Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Սաֆարյանը, իսկ ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունն արդեն դադարել էր։ Թե ինչո՞վ են պայմանավորված սահմանային լարված իրավիճակները, այս ամենը ինչի՞ հետևանք է, և ի վերջո, ստեղծված իրավիճակում ո՞րն է ելքը։
Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց քաղաքագետների հետ։
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «ՀՀ-ում կատարվել է երկու հիմնական պահանջ․ առաջինը՝ սկսել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց՝ ի սկզբանե ընդունելով գործընթացի հիմքում ընկած Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ Խորհրդային Ադրբեջանի 1991 թվականի սահմաններով։ Ինչը նշանակում է Արցախի ճանաչումը Ադրբեջանի մաս։ Երկրորդ պահանջն էլ այն է, որ Ադրբեջանը հնարավորություն ունենա, որ Սյունիքի մարզի տարածքում ավտոմոբիլային և երկաթուղային կապ ստեղծի Նախիջևանի ինքնավար Հանրապետության հետ, ընդ որում առանց հայկական կողմից իրականացվող անձնագրային, մաքսային կամ սահմանային վերահսկողության։ Ադրբեջանն ահա այդ երկու պահանջներն ունի, և շատ հստակ հայտարարում է, որ եթե Հայաստանը չի համաձայնվում կատարել իր պահանջները, ապա ինքը կստիպի, այդ թվում նաև ռազմական ուժի կիրառմամբ, որ ՀՀ-ն իրականացնի այն։ Եվ այն ամենին, ինչին մենք կես տարի է՝ ականատես ենք, նկատի ունեմ մայիսի 13-ին առաջին անգամ, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզ, դրանից հետո տեսանք, որ հուլիսին սրացումներ են գրանցվում, նույն հուլիսի վերջին սրացում եղավ ու նորից Գեղարքունիքի մարզում, որտեղ մի քանի զոհեր ունեցանք։ Եվ իհարկե, դրա գագաթնակետը նոյեմբերի 16-ին էր, ինչպես ասում են, վեցժամյա կամ մեկօրյա պատերազմ էր։ Դա Ադրբեջանի ռազմավարության մի մասն էր, և քանի դեռ իր այդ երկու պահանջները բավարարված չեն, ապա ռազմական ճնշումը շարունակվելու է»,- եզրափակեց նա։
Իսկ քաղաքագետ, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ադրբեջանն ասում է, որ պետք է իր օրակարգերն իրականացվեն, և այդ օրակարգերը Դուք ինձնից լավ գիտեք։ Նրանք դեմարկացիա և դելիմիտացիա ցանկանում են անել իրենց ուզածով ու իրենց քարտեզներով։ Նրանք ուզում են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք բացել։ Ու տեսնում ենք, որ ՀՀ-ն դիմադրում է կիրառվող բոլոր հնարավոր և անհնար ամենավատ միջոցների դեմ։ Նոյեմբերի 16-ին տեսանք, որ այդ միջոցները ոչ միայն կրակոցներ են, այլ նաև գլոբալ ռազմական գործողություններ են ընթանում։ Ադրբեջանը ակնհայտորեն ծանր տեխնիկա օգտագործեց։ Տեսնում ենք դիպուկահարների կրակոցները, և որ ակտիվ աշխատում են նաև դիվանագիտական դաշտում։ Տարածքների վերականգման պրոցեսն օգտագործում են դիվանագիտորեն։ Տարբեր երկրների կազմակերպություններին դիմել են, որ շինարարական աշխատանքներ կատարեն և այլն։ Մեծ աշխատանքներ են տարվում գրեթե բոլոր ոլորտներում՝ այդ թվում նաև կրակոցներ, որոնք կոնկրետ ճնշում են հայկական կողմին»,- ասաց նա։