copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:27 26-10-2021

«Թուրքիայի կարմիր Սորոսի» հայկական քաղաքականությունը․ Անին օբյեկտիվում

Արդեն 4 տարի է, ինչ թուրք հասարակական գործիչ, գործարար, իրավապաշտպան-բարերար Օսման Քավալան ապօրինաբար գտնվում է անազատության մեջ, սակայն միջազգային հանրությունը միայն 2021-ի սեպտեմբերի 3-ին է հիշել այդ մասին՝ Թուրքիայի իշխանություններից պահանջելով անհապաղ ազատ արձակել գործչին։ Արևմտյան տասը երկրների դեսպանների կոչին անմիջապես հետևել է թուրքական իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիստերիան։ Էրդողանը, որը Քավալային պիտակավորում է որպես «Թուրքիայի կարմիր Սորոս»՝ փորձելով կասկածի տակ դնել իրավապաշտպանի եկամուտների օրինականությունն ու հանրության շրջանում ձևավորել օտարերկրյա կատարածու-գործակալի կերպար, հրահանգել է անցանկալի անձ (թուրքերեն՝ «istenmeyen kişi») ճանաչել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և յոթ այլ երկրների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ նրանց հայտարարությունը համարելով ուղղակի միջամտություն թուրքական դատարանի գործունեությանը։ Ենթարկվելով Էրդողանի կարգադրությանը՝ դեսպաններին ընդունած Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆարուք Քայմաքչըն էլ հանդուգն և անընդունելի է որակել տարածված կոչը՝ նախագահի բառամթերքի կրկնությամբ նշելով, թե նրանց կողմից փորձ է կատարվում քաղաքականացնել իրավական գործընթացներն ու ճնշում գործադրել թուրքական արդարադատության վրա։ Օսման Քավալան, որը մեղադրվում է 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին ներգրավվելու, իսկ հաջորդ տարի դեկտեմբերին գյուլենականների դեմ հարուցված գործին առնչվելու մեջ, իր հասարաքաղաքական քսանամյա ակտիվիզմում կարևոր տեղ է հատկացրել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ մի քանի անգամ ժամանելով Երևան։ Քաղաքական հատկապես տարածաշրջանային հարաբերությունների զարգացման ֆոնին, եթե հասկանալի պատճառներով հայկական պետությունը չի քննադատում թուրքական իշխանություններին և թեկուզ ձևականորեն կոչ անում ազատ արձակել գործչին, ապա անհասկանալի պատճառներով շարունակում են լռել նաև հայ քաղհասարակությունն ու ոչ կառավարական կազմակերպությունները։

Քավալան հսկայական ավանդ ունի Թուրքիայում իրավապաշտպան կազմակերպությունների զարգացման գործում։ Ավելին, նա կանգնած է 1990-ականների սկզբին Թուրքիայի քաղաքացիական հասարակության ձևավորման ակունքներում։ Նրա գործունեության մեջ առանձնահատուկ է հատկապես 2002 թվականին հիմնադրված «Anadolu Kültür» ինստիտուտը։ Շահույթ չհետապնդող այս ինստիտուտը ստեղծվել է Թուրքիայի ժամանակակից մշակույթն ու արվեստն արտասահմանում հանրայնացնելու, ինչպես նաև Թուրքիայի մշակութային գործիչներին աջակցելու նպատակով։ Այլ կերպ ասած, Քավալայի ինստիտուտը նպատակ է հետապնդում մի կողմից մեծացնելու Թուրքիայի փափուկ ուժի քաղաքականության ոլորտային շրջանակը՝ օգտվելով հոգևոր-մշակութային հաղորդակցության ամբողջ գործիքակազմից, մյուս կողմից՝ սեփական բիզնեսը ծառայեցնելու ի շահ հասարաքաղաքական գործունեության ամրապնդման՝ մշակութային բազմազանության համատեքստում խթանելով քաղաքացիության, պատկանելության և ինքնության համաթուրքական և տարածաշրջանային հիմնահարցերի խոսույթը։ Այս տրամաբանությունից է բխում նաև Օսման Քավալայի ինստիտուտի նախաձեռնություններից մեկն՝ ուղղված հայ-թուրքական դարավոր խորշերի հարթեցմանն ու պատմական հիշողության վերագնահատմամբ նոր երկխոսության վերսկսմանը։ 2006 թվականին մեկնարկած այս ծրագիրը հայտնի է «Ermenistan’la Kültürel İşbirliği» (թարգմանաբար՝ «Հայաստանի հետ մշակութային համագործակցություն») անվամբ։ Թեպետ նախաձեռնությունն իր կամրջող գործունեությունը սկսել է ՀՀ-ում Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ նույն ոգով շարունակելով ընդհուպ Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում, սակայն կառույցն առավելապես ակտիվ և հագեցած աշխատանքներ է իրականացրել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ Ավելին՝ մշակութային հարթակում ազգային երկխոսությունն ընդլայնելու համար, որպես խորհրդանիշ, վերցվել է Բագրատունյաց Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անին։ Հայկական բերդաքաղաքի ընտրությունը պայմանավորված չէ սոսկ այն հանգամանքով, որ քաղաքը ճարտարապետական արվեստի գոհարներ ունի և հայտնի է իր առաքելական եկեղեցիներով ու վանքերով․ քաղաքի՝ որպես հայ-թուրքական երկխոսության խորհրդանշանի ընտրության վրա ազդել են լրացուցիչ երկու գործոններ։ Նախ՝ բերդաքաղաքի աշխարհագրական դիրքը․ այն գտնվում է երկու պետությունների բաժանարար սահմանագծում և ականատեսն է 1993 թվականից ի վեր անցկացված փշալարերին։ Երկրորդ, քաղաքի հայ բնակչության պատմությունը։ Ի տարբերություն Արևմտյան Հայաստանի նահանգային քաղաքների բնակչության, Անիի հայությունը (ի դեպ, նախկին Կարսի մարզը, այդ թվում՝ Անին, ոչ թե Արևմտյան, այլ պատմականորեն Արևելյան Հայաստանի մաս են կազմել) ծննդավայրը հարկադրված լքել են ոչ թե թուրքական իշխանությունների բռնության կամ տեղահանության, այլ բնական աղետից, այն է՝ 1319 թվականի ավերիչ երկրաշարժից հետո։ Գաղթի ճամփան բռնած հայերի մեծ մասը հաստատվել է Ղրիմում, իսկ նրանց զգալի մասը հետագայում դարձյալ տեղափոխվել է հարավ՝ բնակություն հաստատելով Պոլսում, որը, թեպետ դեռևս չէր վերածվել օսմանյան մայրաքաղաքի, սակայն արդեն իսկ տեղի էր տալիս փոքրասիական թյուրքերի հարձակումներին։ Հետևապես, ինչպես Անիի պատմությունն է ցույց տվել, որ հայերն իրենց տունը լքելուց հետո վերստին կարող են վերադառնալ, այնպես էլ Քավալան իր նախաձեռնություններով փորձում է ցույց տալ, որ Հայոց ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց հնարավոր է հայության վերադարձն ու համակեցությունը հարևան թուրքերի հետ։ Ի տարբերություն բազմաթիվ կեղծ ու գրանտակեր թուրք շահառուների՝ Քավալան ազգային կառուցողական երկխոսության և խաղաղության ամրապնդման գաղափարներով մշտապես հրապարակային և անկեղծ է արտահայտվել՝ ներկայացնելով կատարված աշխատանքների թափանցիկ հաշվետվությունները։ Հակառակ բազմաթիվ քննադատություններին, բողոքներին և ազգայնական շրջանակների կողմից գեներացվող ատելությանն ու սպառնալիքներին՝ Օսման Քավալան, որը պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի մտերիմ ընկերն էր և ակտիվորեն պայքարել է «Ակօս» թերթի գլխավոր խմբագրի սպանության գործով արդար դատաքննության համար, 2016 թվականի ապրիլի 24-ին այցելել է Երևան՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

2006 թվականին Քավալայի ջանքերով իրականացվել են «Merhabarev», այնուհետև «Sınır Tanımayan Sanat» («Արվեստ առանց սահմանների», 2007), «Sovyet Propaganda Sanatı» («Խորհրդային քարոզչության արվեստը», 2008), «Sevgili Kardeşim» («Սիրելի եղբայր», 2009-10), «Türkiyeli, Ermenistanlı ve Gürcistanlı Gençlerle Animasyon Atölyeleri» («Անիմացիոն աշխատաժողովներ Թուրքիայի, Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ», 2011), «Ermenistan-Türkiye Gençlik Senfoni Orkestrası» («Հայաստան-Թուրքիա երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ», 2010-12), «Dağa Tırmanmak Söyleşi Dizisi» («Մագլցելով լեռը․ խոսակցությունների շարք», 2012), «Van projesi» («Վանի նախագիծ», 2011-12), «Birbirimizle Konuşmak» («Մեկս մյուսի հետ խոսելիս», 2009-13), «Ani, Çevresi ve Dönemi» («Անին համատեքստում», 2013-14), «Ermenistan-Türkiye Sinema Platformu» («Հայաստան-Թուրքիա կինոհարթակ», 2008-ից ի վեր), «Ermenistan-Türkiye Normalleşme Süreci Destek Programı I ve II» («Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի աջակցության ծրագիր I և II», 2014-15, 2016-17), «Taşın Şiiri Ani: Kültürlerin Kavşağında Bir mimarlık Hazinesi Sergisi» («Քարերի պոեզիա Անի․ ցուցադրություն՝ նվիրված մշակութային խաչմերուկներում հատվող ճարտարապետական հարստությանը», 2017-19), իսկ 2019-2020-ին՝ «Ani Mobil Uygulama» («Անի հեռախոսային հավելված») ծրագրերը։ Հատկանշական է, որ այս ծրագրերին իր աջակցությունն է ցուցաբերել ոչ միայն Քավալան և Եվրոպական միությունը, այլև հայկական կողմը, բայց ոչ պետական մակարդակով։ Որպես օրինակ՝ «Անի» բջջային հավելվածն իրականություն է դարձել շնորհիվ հայ մեծահարուստ նավթարդյունաբերող Գալուստ Գյուլբենկյանի համանուն հիմնադրամի։ Քավալայի ինստիտուտի, Եվրամիության և հայ-թուրքական հաշտեցման գործընթացում ներգրավված հասարակական 8 կազմակերպությունների կոնսորցիումի շնորհիվ Անիի մշակութային ժառանգությունը դարձավ հանրային դիսկուրսի առարկա։ Թեպետ այն ներհայաստանյան իրականության մեջ այդպես էլ չդարձավ օրակարգային թեմա, սակայն Թուրքիայում ակտիվորեն քննարկվեց ինչպես հայկական հետքը, այնպես էլ Թուրքիայի պարտավորությունը՝ փրկելու միջնադարյան ժառանգությունը վերջնական կործանումից։ Թեպետ թուրքական հանրույթը (այդ թվում՝ քաղհասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ) Անիի մշակութային ժառանգության փրկության թեման դիտարկում էին բարի կամքի դրսևորման, դիվիդենտներ շահելու, պլյուրալիստական հասարակարգի իմիտացիա ստեղծելու, այլ ոչ թե պատմական արդարության վերականգնման կամ պետության հանձնառությունների իրականացման նպատակով, բայցևայնպես, իրադարձություններից շահեց հենց Անին․ 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում որոշում կայացվեց Անիի հնագիտական վայրը (բնագրային ձևակերպմամբ՝ «Archeological Site of Ani») ընդգրկելու համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։

Այս ամենից զատ, Օսման Քավալան գաղափարաբանական էական ազդեցություն է գործել նաև տեղի և արտասահմանյան գիտա-ակադեմիական մտքի վրա։ Այսպես, շվեյցարացի հայտնի պատմաբան Հանս-Լուկաս Քիզելն իր կարևորագույն աշխատության՝ 2018 թվականին լույս տեսած «Talaat Pasha: Father of Modern Turkey, Architect of Genocide» (թարգմանաբար՝ «Թալեաթ փաշա․ ժամանակակից Թուրքիայի հայրը, ցեղասպանության ճարտարապետը») անգլալեզու գրքի երախտագիտության բաժնում նշել է, որ Քավալան մեծ դերակատարում է ունեցել գիրքը հաջողությամբ սկսելու գործում։ Այս աշխատությամբ Քիզելն առաջ է քաշում այն թեզը, որ Մուսթաֆա Քեմալին հավասար արդի Թուրքիայի համահիմնադիր է նաև Թալեաթ փաշան, որը կարգադրել և կազմակերպել է Հայոց ցեղասպանությունը։ Ընդամենը 70 էջից բաղկացած, սակայն իրադարձությունները խորությամբ նկարագրող աշխատանքին առանձնակի ուշադրությամբ անդրադարձել է մեկ այլ հռչակավոր գիտնական՝ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Մարկ Մազովերը՝ զուգահեռ անցկացնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ամերիկաբնակ թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Naim Efendi’nin Hatıratı ve Talat Paşa Telgrafları: Krikor Gergeryan Arşivi» (թարգմանաբար՝ «Սպանելու հրամաններ․ Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց Ցեղասպանությունը») հիմնարար աշխատության հետ։ Հետևապես՝ ամենևին զարմանալի չէ, որ կարևորելով Քիզելի ավանդը 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկի՝ Մեծ եղեռնի միջազգայնացման գործում, 2016 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Հանս-Լուկաս Քիզելն արժանացել է նախագահի պետական մրցանակի։