Երևան +13°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:24 08-10-2021

Ատոմակայան՝ ԶՄՊԿ-ի կապիտալի դիմաց․ ի՞նչ է սպասվում Հայաստանին

Վերջին տարիներին հանրային լայն շերտերում քննարկվող թեմաների պակաս չկա։ Սովորաբար թեմաները լինում են բովանդակազուրկ, հերթական ինչ-որ սկանդալի վերաբերյալ, կամ էլ որևէ պաշտոնյայի արած հերթական աբսուրդային, հաճախ նաև վտանգավոր հայտարարությունը։ Սակայն կա մի թեմա, որն իր ակտուալությունը չի կորցնում առնվազն վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում։ Հարաբերական դադարներով, թեման պարբերաբար դառնում է օրակարգային ու ամենաշատ քննարկվողներից մեկը։ Առաջին հայացքից, ատոմակայանի գլխին կուտակված սև ամպերն այդպես էլ չեն ցանկանում ցրվել։ Դագաղի վերջին մեխն էլ եղավ եվրոասոցիացման համաձայնագիրը, որի կետերից մեկն էլ ատոմակայանը փակելու գործընթացն ավարտին հասցնելն էր։

Այս լուրը թեև փառավորեց «կանաչների» հոգիները, սակայն դրական ազդեցություններն այսքանով ավարտվում են։ Վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները թեև հույս են ներշնչում ատոմակայանի ապագայի վերաբերյալ, սակայն ունեն բազմաթիվ թաքնված «տրոյական ձիեր», որոնց շատերի առկայության մասին գաղափար անգամ չունենք։

Հիմա հերթով։ Ատոմակայանի գլխին սև ամպեր սկսեցին կուտակվել՝ այն պահից սկսած, երբ 2020-ի հունիսին կառավարությունը հրաժարվեց ատոմակայանի վերազինման ռուսական վարկից։ Ու այդ թեման թմբկահարեցին հնարավոր ու անհնար բոլոր հարթակներով։ Վարկը չկա, բայց թե ինչ է լինելու ատոմակայանի հետ, պարզ չէ։ Այն ամենը, ինչ կարողացան անել, մինչև 2030 թվականը ատոմակայանի «կյանքը երկարաձգելն էր», իսկ թե ինչ է լինելու հետո, պետք է որոշվեր հընթացս։ ՈՉ մի ռազմավարություն։ Դե, ինչպես բոլոր հարցերում։

Հոկտեմբերի սկզբից նորից սկսեց շահարկվել ատոմակայանի թեման, սակայն բոլորովին այլ՝ արտաքուստ ատոմակայանի հետ որևէ կապ չունեցող սոուսի ներքո։ Հոկտեմբերի մեկին պարզ դարձավ, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը Հայաստանի կառավարությանն է փոխանցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» ունեցած իր բաժնետոմսերի 25 տոկոսը, ինչը կազմում է կոմբինատի ընդհանուր կապիտալի 15 տոկոսը։ Գործարքից անմիջապես հետո՝ Հանրային հեռուստաընկերության եթերում, «Գեոպրոմայնինգ»-ի տնօրեն Ռոման Տրոցենկոն հայտարարեց, որ նոր արտադրություն են ցանկանում հիմնել, ինչի համար հարկավոր է ստաբիլ ու ավելի մեծ ծավալների էլեկտրամատակարարում։ Համեմատաբար էժան ու նման ծավալների էլեկտրաէներգիա ունակ է ապահովել միայն ատոմակայանը։ Տրոցենկոն իր հարցազրույցում նշեց, որ կառավարության հետ այս գործարքին իրենք համաձայնել են՝ առաջիկա 20 տարում կանխատեսելի քաղաքականություն ունենալու դիմաց, որպեսզի կարողանան իրականացնել իրենց ծրագրերը։ Իսկ մեր ատոմակայանի գոյության ժամկետը մինչև 2030 թվականն է, այսինքն՝ 10 տարուց էլ պակաս։

Տրոցենկոն ակնարկեց, որ այս կարիքները հոգալու համար, այն է՝ նոր պղնձաձուլարան, պղնձի կորզման գործարան, նաև քիմիական արտադրություն, պետք է նոր ատոմակայան կառուցել։ Եվ հավելեց, որ «Ռոսատոմը» պատրաստվում է մոտ 400 միլիոն դոլարի ներդրում կատարել այս նպատակով։

Ի՞նչ ատոմակայանի մասին է խոսքը, ի՞նչ ռեակտոր պետք է կիրառվի, ինչո՞ւ մինչև օրս չկար այս առաջարկը։ Սրանք հարցեր են, որոնք կարկուտի պես թափվեցին սոցցանցերի գրառումներում, ի դեպ, բավականին օբյեկտիվորեն։ Հարցերի քանակից ու բնույթից պարզ է դառնում, որ մարդիկ այնքան էլ տեղեկացված չեն՝ ինչպես է աշխատում այս համակարգն ընդհանրապես։ Եկեք հասկանանք՝ ի՞նչ ասաց Տրոցենկոն։

Ըստ նրա՝ Հայաստանի համար ներկա պահին ամենաակտուալը ՌԻՏՄ -200 (РИТМ) ռեակտորային փոքր մոդուլներն են՝ 55 մՎտ հոզորությամբ։ Այս ռեակտորները ժամանակին կիրառվել են միջուկային նավերի ու սառցահատների վրա։ Ինդուստրիալ պահանջները, սակայն, այլ կանոններ են թելադրում։ Բանն այն է, որ վերջին շրջանում հանքարդյունաբերությունն իրականացվում է այնպիսի վայրերում, որոնք բավականին հեռու են, քիչ բնակեցված, դժվար հասանելի են, կամ էլ ինչպես մենք, ակտիվ սեյսմիկ գոտում են գտնվում։ Հենց նման վայրերում համապատասխան քանակի էլեկտրաէներգիա հասցնելու, միևնույն ժամանակ, չարդարացված մեծ ծախսերից խուսափելու համար սկսեցին նախագծվել ու կիրառվել նման փոքր մոդուլները։ Դրանց կառուցումն անհամեմատ ավելի արագ է, էժան, իսկ անվտանգության ու հուսալիության առումով մի քանի անգամ գերազանցում են դասական ռեակտորներին։

Ըստ Տրոցենկոյի, Հայաստանում նախատեսվում է տեղադրել նմանատիվ չորս մոդուլ, գումարային 230 մեգավատտ հզորությամբ։ Յուրաքանչյուր ռեակտոր կազմված է երկու 55 մեգավատանոց մոդուլից՝ ընդհանուր 115 մեգավատտ հզորությամբ։

Հայաստանի ներկայիս ատոմակայանի ռակտորը ՎՎԷՌ -440 (ВВЭР) է: Նմանատիպ ռեակտորներ այլևս չեն կառուցվում։ Նույն մոդելի՝ շուկայում առկա տարբերակներն այժմ ՎՎԷՌ-1000 (ВВЭР) և ՎՎԷՌ-1200 (ВВЭР) են։ Այս ռեակտորները չափազանց թանկ են մեզ համար, կառուցումը տևում է շատ երկար, մոտ 20 տարի, բացի դրանից՝ ավելորդ հզոր են։ Մենք չէինք կարողանալու սպառել այնքան էլեկտրաէներգիա, ինչքան արտադրում են այս ռեակտորները։ Ու այս տարիների ընթացքում նոր ատոմակայան չկառուցելու հիմնական պատճառը հենց սա է, շուկայում չկար մեր պահանջներին համապատասխան ռեակտոր։ Իսկ փոքր մոդուլներով ռեակտորներն էլ դեռ նախագծման փուլում էին, և միայն անցյալ տարի են առաջին նմուշնները սկսել հայտնվել շուկայում։

Ի դեպ, փոքր մուդուլներով ռեակտորների կառուցումը Ռոսատոմ ընկերությունը սկսել է առաջարկել դեռ այս տարվա հուլիսից։

Ի՞նչ է ստացվում։ Ռուսական կողմը կառավարությանն է նվիրաբերել ԶՄՊԿ-ի ամբողջ կապիտալի 15 տոկոսը, փոխարենը ցանկանում է նրանից ստանալ երաշխիք (ամենայն հավանականությամբ, արդեն ստացել է կամ կստանա) առաջիկա 20 տարիներին կանխատեսելի քաղաքականության համար, որպեսզի հնարավոր լինի իրականացնել բոլոր ծրագրերը։ Այլ կերպ ասած՝ «մեզ հետ գործ չունեք»։ Թե հետագայում ի՞նչ կարժենա Հայաստանի Հանրապետության համար այս գործարքը, ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում գոնե մեկ դրական բան կա՝ ատոմակայանի ապագան կամաց-կամաց սկսում է ուրվագծվել։

Աղվան Ասոյան

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ