copy image url
Միտք 2 տարի առաջ - 23:23 07-11-2021

Պայքար մոլախաղերի՞, թե՞ անկախ մամուլի դեմ՝ հանուն մենաշնորհի․ ինչո՞ւ էին Ալեն Սիմոնյանին ու Հրաչյա Հակոբյանին հրավիրել 40․000 դոլար արժեցող հանգստի

Երբ մոլախաղերը տաղավարային թղթախաղերից, գրազներից, բանտային ենթամշակույթից մնացած ղումարից ու կազինոներից տեղափոխվեցին նաև օնլայն տիրույթ, հատվեց այն Ռուբիկոնը, որից հետո կորչում է գրեթե ամեն տեսակ վերահսկողություն։

Հասարակության մեջ մեկ ընդհանուր անուն ստացած «ղումարը» չարիք էր դարձել գրեթե ամեն երկրորդ ընտանիքի համար։ Դրա պատճառով ճակատագրեր էին կործանվում գրեթե ամեն երրորդ ընտանիքում, բավականին մեծ տարածում էր ստացել ունեզրկումը, սպանություններն ու ինքնասպանությունները։

Սակայն այդ ամենը հնարավոր էր վերահսկել, նույնիսկ կանխել, քանի որ ցանկացած նմանատիպ հանցագործություն ուներ դեմք ու անուն, որոնց մեծամասնությանը գրեթե բոլորն էլ ճանաչում էին։ Սակայն օնլայն տիրույթում պարզապես հնարավոր չէ որևէ վերահսկողություն սահմանել։ Ու հասարակությունը գնալով ընկղմվեց օնլայն մոլախաղերի ճահճում: Ու եթե «Ղումար» բառն ի սկզբանե բացասական երանգով էր դիտարկվում հասարակության մոտ, ապա օնլայն խաղերը սկսեցին ներկայացվել բոլորովին այլ լույսի ներքո։ Դրանք դարձան մի տեսակ մոդայիկ ու գրավիչ մի բան, ու նման կերպով մոլախաղերին տրվելն այնքան էլ չէր արժանանում հասարակական պարսավանքի։

2018-ի իշխանափոխությունից հետո իշխանությունները հայտարարեցին, որ պայքար են սկսելու այդ չարիքի դեմ: Արդեն հաջորդ տարի ելույթներից անցան գործուն քայլերի։

2019 թվականի ապրիլից ԱԺ այն ժամանակ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, «Իմ քայլը» իշխանական խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն ու ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հեղինակեցին մի նախագիծ, համաձայն որի՝ նման ընկերությունների համար խիստ սահմանափակումներ պետք է կիրառվեին։ Այդ ժամանակ դաշտում կար 5 խոշոր խաղացող՝ ToTo, Vivaro, Ajarabet, Goodwin և «Եվրոֆուտբոլ» ընկերությունները։

Վերջինին շուտով մեղադրանք առաջադրվեց, քանի որ ստուգումների արդյունքում պարզվել էր, որ ընկերությունը պետությանը պատճառել է միլիարդ դրամի վնաս։ Պարբերաբար ստուգումներից ու դատական գործերից հետո տվյալ ընկերությունը դուրս մղվեց դաշտից։

Հաջորդը հարվածի տակ հայտնվեց Goodwin ընկերությունը։ Օրենսդրական նոր փոփոխությունների հետևանքով պետք է սահմանափակվեր բուքմեյքերական գրասենյակների քանակը, արգելք էր սահմանվում գազալցաակայաններում տեղադրված խաղային ապարատների գործունեության վրա։ Դրանց գործունեությունը սահմանափակվում էր միայն գրասենյակների տարածքում և Սևան, Ջերմուկ, Ծաղկաձոր ու Մեղրի քաղաքների աշխարհագրությամբ։

Որպես օրինագծի հիմնավորում Ալեն Սիմոնյանը բերում էր որոշակի վիճակագրություն, համաձայն որի՝ 63 հազար մարդ տարված է վիճակախաղերով, որոնցից 3 հազարը մոլի խաղացողներ են, և իշխանությունները ցանկանում են այսպիսով պայքարել մոլախաղերի դեմ։

Սակայն, այնպես էր ստացվում, որ օրինագիծը վնասում էր միայն մեկ ընկերության։ Բանն այն է, որ օրինագիծը սահմանափակումներ էր մտցնում միայն օֆլայն տիրույթում գործունեության համար։ Իսկ խաղացողների ավելի քան 80 տոկոսը գտնվում էր օնլայն տիրույթում։ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց, որ չեն կարող դա սահմանափակել։ Եթե որոշակի քայլերի դիմեն, միևնույնն է, խաղալու են, ու այդ փողը գնալու է Թուրքիա, Իսրայել կամ Եվրոպա։ Իսկ Goodwin ընկերությունն էլ գործունեություն էր ծավալում գլխավորապես օֆլայն տիրույթում։ Գրասենյակների սահմանափակումներից մնացած ընկերություններն առանձնապես չէին տուժում, քանի որ գործունեությունը հիմնականում օնլայն տիրույթում էր։ Հենց այդ պատճառով միայն Goodwin ընկերության աշխատակիցները որոշեցին դուրս գալ փողոց, նույնիսկ փակեցին Բաղրամյան պողոտան։ Բաբկեն Թունյանի հետ հանդիպման ժամանակ եկան համաձայնության, որ կհետաձգեն կիրառումը մեկուկես տարի, որպեսզի ընկերությունը հասցնի վերադասավորվել օնլայն տիրույթում։ Ընկերության հաշվարկներով, իրենք կորցնում էին եկամտի 50 տոկոսը։

Հենց այդ ժամանակ սկսեցին խոսակցություններ պտտվել, որ Ալեն Սիմոնյանը սերտ կապեր ունի բուքմեյքերական այլ ընկերությունների հետ, մասնավորապես Vivaro ընկերության ու դրա սեփանականետեր Վիգեն Բադալյանի հետ։ Ալեն Սիմոնյանը այդ ժամանակ հայտարարեց, որ ընկերական կապեր ունի ամենախոշոր երկու ընկերությունների սեփականատերերի հետ էլ, սակայն օրինագիծը որևէ կապ չունի դրա հետ։ Շուտով այս խոսակցությունները որակվեցին որպես բամբասանքներ, սակայն դառնահամը մնաց։

Աստիճանաբար սկսեցին խստացվել նաև գովազդային սահմանափակումները։ Սկզբում գովազդի ծավալային սահմանափակումներ եղան։ Ըստ օրենքի՝ լրատվական կայքերում սույն պարբերությամբ հաստատված գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20 տոկոսից ավելին։

Ընդ որում, օրենքում որևէ կերպ հստակեցված չէր՝ խոսքն էկրանի՞ մասին է, թե՞ ամբողջ էջի։ Վերահսկող մարմինը՝ ՊԵԿ-ը, հրաժարվում էր այդ հարցին պատասխանել։ Այդ պատճառով էլ լրատվական կայքերը ապահովության համար էկրանի 20 տոկոսով էին սահմանափակվում։ Բայց այս օրենքը կարծես թե չէր վերաբերում իշխանությանը համեմատաբար լոյալ վերաբերմունք ցույց տվող ու հենց իշխանության ներկայացուցիչներին պատկանող կայքերին։ Նրանք հետևողականորեն շրջանցում էին օրենքի պահանջը և որևէ պատասխանատվության այդպես էլ չենթարկվեցին, հետևաբար՝ չունեցան նաև ֆինանսական կորուստներ։

Հետո եկան ժամային սահմանափակումները։ Մտցվեցին հստակ ժամեր, թե երբ կարելի է լրատվական կայքերով ցուցադրել վիճակախաղի գովազդը։ Ու այս ամենի արդյունքում լրատվական կայքերի ֆինանսական հոսքերը էականորեն կրճատվեցին։

Այս սահմանափակումների ու բողոքների ֆոնին պարզվեց, որ գովազդային սահմանափակումները, որոնք վերաբերում էին ՄԻԱՅՆ լրատվական կայքերին, ոչ թե կրճատում են խաղացողների թիվը, այլ բազմապատկում։ Պաշտոնական վիճակագրությամբ, 2019-2020 թթ․ օնլայն խաղացողների թիվն աճել է ավելի քան 5 անգամ։ Բայց տարատեսակ օրինագծերի հեղինակները՝ Ալեն Սիմոնյանը, Հրաչյա Հակոբյանը, Սիփան Փաշինյանը, որևէ կերպ ոչ ներողություն խնդրեցին, ոչ էլ ընդունեցին, որ իրենց ընդունած օրենքները որևէ կերպ չեն ազդում խաղամոլության տարածման վրա, հակառակը՝ փաստորեն, նպաստում են դրա աճին։

Հատկանշական է, որ 2020 թվականին բուքմեյքերական ընկերությունները իրենք սկսեցին նախաձեռնել որոշակի քննարկումներ, թե ինչպես կարելի է վերահսկել խաղամոլության աճը։ Օրինակ՝ առաջարկների մեջ կար կետ, ըստ որի՝ քաղաքացիներին թույլատրվեր խաղալ պետությանը վճարվող եկամտահարկի չափով, ինչը կնպաստեր նաև «սև» աշխատավարձերի «սպիտակեցմանը»։ Մեկ այլ կետով առաջարկվում էր, որ ընտանիքի անդամի կողմից բողոք ներկայացվելու դեպքում օգտատերերին մտցնել համընդհանուր «սև» ցուցակ։ Սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընթացք չտվեց բուքմեյքերական ընկերությունների առաջարկին՝ ասելով, որ իր սեփական առաջարկն է ներկայացնելու։

Առաջարկը չուշացավ․ մոտ մեկ տարվա դադարից հետո՝ 2021 թվականի հուլիսից շրջանառության մեջ դրվեց մի նախագիծ, համաձայն որի` ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդները արգելվելու են: Թվում է, թե այս նախագիծը, բացի շահառուներից, բավականին դրական արձագանք կստանա հասարակության գրեթե բոլոր շերտերի կողմից։ Սակայն սա միայն առաջին հայացքից։ «Բարի նպատակներով» ստեղծված նախագիծը վերածվում է կոռուպցիոն հսկայական սխեմայի։ Համաձայն նոր օրենքի՝ տվյալ ընկերությունների համար կիրառվում են նույն սահմանափակումները, ինչ խաղատների ու մոլախաղերի վրա։ Հետևաբար՝ արգելվելու է տվյալ կազմակերպությունների ցանկացած տեսակի գովազդը։ Այս երևույթն ազդելու է ոչ միայն բուքմեյքերական ընկերությունների եկամուտների ու ընդհանուր բիզնեսի վրա, այլև հարվածի տակ են հայտնվում հատկապես նրանց գովազդի հաշվին գոյատևող կազմակերպությունների ճակատագրերը։ Խոսքն առցանց լրատվամիջոցների մասին է։ Սակայն խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում։ Այս օրենքի կիրառումից հետո դաշտում ստեղծվում են ոչ միայն անհավասար պայմաններ, այլև ոլորտում արհեստականորեն հաստատվում է մոնոպոլիա։ Խոսքն այս կառավարության հետ առնչվող Vivaro բուքմեյքերական ընկերության մասին է։

Մինչև բուն սխեմային անցնելը՝ ներկայացնենք մի փոքր վիճակագրություն, թե խաղային բիզնեսն ինչ դիրք է զբաղեցնում գովազդային շուկայում, ու ինչ վնասներ կարող է կրել հենց գովազդային շուկան։

Հեռուստատեսության ﬔջ պատկերը հետևյալն է՝

2021 թվականի առաջին 3 եռամսյակների հեռուստառեյտինգների արդյունքներով բուքﬔյքերական ընկերությունների կատեգորիան թոփ 20 -ի ﬔջ զբաղեցնում է 3-րդ տեղը։ 2020թ-ի նույն ժամանակահատվածի հաﬔմատ այն նվազել է 13 տոկոսով։

Գծապատկերում ցուցադրված է հեռուստաալիքների գովազդների վաճառքները 2021 թվականի առաջին 3 եռամսյակների ընթացքում։ Սանդղակը ցույց է տալիս ալիքների գովազդների վաճառքների տոկոսը 2021թ-ի ընթացքում։ Ստացվում է, որ բուքﬔյքերական ընկերությունների դուրս գալը հեռուստաշուկայից բոլոր հեռուստաալիքների գովազդների ծավալների վաճառքի վրա կունենա բացասական հետևանք։

Եթե կարճ ամփոփենք, ապա հեռուստագովազդի շուկան 2021թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում աճել է 4%-ով՝ չնայած բուքﬔյքերական ընկերությունների կատեգորիայի բացասական դինաﬕկային՝ այն շարունակում է ﬓալ ակտիվ կատեգորիաների թոփ 5-յակում ՝ վերցնելով շուկայի 9%-ը (1-3 եռամսյակ 2021թ) և զբաղեցնելով 20-յակի 3-րդ տեղը։

Ավելի աղետալի պատկեր է ինտերնետային տիրությում։ Այստեղ բեթինգները բացարձակ մեծամասնություն են կազմում, ընդ որում, բավականին մեծ տարբերությամբ։

Ինտերնետում «բեթինգ» կատեգորիան բարձր ակտիվություն ունի։ Այն բավականին ﬔծ տարբերությամբ առաջատար դիրքերում է։ Ելնելով սեզոնային ակտիվությունից՝ կատեգորիաների բաշխվածությունը տարվա ընթացքում տատանվում է 5-10%:

Միայն այս մի քանի գրաֆիկից պարզ է դառնում, որ գովազդային շուկան զրկվում է ամենախոշոր գործընկերներից մեկից։

Հիմա վերադառնանք օրենքին։ Բանն այն է, որ Vivaro ընկերության համար պայմաններն այնպես են դասավորվել, որ տվյալ օրենքը գրեթե չի ազդելու ոչ նրա ապրանքանշանի, ոչ էլ դրան առնչվող բրենդների գովազդին։ Դրան էլ գումարած՝ դաշտում աստիճանաբար ստանալու է մենաշնորհ, իսկ մնացած խաղացողները դուրս են մղվելու խաղից։

Եվ այսպես, ՀՀ կառավարության կողմից հաստատվել և Ազգային ժողովին է ներկայացվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին նախագիծ, որի համաձայն՝ գրեթե ամբողջությամբ արգելվելու են ինտերնետ շահումով խաղերը և տոտալիզատորի գովազդը՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով։ Արգելվելու է նաև արտաքին գովազդը՝ որոշ բացառություններով:

Նման սրտացավ հիմնավորումից հետո ասելու ոչինչ չի մնում, եթե միայն խնդիրները լուծվեին սրանով։ Բանն այն է, որ այս նախագիծը որևէ կերպ չի լուծելու մոլախաղերով տարվելու խնդիրը, քանի որ օրենքը վերաբերում է միայն Հայաստանում գործող ընկերություններին։ Սակայն ֆիզիկապես հնարավոր չի լինի արգելափակել արտասահմանյան նմանատիպ հարթակների հասանելությունը։

Վերադառնանք Vivaro ընկերությանը, որն այդ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո էլ պահպանում է իր ապրանքանիշը գովազդելու հնարավորությունը։ Vivaro ընկերությանը պատկանող Vbet ապրանքանշանը դեռ նոր պետք է գրանցեն, իսկ հենց Vivaro անվանմամբ ապրանքային նշանների իրավատերը «Վիվառո Մեդիա» ՍՊԸ-ն է: Սակայն «Վիվառո Մեդիայի» անվան տակ են գրանցված նաև Vivarobet.am և Vivarobet.com կայքերը, որոնք բացառապես օնլայն խաղերի ու խաղադրույքների համար են նախատեսված։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում․ հեռուստաալիք ու լրատվական բնույթի կայք ունեցող ընկերությունն իր անվան տակ է գրանցում նաև խաղային բիզնես։ Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ արդյո՞ք լրատվական հարթակները չեն ստեղծվել մեծամասամբ հենց իրենց խաղային բիզնեսի գովազդի համար։ Ընկերության տիրույթում գտնվող խաղային օպերատորը ստեղծել է նաև մի քանի մեդիահարթակներ նույն կամ նույնական անվանումներով՝ «vivaro.tv», «vmedia», «vmedia+»։ Շուտով մեկնարկում են նաև «VivaroSport», «VivaroSportLife» և «VivaroInSport TV» ալիքները, որոնք կհեռարձակվեն կաբելային հեռարձակողների միջոցով։ Ու սա դեռ ամենը չէ։ Քանի որ իշխանափոխությունից հետո (իսկ վերջին մեկուկես տարում հատկապես հայկական հեռուստաընկերություններն ունեն լուրջ ֆինանսական խնդիրներ) այնպես է ստացվել, որ մարզական ու հատկապես ֆուտբոլային առաջատար առաջնությունների միակ հեռարձակողը դառնալու է Vivaro.tv-ն, քանի որ միայն նա է կարողացել վճարել համապատասխան գումարը։

Vivaro.tv-ի կողմից հեռարձակվող մրցաշարերն են՝

- UEFA Եվրոպա լիգա,

- UEFA Եվրոլայի կոնֆեդերացիաների գավաթ,

- UEFA չեմպիոնների լիգա,

- UEFA Սուպեր Գավաթ,

- UEFA Youth League,

- Իտալիայի առաջնություն

-Իսպանիայի առաջնություն

- Գերմանիայի առաջնություն

Նույն Vivaro-ն գրանցել է նաևVbet ապրանքանիշն ու այդ ապրանքանշանի ներքո հանդես է գալիս մի շարք հայտնի հարթակներում, որոնցից մեկն էլ ֆուտբոլի Հայաստանի առաջնությունն է, որը վերանվանվեց «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա» և «VBET Հայաստանի Գավաթ»։ Ավելին, նույն ապրանքանիշը ընդլայնել է իր աշխարհագրությունն ու դարձել Ուկրաինայի ֆուտբոլի ու հոկեյի առաջնությունների հովանավորը։ Սրա հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի կողմից սահմանափակվում է խաղային ոլորտի գովազդը, մյուս կողմից այդ ոլորտի կարկառուն ներկայացուցիչներից մեկը հնարավոր բոլոր հարթակներում շարունակում է հեշտ ու հանգիստ գովազդել իր երեք ապրանքանիշերը միանգամից։

Ստացվում է մի իրավիճակ, երբ մոլախաղերն ու խաղային բիզնեսի գործունեությունը սահմանափակող օրենքն իրականում օգնում է մեկ ընկերության՝ դաշտում մենաշնորհի հասնելու համար։ Այստեղ հարց է առաջանում, կառավարությունը կամ խորհրդարանը չե՞ն տեսնում այս խնդիրները։ Տեղյակ չե՞ն դրանցից։ Իհարկե, տեղյակ են ու այս ամենն արվում է նպատակաուղղված։ Բանն այն է, որ Vivaro ընկերության սեփականատերերից Վիգեն Բադալյանը բավականին սերտ կապերի մեջ է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչ Հակոբյանի հետ։ Դա է փաստում այն հանգամանքը, որ ամիսներ առաջ նրանք միասին հանգստանում էին հունական կղզիներում, որը բավականին թանկ հաճույք է։ Տեղեկությունների համաձայն՝ այդ եռօրյա հանգստի ամբողջ ծախսը հոգացել է հենց Վիգեն Բադալյանը։

Ի դեպ, նրանց հանգստյան գոտին բավականին թանկ հաճույք է։ Հունական Միկոնոս կղզու այս հանգստյան գոտում հյուրանոցները բավականին թանկարժեք են։

Oragir.News-ը պարզեց, որ նախապես ամրագրելու դեպքում հյուրանոցի համարների գները տատանվում են 10-23․5 հազար դոլարի սահմաններում, իսկ պարզապես տեղում համար վերցնելու համար անհրաժեշտ կլինի նշված գումարի գրեթե կրկնակին։ Կախված համարի դասից՝ գները տատանվում են 32-46 հազար դոլարի սահմաններում։ Եվ կարելի է ենթադրել, որ ինչքան էլ Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը «շահած» լինեին իշխանություն դառնալուց հետո, նման գումար ինքնուրույն չէին վճարի։ Ավելի մանրամասն կարող եք կարդալ «Հետք»-ի հետաքննությունում։

Բացի դրանից՝ կոռոուպցիոն սխեմայից մեկ այլ խնդիր էլ կա, որի մասին հպանցիկ խոսեցինք հոդվածի սկզբում։ Բանն այն է, որ այս որոշումից հետո մեծապես տուժելու են ԶԼՄ-ները ու հատկապես առցանց ԶԼՄ-ները։

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը մեզ հետ զրույցում մի քանի ուշագրավ տեղեկություն հրապարակեց։ Պարզվում է, որ լրատվականների գովազդային եկամտի 70 և հաճախ ավելի տոկոսը հենց բեթինգների գովազդից է գոյանում։ Այսինքն՝ այս որոշումից հետո լրատվականները զրկվում են իրենց 70 տոկոս եկամտից։ Եթե հաշվի առնենք, որ բաժանորդագրության ֆինանսավորման ավանդույթը մեզ մոտ այնքան էլ տարածված չէ, ստացվում է, որ անկախ մամուլը կանգնում է մեծ ճգնաժամի եզրին։

Ըստ Սաթիկ Սեյրանյանի՝ սա բացարձակ կեղծ օրակարգ է, քանի որ նպատակը բնավ էլ քաղաքացիներին մոլախաղերից զերծ պահելը չէ․ «Սա ունի մեկ նպատակ, ճնշել այն լրատվամիջոցներին, որոնք որևէ կերպ քննադատում են իրենց գործունեությունը, կամ փորձում են լույս սփռել իրադարձությունների վրա»,- ընդգծեց Սաթիկ Սեյրանյանը։ Ժուռնալիստների միության նախագահը վստահ է, որ սա դեռ միայն սկիզբն է, և սպասվում են ավելի խիստ ու ավելի ակնհայտ ճնշումներ, արդեն առանց տողատակերի ու քողարկված քայլերի։ Եվ այսպես, մեկ գնդակով կառավարությունը փորձում է երկու նապաստակ որսալ։ Նախ, իրենց հետ ընկերական հարաբերություններ ունեցող գործարարին դաշտում տալ մենաշնորհային դիրք, և երկրորդ՝ անկախ, այսինքն՝ կառավարության գործունեությունն օբյեկտիվորեն քննադատող լրատվամիջոցները մեծապես կտուժեն․ կփակվեն կամ էլ կտրանսֆորմացվեն։

Հ․Գ․ - Այսօր Ազգային ժողովում նախատեսված է քննարկում՝ օրենսդիրների, ԶԼՄ-ների ու բուքմեյքերական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կարելի է ենթադրել, որ քննարկման արդյունքները չափազանց կանխատեսելի են։

Աղվան Ասոյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված