Թուրքական պետական մեդիահոլդինգի Հետազոտությունների կենտրոնը հրատարակել է հակահայկական ուսումնասիրություն
copy image url

Թուրքական պետական մեդիահոլդինգի Հետազոտությունների կենտրոնը հրատարակել է հակահայկական ուսումնասիրություն

Արտաքին 3 տարի առաջ - 14:11 02-12-2021

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության Հետազոտությունների կենտրոնը (TRT World Araştırma Merkezi) հրատարակել է «Ղարաբաղյան գամբիտ. պատասխանատվություն ապագայի համար» խորագրով գիրք, որը, ըստ հեղինակների, նվիրված է Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած Արցախյան 2-րդ պատերազմի և Հարավային Կովկասի համար ստեղծած հետևանքների «խորաթափանց» ուսումնասիրությանը: Գրքի խմբագիրներ են հետազոտողներ Թուրան Գաֆարլըն և Մայքլը Առնոլդը, ուսումնասիրությունը բաղկացած է 12 գլխից, գրվել են ընդհանուր առմամբ 14 մասնագետների կողմից, որոնցից մեկը հայ է՝ Ռիչարդ Կիրակոսյանը:

Ներածությունում Թուրան Գաֆարլըն ներկայացնում է Արցախյան պատերազմի ընդհանուր պատկերը և այն սկզբունքները, թե ինչպես է գիրքը բաժանվել գլուխների՝ փորձելով ցույց տալ տեսակետների բազմազանությունը՝ հիմնված ապագա սերունդների հանդեպ ունեցած պատասխանատվության ընդհանուր զգացման վրա:

«Ղարաբաղ. գաղութացում, բռնազավթում և ազատագրում» գլխում Պատրիկ Ուոլշը կենտրոնանում է տարածաշրջանի պատմության և հակամարտության վրա։ Նա անդրադառնում է Հարավային Կովկասի ժողովրդագրական փոփոխությունների առանցքային տարրերին՝ ներկայացնելով տեղի ունեցող զարգացումների ժամանակագրական պատմությունը։

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի իրավական հեռանկարները. ուժի կիրառումը, ինքնորոշումը և կարգավիճակն ըստ միջազգային իրավունքի» գլխում Բերնհարդ Նոլ-Թյուդորը և Դանիել Մյուլլերը մանրամասն անդրադառնում են Երևանի և Բաքվի հակամարտության իրավական խնդրների ուսումնասիրությանը:

«Երկար ճանապարհ դեպի խաղաղություն. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների տեսական վերլուծություն» գլխում Նազրին Գադիմովան գնահատում է երկու կողմերի (Ադրբեջանի և Հայաստանի) խաղաղության և վստահության ամրապնդման ջանքերի անհրաժեշտությունը։

«Երբ մեռնում է ճշմարտությունը. քարոզչություն ղարաբաղյան հակամարտության ժամանակ» գլխում Անար Վալիևը և Նարգիզ Գաֆարովան ուսումնասիրում են փափուկ ուժի և տեղեկատվական պատերազմի դերը 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում՝ ներառյալ ավանդական և սոցիալական լրատվամիջոցներում տեղ գտած կեղծ լուրերը:

«Պատերազմի ձգան. Էներգիան 2020 թվականի Հայաստան-Ադրբեջան պատերազմում» գլխում Բրենդա Շաֆերն առաջարկում է իր արժեքավոր փորձը՝ հաշվի առնելով թե՛ բուն պատերազմում էներգայի՝ որպես ամենակարևոր ասպեկտներից մեկի գործոնը, թե՛ տարածաշրջանում տնտեսական ընդհանուր պատկերի վերլուծությունը։

«Թուրքիան և 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմը. «Մեկ ազգ, երկու պետությունների քաղաքականությունն ամբողջ թափով» գլխում Հասան Ունալը անդրադառնում է տարածաշրջանում Անկարայի շահերին և ուսումնասիրում է Թուրքիայի հռետորաբանությունն ու տարիների ընթացքում հակամարտության հարցում որդեգրած մոտեցումները։

«Ռուսաստանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. զարգացումներ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ և հետո» գլխում Ստանիսլավ Պրիտչինն ընդգծում է Ղարաբաղի նշանակությունը Ռուսաստանի համար և թե ինչպես է Մոսկվան կառուցում իր հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ՝ ելնելով հակամարտության գործոնից։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և Վրաստանի աշխարհաքաղաքական զարգացող դիրքը» գլխում Էմիլ Ավդալիանին լույս է սփռում Վրաստանի առաջնային դերի վրա՝ ղարաբաղյան հակամարտությունից առաջ և դրա ընթացքում։ Նա գնահատում է Թբիլիսիի հնարավորությունը՝ դառնալու տարածաշրջանային միջնորդ։

«ԱՄՆ-ը և Ղարաբաղյան երկրորդ պատերազմը» գլխում Լյուք Քոֆին ուսումնասիրում է հայ-ադրբեջանական հակամարտության պատերազմական փուլում ամերիկյան սահմանափակ ներգրավվածության պատճառները:

«Իսրայելի դերը հայ-ադրբեջանական երկրորդ պատերազմում» գլխում Ավինոամ Իդանը և Բրենդա Շաֆերը քննարկում են Իսրայելի և Ադրբեջանի միջև խորացող ռազմավարական կապերը և թե ինչպես է Թել Ավիվը Ղարաբաղյան հակամարտության ժամանակ նյութական աջակցություն ցուցաբերել Բաքվին։

«Ակտիվ, բայց անարդյունավե՞տ. Իրանի ռազմավարությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության հարցում» գլխում Զաուր Գասիմովը քննարկում է Ղարաբաղյան պատերազմի և հետպատերազմյան զարգացումների շուրջ իրանական արձագանքներին՝ օգտագործելով իրանական աղբյուրների և լրատվամիջոցների ծավալուն վերլուծությունները:

«Հայաստանի հրամայականը. հարմարվել նոր իրականությանը» գլխում Ռիչարդ Կիրակոսյանն ներկայացնում է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ներհայաստանյան պատկերը և մանրամասն վերլուծում այն մարտահրավերները, որոնք սպասվում են Երևանին հետհակամարտային տարածաշրջանում:

Գիրքը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝

https://researchcentre.trtworld.com/wp-content/uploads/2021/11/The__Karabakh__Gambit.pdf