Երևան +15°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:56 30-11-2021

Ո՞վ է տեսել ադրբեջանցիների հեռանալը․ Իշխանասարի գյուղապետի բանահյուսական հակումների մասին

Ժամեր առաջ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ ադրբեջանական զորքերը Իշխանասարի հատվածում հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքից։

Oragir.News-ը բոլոր նորմալ լրատվամիջոցների նման փորձեց կապ հաստատել այս տեղեկատվությունը տարածած աղբյուրի՝ Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանի հետ՝ պարզելու, թե ինչ գործողությունների հետևանքով են ադրբեջանցիները հետ քաշվել։

Մեզ հետ զրույցում Մարատ Պետրոսյանը նշեց, որ ցուրտ էր, դրա համար ադրբեջանցի զինծառայողները հետ են գնացել։

Հետաքրքրական է այն, որ Իշխանասար գյուղի վարչական ղեկավարը տարբեր լրատվամիջոցների տարբեր պատասխաններ է տվել։ Առաջինը խոսել էր Factor.am-ի լրագրողի հետ․ «Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ են քաշվել մինչև այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը»։ Սա արդեն մի քիչ տարօրինակ էր, քանի որ կասկածելի է, թե ինչպես է համայնքի ղեկավարն ինքնուրույն ճշգրտել Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի սահմանները։

Մեկ այլ կայքի՝ Civilnet-ի հետ զրույցում Մարատ Պետրոսյանն ասել է, որ հովիվներն են նկատել, որ ադրբեջանցիները հետ են քաշվել Իշխանասարից, սակայն տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել։ Մեկ այլ լրատվական կայքի էլ Իշխանասար գյուղի վարչական ղեկավարն ասել է, որ հենց ինքն է գնացել «վիլիսով ու բինոկլով տեսել»։

Բանահյուսությունից հայտնի է, որ պատումներ՝ տարբերակներ, առաջանում են միայն բանավոր ստեղծագործությունների վերապատմելու ժամանակ, և հաշվի առնեով Մարատ Պետրոսյանի տարբեր մեկնաբանությունները՝ կարելի է ասել, որ Իշխանասարում կատարվող իրադարձությունները հիշեցնում են բանահյուսական ստեղծագործություն։ Հիշեցնենք, որ ադրբեջանական զորքերն այս տարվա մայիսի 12-ից Սյունիքի մարզի ուղղությամբ խորացել էին 3 կմ և զավթել ՀՀ ինքնիշխան տարածք։

Քնարիկ Պետրոսյան