Ըստ Շաֆաքի՝ գենդերային այս սոցդերաբաշխման բացը կրթության բացն է։ Մտավորականը բերում է Թուրքիայի և, առհասարակ, Մերձավոր Արևելքի հանրակրթական դպրոցների օրինակները․ 6-8 տարեկան երեխաներն առավել վառ երևակայությամբ են օժտված, աղջիկներն առավել համարձակ ու խիզախ են, քան տղաները, բայց, անկախ սեռերից, էական թիվ են կազմում այն դպրոցահասակները, ովքեր ունեն արձակագիր կամ մտավորական դառնալու ցանկություն, մինչդեռ միջնակարգ դպրոցում արդեն չենք գտնի աշակերտների, ովքեր ցանկանում են բանաստեղծ կամ գրող դառնալ, փոխարենը կնկատենք վախկոտ ու քաշված աղջիկների, որովհետև նրանց ոչ թե հեզություն են դաստիարակում, այլ սովորեցնում են կորցնել ինքնավստահությունը՝ որպես արդյունք ժամանակի ընթացքում թույլ տալով, որ քածը դառնա գործածական ու, որ առավել սոսկալի է, վիրավորական։ Հետևապես, ամենևին զարմանալի չէ, որ Շաֆաքը հղում է կատարում ամերիկացի լրագրող Գլորիա Ստայնեմին՝ նշելով, որ քածը վերաիմաստավորելու համար «Դու քած ես» արտահայտությանը պետք է պատասխանել՝ «Շնորհակալ եմ»՝ կոտրելով վիրավորողի տրամադրվածությունն ու բառի բացասական երանգի աստիճանը, քանի որ եթե հնարավոր չէ բառը կարճ ժամանակում դուրս մղել գործածությունից, ապա լիարժեքորեն հնարավոր է փոխել կամ վերափոխել դրա իմաստն ու գործածության շրջանակը։ Ֆեմինիզմի, գենդերային դերերի և կրթության անմխիթար վիճակին է նվիրված նաև Շաֆաքի «Կեղտոտ» (Dirty) տեսահրապարակախոսությունը՝ ի նշան բողոքի այն լեզվաբանների, ովքեր բառահոդվածում կեղտոտ են որակել այն կանանց, ովքեր գտնվում են դաշտանային ցիկլում կամ զբաղվում են ձեռնաշարժությամբ (մաստուրբացիա): Չէ՞ որ բնությամբ, և ոչ թե սեփական ցանկությամբ է պայմանավորված դաշտանը, կամ արդյո՞ք տղամարդիկ չեն զբաղվում մաստուրբացիայով։ Շաֆաքն, անշուշտ, նկատի ունի, որ ոչ թե տղամարդուն ևս պետք է ընդգրկել կեղտոտ բառի բառահոդվածում, այլ պարզապես պետք է թույլ չտալ, որ փողոցային լեզուն և մշակույթը՝ հիմնված խտրականության և ատելության վրա, մուտք գործեն կրթություն և գիտություն՝ դաստիարակելով այդ մշակույթը չկրող սերունդների։