Վրաստանի զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտների ներկայացուցիչներին է ներկայացվում քաղաքացիների քովիդ-կարգավիճակը ճանաչելու նոր առցանց հարթակի գործարկման սկզբունքը։ Այս մասին հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարության աշխատանքի տեսչական ծառայությունը:
Վրաստանում սեպտեմբերի 14 -ին գործարկվել է covidpass.moh.gov.ge պորտալը: Այս հարթակից օգտվելով՝ ինչպես երկրի քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա ճանապարհորդների քովիդ-կարգավիճակի մասին տեղեկատվությունը կարելի է գտնել հատուկ QR կոդով: Իշխանությունները հույս ունեն, որ կայքը կօգնի աստիճանաբար ներդնել երկրում քովիդ-անցաթղթերի համակարգը:
Աշխատանքի տեսչության պետ Բեկա Ֆերաձեն հանդիպում է տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ՝ նրանց նոր համակարգի մասին տեղեկատվություն տրամադրելու համար: Նրա խոսքով՝ զբոսաշրջության ոլորտի աշխատողների հետ զրույցը շատ բեղմնավոր էր:
«Ոլորտի ներկայացուցիչները ցանկանում են, որ ծրագիրը կիրառվի և բացահայտվեն կանաչ գոտիներ, ինչը, մի կողմից, թույլ կտա նրանց պահպանել տնտեսական գործունեությունը համաճարակաբանական բարդությունների դեպքում, իսկ մյուս կողմից՝ կապահովի սպառողների անվտանգությունը», - ասել է Ֆերաձեն:
Աշխատանքի տեսչության պետը չի բացառում, որ ապագայում նոր համակարգը հնարավորություն կտա բիզնեսին լիարժեք գործել, ներառյալ սննդի օբյեկտները, որոնք այժմ չեն կարող հյուրեր ընդունել 22:00-ից հետո:
Ակնկալվում է, որ առաջին փուլում քովիդ-անցաթղթերի համակարգը կամավոր կկիրառվի: Եթե այն իրեն արդարացնի, համակարգող խորհուրդը կորոշի հետագա գործողությունները, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Ինչպես պարզաբանել է Ֆերաձեն, «կանաչ կարգավիճակ» կտրվի այն քաղաքացիներին, ովքեր վերջին 24 ժամվա ընթացքում ստացել են COVID-19-ի արագ թեստի բացասական արդյունք, ովքեր ստացել են բացասական PCR թեստ վերջին 72 ժամվա ընթացքում, ովքեր վերջին վեց ամսվա ընթացքում ունեցել են կորոնավիրուս և նրանք, ովքեր կրկնակի պատվաստված են: