Երևան +14°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 16:46 02-11-2021

Մենք պարտավոր էինք օգտագործել բոլոր իրավական գործիքները՝ հնարավոր բոլոր կոնվեցիոն խախտումները վերհանելու համար, ինչն, իհարկե, ժամանակին չի արվել քաղաքական դրդապատճառներով. Տ. Սիմոնյան

Հաագայում քննարկվող «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի և Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» թեմայով, ինչպես նաև Ադրբեջանի վարած քաղաքականության, Ժնևի կոնվենցիայի, Ադրբեջանի դեմ ՀՀ-ի՝ միջազգային իրավական գործիքներ կիրառելու վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է ի.գ.թ․ փաստաբան, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։

-Հաագայում ավարտվել են լսումները Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայցերի շրջանակում։ Մեր և Ադրբեջանի ներկայացուցիչները միմյանց ներկայացնում են փաստարկներ և հակափաստարկներ, ըստ էության՝ միմյանց երկրները ատելով և մեղադրելով էթնիկ խտրականության դրսևորումների մեջ։ Մենք դա անում ենք սեփական արդարացիության խորը զգացումով, Ադրբեջանն անում է էլի նույն սկզբունքով։ Իսկ ինչպիսի՞ն է այս ամենը միջազգային օբյեկտիվ լսարանի և դատարանի աչքերով։

-Օբյեկտիվությունը մի քիչ սուբյեկտիվ հատկություն է, որովհետև յուրաքանչյուր գնահատող իր սուբյեկտիվ դատողությունների վրա է գնահատականներ տալիս, բայց կա միջազգային իրավունքի տրամաբանություն, և եթե մենք առաջնորդվենք հենց այդ տրամաբանությամբ, որը ունի և՛ գիտական, և՛ նախադեպային հենք, այսինքն՝ նույն դատարաններում կայացրած իր որոշումներում տալիս է այն ուղին, ըստ որի, ինքը որոշումներ է կայացնելու նաև ապագայում, ապա կարող ենք հանգել մի պարզ ճշմարտության, որ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվեցիայի շրջանակներում հարուցված գործերը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի, ըստ էության, մեկը մյուսի հետ կապ չունեցող գործեր են, որովհետև եթե Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով կոնվեցիայի խախտումներ ենք վերհանել իրավական տեսանկյունից, ապա Ադրբեջանն ընդամենը փորձել է հայելային պատասխան տալ մեզ և ինքն էլ հայցապնդում ներկայացնել, որովհետև եթե մենք ներկայացնում ենք Ադրբեջանի իրավական հենքերը, դրանք նույն կոնվեցիայի շրջանակներում չեն տեղավորվում, քանի որ, միգուցե, Ադրբեջանը մեզ մեղադրի աշխարհի բոլոր հանցագործությունները կատարելու մեջ, բայց այդ կոնվեցիայի տրամաբանության շրջանակներում չեն տեղավորվում նրա ներկայացրած փաստարկները։

-Արդյո՞ք Ադրբեջանը կարող է սողանք գտնել հայատյաց պետական քաղաքականությանը ներկայացվող մեղադրանքից փախչելու համար։

-Փորձել է, և հակափաստարկներում բերում է այդ իսկ փորձերը, օրինակ՝ նշելով, որ Ադրբեջանում բնակվում են մի քանի տաս հազար հայ, և նրանք նորմալ են ապրում, իրականում ինքներդ էլ գիտեք, որ Ադրբեջանում չկա որպես այդպիսին, և եթե անգամ կա էլ, ապա, որպես այդպիսին օրինակ՝ տատն է հայ եղել և նրան գրանցել են որպես հայ, որպեսզի միջազգային հանրության առաջ ներկայացնեն, որ տեսեք, թե ինչքան հայ է ապրում և նորմալ էլ ապրում են, ու կան հուշարձաններ, որոնք սիմվոլիկ պահում են, օրինակ՝ Բաքվի հայկական եկեղեցին, բայց դրանք չեն օգտագործվում որպես եկեղեցի։ Իհարկե, այդ փաստարկները դատարանում բերվում են, բայց դատարանը տեսնում է, չէ՞, որ նույն նախագահը ամբողջ հայ ազգին հռչակում է որպես թշնամի, հայերին ներկայացնում է որպես ամենաստոր արարածներ, և չի սահմանափակվում իր բառապաշարում։ Այսինքն՝ երկրի ղեկավարը այդպիսի բառապաշար է օգտագործում կոնկրետ ազգի ներկայացուցիչներին ներկայացնելիս, և խտրական դրսևորում կա նաև, որ այս կամ այն հայն է վատը և այլ ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ ներկայացվում է որպես թշնամի ու ամենավատ մարդկային արարածը, ու այն ամենավատ բառերը, որոնք օգտագործում էր Հիտլերը հրեաներին ներկայացնելիս, այսօր այդ նույն բառապաշարն օգտագործում է Ալիևը՝ հայերի ներկայացնելիս։

-Երկար տարիներ է, ինչ թե՛ մենք և թե՛ Ադրբեջանը միացել ենք Ժնևի կոնվեցիային, այդուհանդերձ, բաց ենք թողել Ադրբեջանի հայատյաց քաղաքականության համար տարիներ առաջ իրենց դատարանի առջև կանգնեցնելու հնարավորությունը։ Ինչու՞ դա չի արվել մինչ պատերազմը։

-Եթե նկատի ունեք 1949 թվականի Ժնևի կոնվենցիան, որը վերաբերում է պատերազմի զոհերին, ռազմագերիների պաշտպանությանը և քաղաքացիական բնակչությանը, ապա, այո, դրանք մարդասիրական իրավունքը ամբողջացնող կոնվեցիաներ են, և ըստ էության, մինչև 1994 թվականի պատերազմը, թե՛ այս ընթացքում Ադրբեջանի կողմից գերեվարված զինվորների հետ վարվելակերպը, և թե՛ նախորդ տարվա պատերազմը ժնևյան կոնվեցիայի կոպիտ խախտումներ են, իհարկե, նաև հիմքեր կային Ադրբեջանին բերել դատական ատյաններ։ Հաագայի ՄԱԿ-ի դատարանն ունի կոնկրետ իրավազորություն ցանկացած հարցում, թե՛ մենք և թե՛ Ադրբեջանը դատարանի ընդհանուր իրավազորությունը չենք ճանաչել։ Ճանաչել ենք կոնկրետ հատուկ կոնվեցիաների ուժով, օրինակ՝ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիան, և դրա համար արդեն այս դատարանում այդ հարցը բարձրաձայնելու համար ռեալ շանս ունեցանք։ Բայց դա չի նշանակում, որ մենք Ադրբեջանի դեմ այլ իրավական գործիքներ, որոնք ունեին նաև նախկինում, չենք օգտագործել։ Ես կարծում եմ, որ մենք պարտավոր էինք օգտագործել բոլոր իրավական գործիքները՝ հնարավոր բոլոր կոնվեցիոն խախտումները վերհանելու համար, ինչն, իհարկե, ժամանակին չի արվել քաղաքական դրդապատճառներով։ Այսինքն՝ միայն նրա համար, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները բանակցում են, եկեք չխանգարենք նրանց բանակցությունների ընթացքին։ Եվ իգուցե նաև վախ կար։

-Հաագայում Ադրբեջանի դեմ մեր ներկայացրած հայցի ֆոնին ունենք կոնկրետ արդյունքներ. հինգ գերի վերադարձան տուն, և գուցե մեզ պետք էր շատ ավելին, բայց այնուամենայնիվ գրանցել ենք կոնկրետ արդյունք, քանի որ բացահայտ ռազմագերիների պուրակից դուրս բերվեցին հայ զինվորների մանեկենները։ Ակնհայտ է, որ միջազգային իրավական գործիքը մեր ձեռքում վերածվեց քաղաքական ճնշման լծակի։ Արդյո՞ք մենք օգտագործում ենք բոլոր միջազգային լծակները՝ Ադրբեջանին հարկադրելու համար, որպեսզի նա կատարի իր բոլոր պարտավորությունները։

-Գերիների վերադարձի համար վստահ չեմ, որ կապված է իրավական գործընթացի հետ, տեղեկատվություն չունեմ, թե որքանո՞վ են դրանք փոխկապակցված։ Գիտեք, այստեղ Ադրբեջանն ինքն իրեն գցում է իրավական ծուղակի մեջ, երբ մի քանի գերի վերադարձնում են, մյուսներին պահում, ասելով, որ մյուսները հանցագործ են, նույն դատարանի մոտ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է տարանջատվում միևնույն գործողությունը կատարած անձանց միջև, նրանք գերի՞ են, թե՞ հանցագործ են։ Երբ վերադարձնում են մի խումբ անձանց, իսկ մյուներին պահում են, դա նշանակում է, որ ինքն ընդունում է, որ հանցագործություն է կատարում, սա լուրջ փաստարկ է, որը մենք հետագայում էլ ենք ուսումնասիրելու։ Նույն այն իրավական հիմքը, որը մենք բերեցինք ռազմագերիների պուրակի հետ կապված, այո, դուք ճիշտ եք, դա հիմք հանդիսացավ, որ այնտեղից հանվեն մանեկենները և սաղավարտները, դա լուրջ հաջողություն էր, բայց բավարար չէր, որովհետև մենք պահանջել ենք ամբողջ պուրակը փակել, քանի որ դա ատելության ակնհայտ դրսևորում է։ Բայց այն, որ մենք ամբողջ իրավական բազան ենք օգտագործում Ադրբեջանին ճնշելու և՛ քաղաքականապես, և՛ իրավաբանորեն, ես ցավով պետք է արձանագրեմ, որ՝ ոչ։ Ես այս ամենի մասին սկսել եմ խոսել դեռևս 2010 թվականից, որովհետև ահռելի մեծ քանակությամբ իրավական գործիքներ կան, որոնք չեն օգտագործվում Ադրբեջանի դեմ։ Օրինակ՝ պատանդներին վերադարձնելու կոնվենցիա ունենք, որը վավերացվել է և՛ Ադրբեջանի, և՛ Հայստանի կողմից, որտեղ ուղղակիորեն արգելվում է անձանց պատանդ պահել, և նրանց փոխարեն պահանջել քաղաքական որոշակի գործողություններ, իսկ Ադրբեջանը չի թաքցնում, որ ինքը ռազմագերիներին պատրաստ է վերադարձնել միայն այն դեպքում, երբ Հայաստանը ականապատ տարածքների քարտեզները կտրամադրի։ Այսինքն՝ սա ակնհայտորեն շանտաժ է, որը արգելված է հենց այդ նույն կոնվենցիայով։ Նույնը նաև վարձկանների ներգրավմանը պատերազմում, և ահաբեկչության դեմ կոնվենցիան, որը կարող է մեզ համար Հաագայի դատարանում գործիք դառնալ, որպեսզի կարողանանք ճնշել Ադրբեջանին։ Ես այս ամենի վերաբերյալ խոսում էի այն ժամանակ անգամ, երբ պատգամավոր էի։ Հուսով եմ մի օր կկարողանանք մեր իշխանությանը համոզել, որ գործընթաց սկսեն ՄԱԿ-ի արդարադատության կոնվենցիայով, իսկ մինչ այդ չեմ ուզի ավելի շատ բացել խաղաթղթերը։ Երևի սահմանափակվեմ այսքանով։

-Եվ վերջում, նոյեմբերի 6-ին մասնակցելու եք Մատենադարանում տեղի ունեցող կարևոր՝ «Ազգային ինքնությունը և ընտրանի» խորագիրը կրող համաժողովին, որի նպատակն է նպաստել ազգային ակադեմիական–մշակութային այնպիսի համայնքի ձևավորմանը, որը կբերի համահայկական միասնական օրակարգ։ Ի՞նչ նշանակություն ունի ազգային ինքնությունը ընտրանու ձևավորման գործում, և Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս համաժողովից։

- Այս համաժողովի նշանակությունը, իսկապես, մեծ է, և եթե մենք խոսում ենք քաղաքական, մշակութային և տնտեսական էլիտաների մասին, ապա այս էլիտաները իրենք պետք է հասկանան, թե ի՞նչ միջավայրում են ապրում, և ո՞րն է այդ միջավայրի առաքելությունը։ Տվյալ պարագայում, եթե մենք հայկական միջավայրում ենք ապրում, ապա ազգային մեր հայկական առաքելության իմաստը ո՞րն է, ինքնությունն ինչպե՞ս է դրսևորվում, կոպիտ ասած՝ գիտակցենք մեր ազգի էությունն ու դրա նշանակությունը այլազգիների շարքում։ Եթե էլիտան սա գիտակցում է, բնականաբար, մեր ազգը այլ ազգերի հետ մրցակցության բնագավառում առաջընթաց կունենա, այդ ազգը ավելի արդյունավետ ու բարձր մակարդակի վրա կգտնվի ու հաջողությունը միանշանակորեն ապահովված կլինի։ Եթե չէ, բնականաբար, չենք կարող դրա մասին խոսել և այսօրվա նման ընթացիկ բաների վրա ֆիքսվել՝ չհասկանալով, թե որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում։ Որովհետև ազգին առաջնորդողը ընտրանիներն են՝ սկսած մշակութային ընտրանուց, վերջացրած՝ քաղաքական ընտրանիով։ Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեն ժողովրդից, մեծ հաշվով ակնկալիքները միայն հանգում են նրան, որ կարողանանք ինքներս՝ որպես մտավորական շերտի ներկայացուցիչներ, մասնավորապես, գիտության բնագավառի ներկայացուցիչներ, հասկանալ, թե ի՞նչն է այսօրվա հիմնական խնդիրը, կամ թե ինչպե՞ս կարելի է (կամ պետք է) աշխատել հասարակության և որոշակի խավի մարդկանց հետ, որ նրանք հասկանան, թե ի՞նչն է ազգային ինքնությունը, ո՞նց պետք է աշխատել ազգային ինքնությունը գիտակցելու հասունացման հետ։ Վերհանենք այն հիմնական խնդիրները, որոնց լուծման կարիքը կա, այսինքն՝ կարողանանք ախտորոշել մեր այսօրվա իրավիճակը։

Քնարիկ Պետրոսյան