Երևան +14°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 22:58 28-09-2021

Մայր բուհի գրավումը ՔՊ-ի կողմից

2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի լուրը մեծ դժգոհություն առաջացրեց նաև Երևանի պետական համալսարանում: Օրեր անց Համալսարանի գիտական խորհուրդը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Գործող իշխանությունների համար սա ամենակարևոր ազդանշանն էր առ այն, որ անհրաժեշտ է Մայր բուհը վերցնել տոտալ վերահսկողության ներքո: Ուստի 2021թ. հունիսի 20-ի ընտրություններում «հաղթանակ տանելուց» հետո իշխանությունները ձեռնամուխ եղան ԵՊՀ-ի գրավմանը: Հատկանշական է, որ այս ամբողջ գործընթացը տեղի է ունենում համալսարանականների մի ստվար հատվածի անտարբերության, վախի, հարմարվողականության պայմաններում:

Այսպես, կառավարությունը, առանց Համալսարանի կարծիքը հաշվի առնելու, խախտելով բուհական ինքնավարության վերաբերյալ սահմանադրական դրույթները, միակողմանիորեն փոփոխություններ մտցրեց ԵՊՀ-ի կանոնադրության այն հոդվածներում, որոնք վերաբերում են բուհի ռեկտորի ընտրության չափանիշներին: Այսպես, հանվեց գիտության դոկտորի աստիճան և պրոֆեսորի կոչում ունենալու պայմանը, և ինչպես շուտով պարզվեց, դա արվեց զուտ այն պատճառով, որ իշխանությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը չունի պրոֆեսորի գիտական կոչում, իսկ դոկտորի աստիճան ստանալու գործընթացում առկա են իրավական-ընթացակարգային և մասնագիտական-բովանդակային բնույթի էական խնդիրներ: Այս փոփոխություններն իմ կողմից վիճարկվեցին վարչական, ինչպես նաև ընդհանուր իրավասության դատարաններում: Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ երկու դատարաններն էլ, վերևից եկած հրահանգի արդյունքում, արագ մերժեցին հայցի ընդունումը վարույթ: Դատարանների որոշումները այժմ բողոքարկվում են վերաքննիչ և վարչական վերաքննիչ դատարաններում:

ԵՊՀ-ի գրավման ուղղությամբ քաղաքական իշխանության հաջորդ ապօրինությունը կառավարման ժամանակավոր երեքհոգանոց խորհրդի ձևավորումն էր, ինչը, իբր, արվում էր «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան, ինչը, սակայն, կրկին հակասության մեջ էր մտնում բուհական ինքնավարության մասին ՀՀ սահմանադրության դրույթների հետ, ինչի պատճառով էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից վիճարկվեց ՀՀ սահմանադրական դատարանում: Չսպասելով ՍԴ-ի որոշմանը՝ ժամանակավոր խորհուրդը փակ, գաղտնի պայմաններում, առանց մրցութային գործընթացի, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Հովհաննես Հովհաննիսյանին (ի դեպ, ժամանակավոր խորհրդի անդամներ, ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ Մհեր Գրիգորյանը, Վահրամ Դումանյանը և Եղիշե Կիրակոսյանը դեռ պատասխան են տալու օրենքի առաջ՝ քաղաքական պատվեր կատարելու կապակցությամբ): Հովհաննես Հովհաննիսյանը, չթաքցնելով քաղաքական իշխանության կողմից նշանակված լինելու հանգամանքը, իր հանրային ելույթներում սկսեց խոսել ԵՊՀ-ի զարգացման իր տեսլականների մասին՝ ակնհայտ ցույց տալով, որ ինքը նաև ընտրվելու է ռեկտոր:

Սեպտեմբերի 23-ին ՀՀ սահմանադրական դատարանը պիտի որոշում կայացներ ՀՀ կառավարության՝ ԵՊՀ-ի կառավարման ժամանակավոր խորհուրդ ձևավորելու մասին որոշումը ՀՀ սահմանադրությանը հակասող ճանաչել-չճանաչելու վերաբերյալ: ՍԴ-ի որոշմամբ, եթե առաջնորդվում ենք խելամտության կանխավարկածով, կառավարության նշված որոշումը պետք է որ ճանաչվեր հակասահմանադրական, քանի որ բոլորովին վերջերս ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը այն հիմնավորմամբ, որ օրենքի՝ բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման մասին դրույթները հակասում են Սահմանադրությամբ հռչակված բուհական ինքնավարության սկզբունքներին: Բայց արի ու տես, ինչ-որ մոգական դիպվածով ՍԴ-ն սեպտեմբերի 23-ին նիստ չի գումարում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած դիմումի վերաբերյալ, նիստը հետաձգվում է բավական երկար ժամանակով, ըստ երևույթին այնքան ժամանակով, մինչև ԵՊՀ-ի ռեկտորի «ընտրությունը»: Այս ընթացքում էլ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է «պատահական զուգադիպությամբ» հայտնում, որ նոյեմբերին կլինի այդ ընտրությունը:

Եվ ի՞նչ է տեղի ունենում: ՍԴ-ի նիստի հետաձգման լուրն առնելուն պես Համալսարանում անմիջապես հայտարարվում է հոգաբարձուների խորհրդի համալսարանական անդամների առաջադրման մասին, այնպես, որ առաջադրումների վերջնաժամկետ է սահմանվում պրոֆդասախոսական կազմի թեկնածուների համար սեպտեմբերի 27-ը, ուսանողության թեկնածուների համար՝ սեպտեմբերի 29-ը: Դե իսկ սեպտեմբերի 30-ին էլ ԵՊՀ գիտական խորհուրդը պետք է ընտրի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում պրոֆդասախոսական կազմի ներկայացուցիչներին: Ենթադրում եմ, որ Համալսարանի հոգաբարձուների խորհրդում իշխանական թևի ներկայացուցիչներն էլ արդեն որոշված են. մնում է վերջին ակորդը՝ ձևական ընտրությունը:

Նկարագրվածը գործող իշխանությունների կողմից Մայր բուհի հանդեպ գործած ապօրինությունների փոքր մասն է սոսկ: Ընթերցողին չեմ կամենում ծանրաբեռնել այս ամենի նախապատմություններով: Ուզում եմ պարզապես ահազանգ հնչեցնել բնույթով ապազգային իշխանությունների կողմից Մայր բուհի գրավման վերջին արարի կապակցությամբ:

Փաստորեն, ապօրինի գործընթացների շնորհիվ Համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված անձի հրամաններով կազմակերպվում է ռեկտորի ընտրության «օրինական» գործընթաց, ինքն էլ, «բոլոր ընթացակարգերը պահպանելով», «ընտրվում է» Համալսարանի ռեկտոր: Այս ամենն, իհարկե, շատ ծիծաղելի կլիներ, եթե առկա չլինեին հետևյալ ողբերգական հանգամանքները: Առաջին՝ եթե Մայր բուհը այսպես լուռ հանձնվում է իր իսկ կողմից մերժված իշխանությանը, իշխանություն, որի ներկայացուցիչների զգալի մասը Մայր բուհի անհաջող շրջանավարտներն են, ուստի այսուհետ այս նույն իշխանությունը երկրի ու բուհի հետ անելու է այն, ինչ ուզում է: Երկրորդ՝ եթե ԵՊՀ դասախոսները այս ապօրինության կապակցությամբ չեն բարձրացնում իրենց բողոքը՝ զգուշանալով աշխատանքից ու չուզենալով խնդիրներ ունենալ բուհի ղեկավարության հետ, ապա թող իմանան, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի այսօրվա մեղմությունը, որը մեծամասամբ պայմանավորված է դեռևս նրա թույլ դիրքերի ու «Ես համալսարանական եմ» խմբի կողմից ապօրինությունների այս ողջ շղթան ջրի երես հանելով, երկար չի տևելու: «Ընտրվելուց» ու դիրքերն ամրապնդելուց հետո նա անդրադառնալու է իր և իր իշխանության համար անհարմար բոլոր դասախոսներին ու վարչական աշխատողներին. Տնտեսագիտական համալսարանի օրինակը խիստ հատկանշական է այս առնչությամբ: Երրորդ՝ այս ապօրինության վերջին արարը սկզիբն է հանդիսանալու ազգային կառույց ԵՊՀ-ի սորոսականացման. ասվածի վկայություններն են. «Թրանսփերենսի ինթերնեյշընըլ» ընկերության հետ ԵՊՀ ռեկտորատի համագործակցության սկիզբը (առաջին միջոցառումը Արցախում դասախոսությունների շարքն է. սկզբում թույլ կտան նաև ազգային թեմաներ, հետո կհաստատվեն Մայր բուհում), սորոսական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի ելումուտը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատասենյակ և վերջապես Դանիել Իոաննիսյանի շրջայցը ԵՊՀ-ում սեպտեմբերի 28-ին և հանդիպումները ուսանողների հետ: Ամենահետաքրքիրն այստեղ ազգային դաշտում իրենց դիրքավորած որոշ համալսարանականների կասկածելի լռությունն ու թողտվությունն է: Չորրորդ՝ Մայր բուհը, որ կանգնած է եղել Արցախյան շարժման ակունքներում, այսօր հանձնվում է Արցախի մեծագույն մասը թշնամուն հանձնելու գործում պատասխանատու, Արցախի հարցից հրաժարվող, կենսունակ պետության օրակարգ չունեցող, թշնամուց խաղաղություն մուրացող իշխանությանը:

Լուծումը այս ապօրինի գործընթացը կասեցնելն է, այսօրվա իշխանությունների օրակարգը մերժելը և սեփական օրակարգն առաջ տանելը: