copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:32 23-11-2021

Եռամսյա վարժական հավաքների մասին օրենքը և Նիկոլ Փաշինյանի նոր հայեցակարգը՝ «ազգ-բարդակ»

Եռամսյա վարժական հավաքների մասին օրենքը դեռևս շարունակում է մնալ e-draft հարթակի ամենաքննարկված ու դեռ քննարկվող նախագծերից մեկը։

Այս նախագիծը, որպես այդպիսին, ուսումնասիրել գործնականում անհնար է մեկ պարզ պատճառով․ «հիմնավորում» բաժինը դատարկ է։ Պաշտպանության նախարարության կայքում չկա ոչ մի, թեկուզ մոտավոր հիմնավորում կամ որևէ հաշվարկ։ Իսկ բոլոր հարցումներին պատասխանում են «պետական գաղտնիք է» տրամաբանությամբ։

Նախագծում ասվում է, որ նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 18-ը մեկնարկում են եռամսյա վարժական հավաքներ՝ պահեստազորի մարտունակությունը բարձրացնելու համար։ Հավաքներին պետք է մասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքայինները, ենթասպայական և սպայական կազմերը։

Խնդիրը պարզ է, նաև՝ տրամաբանական։ Սակայն նախագծից հասկանալ՝ այն կարող է լուծել դրված խնդիրը, թե ոչ, անհնար է։ Ստիպված ենք ուսումնասիրել, թե ինչպես են կատարում այն։

Նման հավաքները սկսեցին երկու ամիս առաջ։ Առաջին հավաքը եղավ սեպտեմբերի 15-ին։ Դրանից մեկ օր առաջ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում տեղեկացրեց, որ խուսափողները կդատապարտվեն մինչև երեք տարվա ազատազրկման։ Ու սա կեսժամանոց հարցազրույցի միակ հստակ ու հասկանալի միտքն էր։ Չնայած մի քանի անգամ հնչած հարցին՝ այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչ է նշանակում «պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված պահեստազորայիններ» ձևակերպումը։ Ովքե՞ր են նրանք, ի՞նչ չափանիշեր են գործում։

Դրանից մոտ մեկ ամիս առաջ, մի քանի անգամ, առաջին էշելոնում գտնվող գրեթե բոլոր պաշտոնյաները՝ սկսած Փաշինյանից, թմբկահարում էին, որ ժամանակն է անցնելու պրոֆեսիոնալ բանակի։ Հետո լուրեր հայտնվեցին, որ սահմանն ամբողջությամբ պահպանելու համար բավարար քանակությամբ զորք չկա, այդ պատճառով էլ սահմանների պաշտպանության համար դիմեցին Ռուսաստանին։

Ընդ որում, վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների պարտականության մեջ է մտնում նաև անհրաժեշտության դեպքում առաջնագծում հերթապահելը։

Ի՞նչ է ստացվում․ ունենք անձնակազմի թվաքանակի լուրջ խնդիր, նրանց նյութապահովման խնդիրներից խոսում են ամեն օր, ու դրան զուգահեռ Կառավարությունը ցանկանում է ավելի կրճատել անձնակազմի քանակն ու անցնել պրոֆեսիոնալ բանակի։ Իսկ սահմաններում անձնակազմի քանակի հարցը ցանկանում է լուծել՝ պահեստազորայիններին զորակոչելով։

Սակայն անգամ այստեղ գրեթե ոչինչ նախապատրաստված չէր, որ գոնե հավաքներն ըստ արժանվույն անցնեն։ Հենց զորահավաքի օրը անձնակազմի մի ստվար մասի պարզապես հետ են ուղարկել։ Պատճառը մեկն է․ Կառավարությունում անգամ մինիմալ հաշվարկ չեն արել, թե զորանոցներն ինչքան հավելյալ անձնակազմ կարող են ընդունել։ Oragir.News-ի տեղեկություններով, հենց առաջին հավաքի ժամանակ Վայոց Ձորում տեղակայված զորամասերից մեկի համար ուղարկել են բավականին մեծ թվով անձնակազմ, սակայն պարզվել է, որ զորամասն ունակ է ընդունել ընդամենը երկու հոգու։ Մնացած անձնակազմը պարզապես, բառի բուն իմաստով, մնացել է դրսում։ Որոշ ժամանակ ավելի մոտ գտնվող զորամասերից մեկում մնալուց հետո անձնակազմին հետ են ուղարկել։ Որոշներին հետ են ուղարկել հենց զինկոմիսարիատներից։

Բողոքում են նաև նրանք, որոնք հասել են զորամասեր ու մասնակցում են հավաքներին։ Մեր տեղեկություններով, չի արվում ոչ մի ներդաշնակեցում։ Այսինքն՝ կան զինծառայողներ, որոնք զորացրվել են մոտ 10 տարի առաջ, իսկ միայն վերջին երեք տարում տեխնոլոգիաներն այնքան են փոխվել, որ մեկ տարվա տարբերության դեպքում անգամ ներդաշնակեցման կարիք կա։ Սակայն անկախ նրանից, թե պահեստազորայինները երբ են զորացրվել, ժամանակակից ծառայության մասին նրանց չեն սովորեցնում գրեթե ոչինչ։ Հավաքների մասնակիցները, ընդհանուր առմամբ, իրավիճակը նկարագրում են որպես «բարդակ»։

Հետևաբար, նախագծի այն պնդումը, որ սա արվում է պահեստազորի մարտունակությունը բարձրացնելու համար, սկսում է կասկածներ առաջացնել ու առաջանում է ավելի հիմնավոր կասկած, որ սրանով փորձում են պարզապես թվաքանակի խնդիր լուծել։

Աղվան Ասոյան