Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի պատճառով սովյալների թիվը կավելանա 18 միլիոնով Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 104-ամյակն է «Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման ենթարկվածը ազատամարտիկ Իգոր Սարգսյանն էր Իրանը Պարսից ծոցում կալանել է հունական երկու նավթային լցանավ Սեւակ Խաչատրյանին եւ ընկերներին մեկուսացրել են, որպեսզի Փաշինյանի դեմ ակցիա չանեն Թուրքիան մտադիր է 2023 թ. առաջին եռամսյակում սպառել Սև ծովի գազը Ադրբեջանը կրակ է բացել, շարքայինը ծանր վիրավորում է ստացել «Սասնա Ծռեր»-ի տղաներին վերադարձնում են բանտ․ փաստաբան Այսօր առավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել է Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան. Փոստանջյան Նախագահի հրամանագրով՝ 115 զինվորականներ պարգևատրվել են
Երևան +23°
Միտք 6 ամիս առաջ - 20:31 18-11-2021

Հայաստանը բացելու է «միջանցքը»

Հայաստանը 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր կորցրել է իր ինքնիշխան տարածքի 41 քառակուսի մետրը, ընդ որում՝ երկրի ամենանեղ՝ 21 կիլոմետրանոց հատվածում։ Այս գործընթացը շարունակվում և շարունակվելու է դեռ երկար ժամանակ․ նախ՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ Նահանգները Հայաստան ներխուժած և Հայաստանի տարածքից հայկական դիրքերի ուղղությամբ բացած կրակի արդյունքում Ադրբեջանի հրահրած լայնամասշտաբ էսկալացիան չեն որակում որպես միջազգային իրավունքի և ՀՀ տարածքային ամբողջականության խախտում, երկրորդ՝ ծավալվող իրադարձությունները համարելով «սահմանային բախում», սահմանազատման և սահմանագծման պարտադրանքով ոչ միայն ստիպում են հրաժարվել Արցախից և ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև հաղորդակցության ուղիների վերաբացման անվան ներքո Ադրբեջանին հանձնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Ընդ որում, եթե Ռուսաստանը «միջանցքն» ընկալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից բխող ապաշրջափակման համատեքստում, ապա Ադրբեջանն այն համարում է 44-օրյա պատերազմում տոնած հաղթանակի կուլմինացիան, որով կարող է ոչ միայն ցամաքային կապ հաստատել անկլավային Նախիջևանի հետ և էապես թոթափել Իրանից ունեցած հաղորդակցական կախվածությունը, այլև անվտանգային խնդիրներ ստեղծել Սյունիքում՝ վերջնականապես թաղելով հայկական կողմի հնարավոր հավակնություններն ու ռազմաքաղաքական իմունիտետի վերականգնման հնարավորությունները։ Այս հարցում Ադրբեջանը ոչ միայն օգտվում է ռուսական կողմի որդեգրած հարավկովկասյան քաղաքականությունից, որն առաջնորդվում է ոչ թե հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, այլ չեզոք միջնորդի տրամաբանությամբ, այլև լիարժեքորեն վայելում է պաշտոնական Անկարայի և անձամբ Էրդողանի բացարձակ աջակցությունը։

Հատկանշական է, որ եթե, օրինակ, Հայաստանում կա՛մ առհասարակ փորձում են մերժել «միջանցքի» գաղափարը, կա՛մ զուգահեռ անցկացնել Բերձորի (Լաչին) 5 կմ լայնությամբ միջանցքի հետ, ապա Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» բացումը համարում է Հայաստանի ստանձնած պարտավորությունը, որն, ըստ ադրբեջանական իշխանությունների, բխում է 2 հայտարարությունների դրույթներից, և Բաքուն «լեգիտիմ» իրավունք ունի ուժով պարտադրել Հայաստանին գնալու ցավալի զիջումների, եթե այդ քայլին Երևանը չդիմի բանակցային եղանակով։ Ավելին, եթե հայկական կողմը Բերձորի միջանցքն ընկալում է որպես կյանքի ճանապարհ, որով ապահովվում է արցախահայի կապը մայր Հայաստանի հետ, ապա Ադրբեջանն այս միջանցքը համարում է ժամանակավորապես անվերահսկելի, իսկ ահա դեռևս չբացված «Զանգեզուրի միջանցքը»՝ ենթակա իրավական ամրագրման և զերծ մաքսային որևէ բեռից։ Ռուսական կողմն այն հարցում գրեթե առարկություն չունի և համակարծիք է Ադրբեջանի հետ, քանի որ «միջանցքի» բացմամբ ոչ միայն Հայաստանին կզրկի այլընտրանքներից և հավերժ կպահի կախվածության մեջ, այլև կվերահսկի Ադրբեջանի շարժը՝ քաղաքական նոր կերպափոխումների արդյունքում աշխարհաքաղաքական գործոն դարձած Սյունիքը վերածելով երկրորդ Արցախի։ Բավական է նշել միայն այն փաստը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն անցնելու է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը մի կողմից վերահսկելու է Ադրբեջանին ու Հայաստանին՝ կարճատև դադարից հետո և նոր ձևաչափով վերադառնալով հետխորհրդային Հարավային Կովկաս, մյուս կողմից՝ տրանսպորտային հաղորդակցության հաստատմամբ փորձելու է տնտեսական հարաբերություններում լինել առաջատար թելադրողի դերում՝ Իրանի և Թուրքիայի առևտրային ներգրավումը դարձնելով հնարավորինս կառավարելի, մանավանդ որ գործող Բերձորի և տեսականորեն ստեղծվելիք Զանգեզուրի միջանցքներից զատ, տարածաշրջանով է անցում «Հյուսիս-հարավ» մայրուղին, իսկ Եվրամիության տրամադրած բազմամիլիարդ օգնության հաշվին նախատեսվում է նաև այլընտրանքային թունելային ճանապարհի կառուցում։

Նոր ձևաչափով Հարավային Կովկաս վերադարձող Ռուսաստանի մասին հայ քաղաքագիտական իրականության մեջ 2010 թվականից առաջինը բարձրաձայնել է ՀՀ առաջին նախագահը՝ ՌԴ վերադարձը կապելով արցախյան հարցի հետ, ընդ որում՝ ոչ ի նպաստ հայկական կողմի։ Ներհայաստանյան քաղաքական դաշտում Տեր-Պետրոսյանի հայտարարություններն ընկալվեցին բացառապես ազատագրված տարածքների վերադարձի դիսկուրսում՝ դուրս թողնելով քաղաքագիտական մտքի անկյունաքարային բաղադրիչը, այն է՝ Ռուսաստանը վերադառնալու է Հարավային Կովկաս, իսկ վերադարձի բանալին Արցախի զիջումն է ադրբեջանական կողմին՝ հօգուտ ռուս-ադրբեջանական հարաբերությունների սերտացման, և ի հակակշիռ Բաքվի ինքնիշխանության մակարդակի բարձրացման ու թուրք-ադրբեջանական խորացող կապերի։

Այն, որ «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է, կասկածից վեր է։ Իհարկե, այն կարող է մեծագույն հաջողության դեպքում կոչվել ոչ թե միջանցք, այլ, օրինակ, ուղի, ճանապարհ, անցում, հանգույց կամ ոլորտին առնչվող ինչ-որ այլ անվամբ, սակայն դրանից հաղորդակցության բովանդակությունը որևէ կերպ փոփոխության չի ենթարկվելու։ Եթե անգամ հայկական կողմն առավելագույն ջանքերի գործադրմամբ կարողանա հասնել նրան, որ ապագայում ընդունվող բնագրային փաստաթղթերում նշվի ոչ թե «միջանցք», այլ, օրինակ, «ճանապարհ», միևնույն է, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում մեծագույն ոգևորությամբ գործածելու և շրջանառելու են հենց «Զանգեզուրի միջանցք» հորինված եզրը։ Ընդ որում, դա անելու են ոչ թե սոսկ քարոզչական նկատառումներից դրդված, այլ այն պարզ պատճառով, որ անկախ անվանումից՝ «միջանցքը» կատարելու է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի պայմանը, այն է՝ Հայաստանի Հանրապետությունն ապահովելու է տրանսպորտային հաղորդակցությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Ավելին, ըստ հայտարարության նույն կետի՝ Կողմերի համաձայնությամբ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող տրանսպորտային նոր հաղորդակցությունների կառուցումը։ Իսկ այդ կողմերը 3-ն են, որից առնվազն 2-ը համաձայն են, հետևապես, արտաքին քաղաքականության բոլոր ուղղությունները տապալած հայկական իշխանությունների սեթևեթանքները ոչ միայն անիմաստ են, այլև ազգակործան ու հայասպան։ Ակնհայտ է, որ Թավշյա հեղափոխության իշխանությունները, գիտակցելով, որ ոչինչ չեն կարող փոխել, փորձում են Ադրբեջանի հետ զինված բախումների արդյունքում կրած մարդկային և տարածքային կորուստների հաշվին լեգիտիմացնել «միջանցքի» բացումը, ինչպես պատերազմի միջոցով փորձեցին լեգիտիմացնել Արցախի անկումն ու հանձնումը։ Բայցևայնպես, վարչապետ Փաշինյանի ապարատը ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլև տիրապետելու դեպքում անգամ ոչինչ չէր կարող փոխել, որովհետև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների հետևողական իրականացման երաշխավորը Ռուսաստանն է, որը հաստատակամորեն հանդես է գալիս նոր ուղիների բացման և իր մանևրելու հնարավորությունների ընդլայնման օգտին։

Միջանցքի բացման հարցում Ադրբեջանի միջոցով Հայաստանի վրա հսկայական ճնշում է գործադրում նաև Թուրքիան, որը Ադրբեջանի և, առհասարակ, կենտրոնասիական թյուրքախոս բոլոր պետությունների հետ միջազգային մոտեցումներում ունի հասարաքաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային և, իհարկե, ռազմա-անվտանգային համապարփակ և հավակնոտ օրակարգեր, որոնց իրագործման համար Արցախյան 2-րդ պատերազմում Հայաստանի կրած պարտությունը բացել է հնարավոր բոլոր դռները։ Օգտվելով այն հանգամանքից, որ 44-օրյա արհավիրքի հետևանքով Հայաստանը ոչ միայն սուբյեկտից վերածվել է օբյեկտի՝ փաստացի հայտնվելով ռուսական պրոտեկտորատի ձեռքերում, այլև վերաարտադրել է պատերազմում պարտված իշխանություններին և հռչակել միակողմանի խաղաղության դարաշրջան, Թուրքիան դրդում և շտապեցնում է Ադրբեջանին, որ «կրտսեր եղբայրը» հարմար առիթը բաց չթողնի և Հայաստանից կորզի առավելագույնը։ Ադրբեջանի հրահանգավորումը Էրդողանը կազմակերպել է նոյեմբերի 12-ին Ստամբուլում հրավիրված Թյուրքական խորհրդի 8-րդ գագաթնաժողովում, որի շրջանակներում անվանափոխել է կառույցը՝ կոչելով Թյուրքական պետությունների կազմակերպություն և ընդունել «Թյուրքական աշխարհի տեսլականը մինչև 2040 թվականը» խորագրով հռչակագիրը։ Էրդողանն իր ելույթում բաց տեքստով հայտարարել է, որ թյուրքական հանրապետությունները պետք է կնքեն «Բեռնափոխադրումների համակցված համաձայնագիր», իսկ այդ հարցում էական է ոչ միայն «Միջին միջանցքի» (Թուրքիան կապում է Վրաստանին և Ադրբեջանին, ապա Կասպից ծովով՝ կենտրոնասիական երկրներին), այլև Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցության աշխարհագրական արտերիան։ Իսկ ահա Ադրբեջանի նախագահ Ալիևն իր ելույթում նշել է, որ խորհրդային իշխանությունները 1920-ին Զանգեզուրը կտրել են Ադրբեջանից և հանձնել Հայաստանին՝ այդպիսով խախտելով թյուրքական աշխարհի կապը, մինչդեռ այսօր Ադրբեջանն ակտիվ աշխատանքներ է ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ։ Այսինքն՝ նոր ստատուս քվոյի պայմաններում Արցախի կարգավիճակի հարցը տեղափոխվել է հեռավոր և անորոշ ապագա (ի դեպ, ըստ Բաքվի՝ նման հարց այլևս գոյություն չունի), իսկ բանակցությունների կիզակետում հայտնվել է «միջանցքի» օրակարգը, որի առաջ մղողն ադրբեջանա-թուրքական տանդեմն է և Ռուսաստանը, իսկ գերիների, զոհերի, վիրավորների և աստիճանաբար զիջվող հողի հաշվին ընդդիմացողը՝ Հայաստանը, որին, որպես պարտված երկիր, այդպես էլ չհաջողվեց ձևավորել «միջանցքին» ոտք մեկնող օրակարգ։

Վանատուր Շերենց

թուրքագետ