Երևան +18°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:54 29-11-2021

Համաշխարհային զբոսաշրջությունը կվերականգնվի 2023 թվականից ոչ շուտ. ՄԱԿ

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին կարծում է, որ համաշխարհային զբոսաշրջությունը կարող է վերադառնալ կորոնավիրուսի համավարակին նախորդող ցուցանիշներին 2023 թվականից ոչ շուտ: Այս մասին նա հայտարարել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։

Պոլոլիկաշվիլին հստակեցրել է, որ միջազգային զբոսաշրջությունը ամբողջ աշխարհում կորցրել է մեկ միլիարդ ճանապարհորդ՝ իջնելով 30 տարվա վաղեմության մակարդակին։ Միաժամանակ կազմակերպությունը լավատեսորեն է տրամադրված, քանի որ զբոսաշրջությունն արդեն սկսել է վերականգնվել։

«UNWTO-ի փորձագետների խումբը կանխատեսում է շատ դրական վերելք, պայմանավորված հետաձգված ուղևորությունների բարձր պահանջարկով, 2022 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակներում: Այս պահին մենք ոչ մեծ վերականգնում ենք նկատում Հարավային Եվրոպայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տարածաշրջաններում»,- ասել է UNWTO-ի գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքով, փորձագետների 45%-ը վստահ է, որ միջազգային զբոսաշրջությունը 2019-ի մակարդակին կվերադառնա 2024-ին կամ ավելի ուշ, մինչդեռ 43%-ը նշում է, որ վերականգնումը կսկսվի 2023-ին։