copy image url
Միտք 2 տարի առաջ - 14:44 16-11-2021

Չհաշվարկված ու բոկոտն․ ԿԳՄՍՆ փորձում է ուսուցիչների բացը լրացնել հեռավարությամբ։ Կոռուպցիոն և այլ ռիսկեր

Չհաշվարկված ու բոկոտն․ ԿԳՄՍՆ փորձում է ուսուցիչների բացը լրացնել հեռավարությամբ։ Կոռուպցիոն և այլ ռիսկեր

Ամեն օր կառավարության E-draft էլեկտրոնային կառավարման համակարգում հրապարակվում են տասնյակ նախագծեր, որոնց գոյության մասին չի իմանում գրեթե ոչ ոք։ Թեև հարթակը նախատեսված է հանրային քննարկումների, նախագծերի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու համար, սակայն այդ ֆունկցիան չի գործում, քանի որ մարդիկ պարզապես չեն մտնում այդ հարթակ։ Մեծ մասը նույնիսկ չգիտի դրա գոյության մասին։ E-draft –ի անտեսման մի ուրիշ պատճառ էլ կա․ հանրային հետաքրքրություն առաջացրած բազմաթիվ նախագծեր (օրինակ՝ Գովազդի մասին կամ Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքներ) բացարձակապես ոչ մի փոփոխության չեն ենթարկվել, քանի որ դա ձեռնտու չի եղել իշխանությանը։

Ամենաթարմ նախագծերից մեկը վերաբերում է կրթության ոլորտին։ Ըստ Կառավարության որոշման նախագծի՝ նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ։ Ըստ որի՝ այն պետք է օգնի Երևանում և մարզերում ուսուցիչների պակասը լրացնելուն։ Այն մարզերում, որտեղ չկա այս կամ այն մասնագետը, մենթոր դպրոցների ուսուցիչները պետք է հեռավար կարգով կազմակերպեն դասընթացը։ Մենթոր դպրոցներն ու ուսուցիչներն ընդունվելու են մրցութային կարգով, բայց մրցույթի գործող չափանիշների, և անցկացման ձևի մասին ոչ մի խոսք չկա։

Ըստ հիմնավորման՝ հիմա շատ դժվար է դարձել ուսուցիչ գտնելը, ոչ ոք չի ցանկանում աշխատանքի անցնել որպես ուսուցիչ ո՛չ մարզերում, ո՛չ Երևանում։

Ըստ էության՝ ԿԳՄՍ նախարարությունը այս նախագծով բողոքում է, որ չի կարողանում գտնել ուսուցիչներ ու փորձում է այդ բացը լրացնել՝ դասապրոցեսը հեռավար դարձնելով, օրինակ՝ Երևանի բնակիչն այս նախագծի ընդունումից հետո կարող է դասավանդել Տավուշի մարզի գյուղերից մեկում՝ առանց փոխելու իր բնակության վայրը և հակառակը։

Մի փոքր խոսենք թվերով։

Հայաստանում այսօր կա ավելի քան 35 հազար ուսուցիչ։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նրանց 45%-ը մեծ է 51 տարեկանից, և միայն 9 %-ն է փոքր 30-ից։

Եթե խնդիրը ուսուցիչների պակասն է, թվում է, թե նախարարությունն առաջին հերթին պետք է մտածեր՝ ինչպես ֆիզիկապես լրացնել այդ բացը, ոչ թե փնտրեր այլընտրանքային եղանակներ։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով, ուսուցիչների պակասի թիվ մեկ պատճառը ցածր աշխատավարձն է։ Ոչ ոք չի ցանկանում դառնալ ուսուցիչ ու աշխատել այդ ոլորտում, քանի ոչ մի մոտիվացիա չկա դպրոցում աշխատանքի անցնելու համար։

Իսկ Dasaran.am կրթական հարթակի հիմնադիր Սուրեն Ալոյանը հավելում է, որ 50 տարուց ավելի ոչինչ չի արվել ուսուցչի համար։ Ու խոսքը միայն աշխատավարձի բարձրացման մասին չէ․ նրանք պաշտպանված չեն օրենքով։

2018-ից հետո ուսուցիչն աստիճանաբար սկսեց արժեզրկվել, հատկապես հրապարակային վերաբերմունքի մի քանի անհարգալից դրսևորումներից հետո, ընդ որում, ամենաբարձր մակարդակներով։ Այսինքն՝ ոչ մի կողմից ոչ մի մոտիվացիա չկա։

Այս ամենին գումարած նախագիծն ինքնին ռիսկային է։ Նախկինում դպրոցում որպես ուսուցիչ աշխատանքի անցնելու համար, ընդ որում, շատ սիմվոլիկ աշխատավարձով, անհրաժեշտ էր վճարել շատ կոնկրետ գումար։ Տարիֆները տատանվում էին՝ կախված դպրոցի աշխարհագրությունից։ Կենտրոն համայնքի դպրոցներում աշխատանքի անցնելու դիմաց վճարվող կաշառքը կազմում էր 2000 դոլար, իսկ ավելի ծայրամասային համայնքներում՝ մինչև 1500 դոլար։ Ամեն դեպքում չորս տարի առաջ հենց այս գնացուցակն էր գործում։

Հիմա այս նախագծով ռիսկ կա, որ նման կոռուպցիոն գործարքները կկենտրոնացվեն։ Արդեն ասացինք, որ նախագծում չի նկարագրվում ոչ մրցույթի անցկացման կարգը, ոչ էլ պայմանները։ Նախագծում չի նկարագրվում նաև, թե ինչ եղանակով են վերահսկելու գործընթացը, որպեսզի խուսափեն հնարավոր կոռուպցիոն սխեմաներից։

Որևէ երաշխիք չկա, որ որևէ պաշտոնյա հեռավոր գյուղերում ապրող իր բարեկամներին այս եղանակով հնարավորություն չի ընձեռի մայրաքաղաքում դասավանդելու, քանի որ եթե Երևանում ապրողի համար աշխատավարձը կարող է ցածր թվալ, ապա սահմանամերձ գյուղերում այդ գումարը կարող է լրիվ բավարար լինել կյանքի միջին որակով ապրելու համար։

Կա մեկ այլ ռիսկ ևս․ նախագիծը կօգտագործվի որպես մահակ։ Այս նախագծով կկորչի անփոխարինելիության գործոնը, ու ցանկացած մասնագետի լռեցնելու համար կարող են մատնացույց անել իրեն հնարավոր փոխարինողներին, տվյալ ուսուցչին էլ՝ դռան տեղը։

Հաջորդ խնդիրը հենց էլեկտրոնային կառավարումն է։ Համավարակը ցույց տվեց, որ մենք պատրաստ չենք հեռավար դասընթացներ ու աշխատանք կազմակերպելուն։ Ու խոսքը միայն համապատասխան գիտելիքների մասին չէ։ Ենթակառուցվածքներն ու տեխնիկական ապահովվածությունն էլ չեն բավականացնում։

Սուրեն Ալոյանի խոսքով, նույնիսկ ապահովված ընտանիքներում էին խնդիրներ առաջանում․ «Պատկերացրեք մի իրավիճակ, երբ և՛ ծնողները պետք է տնից աշխատեն, և՛ տարբեր տարիքի երկուսից երեք երեխա պետք է հեռավար դասապատրաստում անցնեն։ Այդքան համակարգիչ ոչ մեկի տանը չկա պարզապես»,- նշում է Ալոյանը։

Պետությունն ինքն էլ սովորություն չունի նմանատիպ գործերը պատվիրակել պրոֆեսիոնալներին։ Թեև Dasaran.am-ը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է աշխարհի կրթական 5 լավագույն հարթակներից մեկը, իսկ համավարակի ժամանակ՝ աշխարհի 100 լավագույն հարթակներից մեկը, այն, ըստ Ալոյանի, շարունակում է մնալ ավելի շատ որպես օժանդակ ուժ։

Ավելին՝ դեռ 2019 թվականին կառավարությունն ինքն է խոստովանել, որ էլեկտրոնային կառավարումը բազմաթիվ խնդիրներ ունի։ Իսկ գլխավոր խնդիրն այն է, որ էլեկտրոնային կառավարումը մեկ ընդհանուր համակարգ չդարձավ, այլ տարբեր ենթակառուցվածքներ պետության ներսում ստեղծեցին իրենց առանձին կառավարման համակարգերը, որոնք ոչ միայն կապակցված չեն միմյանց հետ, այլև երբեմն նրանց գործակցությունը հանգեցնում է լուրջ խնդիրների։ Այս ու բազմաթիվ այլ խնդիրների մասին խոսվում է կառավարության զեկույցում։

Մյուս խնդիրը հատկապես մարզերի դպրոցների ու դպրոցականների տեխնիկական ապահովվածությունն է։ Կառավարության հիմնական թիրախը հեռավոր գյուղերի դպրոցականներն են։ Ամեն դեպքում նախագծում այդպես է գրված։ Սակայն նախագծում չկա ոչ մի հաշվարկ, թե որ գյուղում քանի ուսուցչի պակաս կա, ու տվյալ գյուղերի դպրոցներն ինչ տեխնիկական ապահովվածություն ունեն, և ինչ է պետք։ Չկա ոչ մի չափանիշ, ինտերնետի արագության նվազագույն շեմ, ինչ սարքավորումներ են անհրաժեշտ, պետությունն ինչպես կարող է օժանդակել և այլն։

Սուրեն Ալոյանը նշում է, որ կրթական ոլորտը վաղուց պետք է ռեբրենդինգի ենթարկվեր, սակայն դա պետք է լինի համակարգային։

«Եթե մենք ներդնում ենք աշխարհի ամենաարդյունավետ մեխանիզմը, բայց չենք հոգում այդ մեխանիզմն աշխատեցնողի վերապատրաստման հարցերը, ապա դա չի աշխատելու, ու ամեն ինչ նորից սկսելու է պտտվել իր հին առանցքի շուրջ»,- նշում է Սուրեն Ալոյանը։

Կորոնավիրուսի համավարակի ու հատկապես լոքդաունի օրերին հեռավար ուսուցման մեջ ներգրավվեց կրթական համակարգի ընդամենը 40%-ը։ Սակայն եթե համեմատում ենք աշխարհի մյուս պետությունների հետ, մեր ուսուցիչները բավականին արագ ինքնակազմակերպվեցին, ու եղավ մի ֆենոմեն․ ուսուցիչներն ու աշակերտները սկսեցին սովորել մեկը մյուսից ու միասին էլ կազմակերպեցին կրթական պրոցեսը։ Ըստ Ս․ Ալոյանի՝ լավ, թե վատ, այլ հարց է, ամեն դեպքում համայնքն արեց այն, ինչն իրականում պետության գործառույթն էր։

Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա։ Այս թիվն իրականում շատ մոտավոր է և ցույց է տալիս ընդհանուր պատկերը։ Պարզապես գրեթե ոչ մի կրթական հաստատություն ու պետական հիմնարկ չի վարել ոչ մի վիճակագրություն, որպեսզի թեկուզ մոտավոր պարզ դառնա, թե ինչ արդյունավետությամբ է աշխատել հեռավար համակարգը, գոնե մասնակիցների թվով։ Հիմնական վիճակագրությունը տեսնում ենք մասնավորի մոտ, որի վրա հիմնվելով՝ ընկերությունները վերանայեցին անձնակազմի քանակն ու գործառույթները։

Կաշխատի համակարգը, թե ոչ, կերևա հընթացս, բայց նախկին փորձն ամենևին էլ վստահություն չի ներշնչում։

Ի վերջո, կարելի է դիմել աշխարհի փորձին, որին այդքան հաճախ հղում են անում մեր պետական այրերը։ Նույնիսկ մեր նախկին փորձն էլ կարելի է նորից կիրառել։ Նախկինում բարձրագույն կրթությամբ չափահաս տղամարդիկ զինվորական ծառայության փոխարեն սահմանամերձ գյուղերում դասավանդում էին, ու դա համարվում էր ծառայություն, կամ էլ կարող են օգտագործվել բուհերին տրամադրվող անվճար տեղերը ։ Ու այս ամենի հետ՝ զրո հետևողականություն, թե այդ ուսանողներն ավարտելուց հետո ինչով են զբաղվում ու արդյո՞ք աշխատում են հօգուտ պետության։ Փաստացի պետությունն անիմաստ ներդրում է կատարում։ Փոխարենը կարելի է այդ ուսանողներին ավարտելուց հետո գործուղել նման բնակավայրեր, որտեղ նրանք կզբաղվեն մանկավարժական ու ադմինիստրատիվ գործունեությամբ։

Այդ գործով հիմա զբաղվում է միայն «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամը, որի ռեսուրները սահմանափակ են, ու այն չի կարող փակել ամբողջ բացը:

Կարելի է ներդնել աշխարհում այդքան տարածված կամավորության սկզբունքը։ ԱՄՆ-ում, անկախ նրանից, թե ինչ որակավորման մասնագետ ես, եթե ցանկանում ես աշխատել հատկապես պետական սեկտորում, անպայման ուշադրություն են դարձնում, թե ինչքան ես կամավոր աշխատել։ Ըստ ամերիկյան փիլիսոփայության՝ միայն կամավորական աշխատանք կատարած մասնագետը կարող է հանրային պատասխանատվության զգացում ունենալ։

Եթե փորձենք ամփոփել, ապա ստացվում է, որ ունենք խնդիր, որը կառավարությունը փորձում է լուծել մի եղանակով, որն արդեն մեկ անգամ հասցրել է տապալել։ Եթե նույնիսկ հիմա համակարգն աշխատի այնպես, ինչպես նախատեսվում է, միևնույն է, խնդիրը չի լուծվի, ուսուցիչների թիվն էլ դրանից չի ավելանա։ Դա կլինի հերթական ու ժամանակավոր լուծում, որի մասին շուտով բոլորը կմոռանան, մինչև հաջորդ ընտրությունները կչոքեն մեր դռանը։

Աղվան Ասոյան

Ամենից շատ դիտված

13:45 Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ մանրամասներ 7-րդ դասարանի աշակերտուհու մահվան դեպքի մասին
10:28 «Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կին է հոսպիտալացվել. shamshyan.com
21:59 Ոտքի՛ հանուն այն ամենի, ինչ մնացել է
23:27 Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է․ համագյուղացիները փորձել են հաշվեհարդար տեսնել․ shamshyan.com
13:48 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն իրազեկման երթ է անում ՀՀ բուհերում. ՈւՂԻՂ
13:00 Պատրաստվեք, գալիս են․ ի՞նչ է նշանակում «Արևմտյան Ադրբեջան»
11:49 Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
23:54 Մենք հիմա սահմանազատում են ՀՀ սահմանը․ Կիրանցը սահման չունի․ Նիկոլ Փաշինյան
22:36 Սահմանազատումն սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի
23:48 Վարչապետը հրաժարվեց մեկնաբանել Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածությունը գործընթացին