Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 16:19 12-11-2021

Իշխանության ներկայացուցիչներն իրենց խոսքերն ապացուցելու համար պետք է անարգել անցնեն Գորիս-Կապան ավտոճանապարհով. Վարդան Ոսկանյան

Երկու օր է պետական քարոզչամեքենան փորձում է համոզել, որ մաքսակետերի տեղադրման տրամաբանությունը վիժեցրել է միջանցքային տրամաբանությանը։ ԱԱԽ քարտուղարի արված աղմկահարույց հայտարարության, այդ տարածքների հետագա հնարավոր հայաթափման, իշխանության ներկայացուցիչների վարած քաղաքականության մասին Oragir.news-ը զրուցել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ։

-ՀՀ ԱԱԽ քարտուղարը բավականին աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ և նշեց, որ ժամը տասներկուսից սկսած Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրելու Գորիս-Կապան ճանապարհին, ինչը պարզապես սառը ցնցուղ էր հայ հանրության համար։ Խնդրում եմ ներկայացրեք առհասարակ իրադրությունը Գորիսում և ընդհանրապես Սյունիքում։ Այդյո՞ք այդ մաքսակետերը տեղադրվել են և ընդհանուր առմամբ ի՞նչ իրավիճակ է այժմ։

-Քանի որ ինքս Երևանում եմ, տեղեկություն այդքան էլ չունեմ, թե արդյո՞ք այդ մաքսակետը արդեն գործում է թե ոչ, բայց ընդհանուր առմամբ եթե փորձեմ գնահատել Բաքվի բռնապետի այդ գործողությունները, Հայաստանից հնչող կոլաբորացիոնիստական հայտարարությունները, եթե փորձենք վերլուծել ընդհանուր իրավիճակը՝ Բաքվի բռնապետի գործողությունները և հնչող հայտարարությունները , ապա ակնհայտ է, որ գործ ունենք անօրինական գործընթացի հետ, որը սահմանափակում է ՀՀ՝ առանց այն էլ խոցելի ռազմավարական խորքը, և այս իմաստով բավական բարդացնում է իրավիճակը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանաթուրքական դաշինքը հստակ նպատակ ունի հնարավոր միջոցներով կտրել ՀՀ-ից Սյունիքի մարզը։

-Շուռնուխը , Որոտանը այս պահի դրությամբ մեկուսացված են ՀՀ-ից և ինչ որ առումով կարծես շրջափակված են, արդյոք կարող ենք եզրակացնել, որ այդ համայնքները ինչ- որ փուլում հայաթափվելու են։

-Համենայն դեպս դժվար է նման տեսակետ հայտնելը, բայց ակնհայտ է, որ ՀՀ ինքնիշխան տարածք են մուտք գործել ադրբեջանական բաշիբոզուկներ, որոնք սահմանափակել են մեր երկրի ներսում մեր քաղաքացիների տեղաշարժը և ընդհանրապես ստեղծել են նրանց կենսաապահովման համար վտանգավոր իրավիճակ, առնվազն նոր մարտահրավեր մեզ համար, որը չպետք է չնկատելու տալ ու ակնհայտ է, որ այդ գյուղերի բնակիչներն ունեն նաև մարդասիրական խնդիրներ , որովհետև գիտեք, որ տվյալ գյուղերին հասանելիությունը սահմանափակ է, իսկ երկրորդ իմաստով պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի այսպես կոչված մաքսակետը և ընդհանրապես բաշիբոզուկների ներկայությունը ՀՀ տարածքում դառնա անհնարին։

-Կարծես այս մաքսակետերի տեղադրման հետ զուգընթաց իշխանության ներկայացուցիչները տեղեկացրերցին և անգամ լուսանկարներ հրապարակեցին, որ այլընտրանքային ճանապարհը Գորիս-Կապան արդեն իսկ պատրաստ է։ Դա արդյո՞ք համապատասխանում է իրականությանը , իսկապե՞ս ճանապարհը պատրաստ է և որքանո՞վ այն կարող է փոխարինել այն հիմնական ճանապարհին, որը փաստացի մեր վերահսկողության տակ չէ։

-Այդ ճանապարհն արդեն հանձնել են թշնամուն, և հիմա ի՞նչ այլընտրանքի մասին է խոսքը, այն ամբողջությամբ գտնվում է բաշիբոզուկների վերահսկողության տակ, Տաթև-Աղվանի ճանապարհը ոչ թե այլընտրանքային ճանապարհը է , այլ միակ ճանապարն է , որը կապում է ՀՀ-ին Սյունիքի մարզի մնացյալ տարածքի հետ, ուստի այնտեղ ևս առաջացել է անվտանգային խնդիր անկախ նրանից, որ Տաթև-Աղվանի ճանապարհը չի բավարարում բեռնատարների պահանջներին, իսկ մենք գիտենք, որ Իրան-Հայաստան տրանսպորտային փոխադրումները, նաև առևտրաշրջանառությունն իրականացվում են հենց այդ ճանապարհի միջոցով, ուստի փաստորեն ստեղծվել է լրացուցիչ խնդիր ՀՀ-ի համար։

-Շաբաթներ առաջ իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետ գլխավորությամբ հավաստիացնում էին, որ հնարավոր է լինելու անարգել անցնել այդ տարածքով, իսկ հիմա փաստորեն այնպես է ստացվել, որ հնարավոր չէ անցնել այդ տարածքով։ Իսկ հիմա գորիսեցիների մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչու՞ այդպես եղավ, չէ՞ որ ամիսներ առա ջլրիվ ուրիշ պնդումներ էին արվում։

-Որպես իրենց իսկ խոսքերի ապացույց նրանք պետք է հենց այսօր գնան և իրենց իսկ խոսքերի հիման վրա անարգել անցնեն հենց այդ ճանապարհով ու հետաքրքիր կլինի, ինչպիսի իրավիճակում կհայտնվեն։

Քնարիկ Պետրոսյան