copy image url
Միտք 2 տարի առաջ - 22:33 20-09-2021

Վարչապետ Կարապետյանի կիսատ մնացած գործը շարունակեց նախարար Քերոբյանը

Էկոնոմիկայի նախարարն առաջարկեց, Կառավարությունն էլ համաձայնվեց ոտնահարել աշխատավորների իրավունքը և զրկել նրանց ամանորյա վճարովի հանգստյան 5 օրից: Նորագույն, դեռ չկայացած բաները շքեղ և մեծ ծախսերով տոնել սիրող Կառավարությունը որոշեց զրկել աշխատավորներին հանգիստ, ընտանեկան և բարեկամական անշտապ մթնոլորտում տոնել դարեր շարունակ նշվող Ամանորն ու Սուրբ Ծնունդն այնպես, ինչպես արվում է աշխարհի քրիստոնյա շատ երկրներում: Մինչդեռ նրանցից գողացվելիք այդ 5 օրվա ծախսը մեծ չէ և գործատուներից նախկինում պահանջվել է վճարումների շատ քիչ ավելացում: Քերոբյանի նախաձեռնության պատճառով կդժվարանանա և մեռելոցներից կարևորագույնի ընթացքում հարազատների գերեզմաններն այցելելու հնարավորությունը, ինչը որ դարերով արել են մեր նախնիները:

Շատերը, հատկապես թոշակառուները և գործազուրկները, որոնք աղքատությունից դրդված երազում են աշխատանքի մասին, չեն ըմբռնում հարցի էությունը՝ կարծելով, թե խոսքը թամբալության մասին է: Իրականում, սակայն, դա ֆինանսական խնդիր է, քանի որ այդ հանգստյան օրերի համար վճարվում է աշխատավարձ: Այդ 5 օրը, փաստորեն, լրացուցիչ վճարովի արձակուրդի օրեր են:

Վահան Քերոբյանն իր ոտնձգությունը հիմնավորելու և արդարացնելու համար բերել է 3 փաստարկ, որից 2-ը մանիպուլյացիա են, իսկ երրորդը՝ խիստ խոցելի: Ահա այդ փաստարկները:

1․Խափանվում են երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ ծառայությունների իրականացումն ու գործունեությունը։

Դա մանիպուլյացիա է: Իրականում բոլոր ծառայությունները և գործունեությունները, որոնք անհրաժեշտ են, այդ օրերին անխափան իրականացվում են: Տարբերությունը սովորական օրերի համեմատ այն է, որ գործատուների մի մասը, որը գործում է օրենքի սահմաններում, ստիպված է լինում այդ օրերի համար իր աշխատողներին տրվող չնչին աշխատավարձերը կրկնապատկել: Դա ձեռնտու է աշխատողներին և շատ քչերը կհրաժարվեն դրանից ու կհրաժարվեն աշխատելուց:

Նախկինում գոյություն ունեցած մեր արդյունաբերական հսկաները՝ «Նաիրիտը», «Երազը», Ալավերդու պղնձաձուլարանը,Ավտոդողերի գործարանը և մյուսները, որոնք ունեին բազմահազարանոց աշխատավորական կոլեկտիվներ, ոչ ևս են՝ հուրախություն մեր կառավարության և, հատկապես, Էկոնոմիկայի նախարարության, որի հոգսերը պակասել են, իսկ նրա ղեկավարության աշխատավարձերն ու պարգևավճարները, ընդհակառակը, ավելացել: Հիմա ո՞վ ունի համեմատաբար մեծ թվով աշխատողներ, ո՞վ է ամենից շատ «տուժում»: Մասնավորապես նա, ով զբաղվում է սննդի առաքումով և ունի մի քանի տասնյակ չնչին աշխատավարձով աշխատող առաքիչներ:

2․ Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ՝ 5 լրացուցիչ աշխատանքային օրվա դեպքում ՀՆԱ ծավալը կավելանա 88.6 մլրդ, Համախառն թողարկման ծավալը՝ 123 մլրդ դրամով:

Դա նույնպես մանիպուլյացիա է: Չխորանալով բերված թվերի հավաստիության մեջ՝ նկատենք, որ եթե շարունակենք տրամաբանել նույն ձևով, կարելի է ասել, որ եթե արգելվեն տարվա բոլոր հանգստյան և տոն օրերը, ՀՆԱ-ն կավելանա շատ ավելի մեծ չափով: Իսկ եթե աշխատանքային օրը 8-ի փոխարեն դարձնենք 16 ժամ, ՀՆԱ-ն կկրկնապատկվի՞:

Իրականում, տնտեսություն չունեցող Հայաստանում ոչինչ էլ չի փոխվի: Սպասարկման ու ղումարի ոլորտներն առանց այն էլ կիսով չափ են ծանրաբեռնված: Իսկ այլ էկոնոմիկա՝ հանքարդյունաբերությունից, ճանապարհաշինությունից, Երևանում բնակելի համալիրներ կառուցելուց ու գյուղատնտեսությունից բացի, համարյա ոչինչ չկա: Դրանք էլ արդեն իսկ աշխատում են իրենց հնարավորությունների առավելագույն չափով:

3․ՀՀ քաղաքացիների ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 20, կամ, նույնիսկ,24 աշխատանքային օր է: Ինչի հետևանքով նրանց տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է որոշ «զարգացած և առավել ևս զարգացող» երկրներում առկա նմանատիպ օրերի թվին:

Իրենք իրենց սոցիալական պետություն հորջորջած մեր իշխանությունները մինչ օրս չեն կարողացել ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը լրիվ ազատել Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում եղած աշխատավորներին ձեռնտու բոլոր հոդվածներից: Եթե համեմատեք այդ 2 օրենսգրքերը, կապշեք, թե աշխատավորների օգտին եղած քանի հոդված են փոխել և դարձրել ձեռնտու վերջիններին շահագործելու սիրահար գործատուների համար: Բայց դե ինչ անես, ՀՍՍՀ այդ օրենսգիրքն իրոք լավն էր, և կային բազմաթիվ մարմիններ, որոնք վերահսկում էին դրա հոդվածների կատարումը:

Այդ մարմիններն այսօր կա՛մ վերացվել են, կա՛մ էլ այնքան են արժեզրկվել, որ այլևս ի վիճակի չեն կանգնեցնել այդ ոլորտում արվող անօրինականությունները: Դա է պատճառը, որ երբ գործատուն ասում է՝ դիմում գրի, աշխատողը, չցանկանալով տարիներ շարունակ գործ ունենալ դատարանների հետ, որտեղ որոշողը շատ անգամ ոչ թե օրենքն է, այլ դատավորի կամքը, ճարահատյալ գրում է դիմում՝ աշխատանքից ազատվելու մասին:

Երբ Հայաստանն անկախացավ, ՀՍՍՀ Աշխատանքային օրենսգիրքը դեռ շարունակում էր գործել: Դրա հոդվածների փոփոխման ժամանակ կիրառվել է նույն մանիպուլյացիան, ինչին այսօր դիմում է նախարար Քերոբյանը: Վերցվում է օրենսգրքի մի հոդվածը և համեմատվում այլ երկրի նմանատիպ հոդվածի հետ: Ու փոխանակ հպարտանան, որ մերն ավելի լավն է,վերացնում են այն:

Բոլոր աշխատավորների կողմից խնդրում եմ վարվել այլ կերպ: Ոչ թե առանձին հոդվածները համեմատեք իրար հետ, այլ Հայաստանում և այլ զարգացած պետություններում եղած իրականությունները: Զարգացած, որովհետև ԽՍՀՄ կոչված զարգացած պետության նախկին քաղաքացիները սովոր են ապրել զարգացած երկրի չափանիշներով և չեն ցանկանում գլորվել հետամնաց երկրների մակարդակին: Ինչը որ վերջին 30 տարում ցանկանում են անել մեր բոլոր կառավարությունները:

Մենք կհամաձայնվենք ունենալ Միացյալ Նահանգների աշխատավորների իրոք որ մեզնից ավելի կարճ վճարովի արձակուրդի իրավունք, բայց ստանալ գոնե նրանց մինիմալ աշխատավարձը, որը 2021-ին կազմել է ամսական 1160 դոլար: Իսկ միջինը եղել է 4108.8 դոլար:

Նույն 2021-ին նվազագույն աշխատավարձը Գերմանիայում կազմել է՝ 1689.60, Ֆրանսիայում՝ 1554,58, Չեխիայում՝ շուրջ 580 եվրո: Եվ, քանի որ մեր մինիմալ աշխատավարձը բազմակի անգամ փոքր է, պետք չէ առնետություն անել և խլել մեզնից այն չնչին առավելությունները, որոնք մենք որպես ժառանգություն ստացել ենք Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունից:

Վարչապետ Կարապետյանի կիսատ մնացած գործը

2017 թվականի դեկտեմբերին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ 2019 թվականից սկսած հայաստանցիները կզրկվեն Ամանոր-Սուրբ Ծնունդ-Մեռելոցի հանգստյան օրերից: Այդ նույն դեկտեմբերին տեղի ունեցավ Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությունը: Երբ վարչապետն ավարտեց իր ողջույնի խոսքը, լրագրողներից առաջինը՝ շամպայնի բաժակը ձեռքիս մոտեցա նրան, բաժակները խփեցինք, շնորհավորեցի նրա Նոր Տարին և … կարծիք հայտնեցի, որ նրա վերը նշված որոշումը սխալ որոշում է: Որ չի կարելի գրչի մեկ հարվածով աշխատավորներին զրկել իրենց հասանելիք իրավունքից՝ փոխարենը չառաջարկելով ոչ մի բան: Նախկին վարչապետն իմ այդ «շնորհավորանքը» բացահայտորեն չհավանեց, չհամաձայնվեց ասածիս հետ, և նրա վերջին խոսքն էր. «2019 թվականի հունվարի 3-ին բոլորն աշխատելու են»:

Այն, որ նկատառումս մեղմ ասած դրական չի ընդունվել Կարեն Կարապետյանի կողմից, հաստատվեց, երբ մեկ անգամ ևս մոտեցա նրան՝ մի խումբ լրագրողների հետ նրա զրույցի պահին: Նրա օգնականներից մեկը՝ կարծեմ գլխավորը, համառորեն չնկատելու էր տալիս ինձ: Երևի «շեֆին» չզայրացնելու համար: Մինչդեռ այդ տղային մանկուց էի ճանաչում, քանի որ նա ոչ միայն որդուս դասընկերն էր, այլև ընտանիքներով էինք բարեկամացել:

Հասկանալով, որ խոսելն անիմաստ է՝ այլևս ոչինչ չասացի և որոշեցի փաստարկներս ներկայացնել մամուլի միջոցով: Սպասում էի, որ այդ հարցի քննարկումը գա ԱԺ և ներկայացնեմ դրանք, բայց … եկավ հեղափոխական ապրիլը և կիսակաթվածահար եղած Ազգային ժողովը չհասցրեց կամ չկամեցավ հաստատել այդ որոշումը՝ չկատարելով փոփոխություններ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում:

Հուսանք, որ այսօրվա Ազգային ժողովը ևս չի ցանկանա ոտնահարել աշխատավորների իրավունքները:

Գրիգոր Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
13:22 Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
12:18 Իմ նշանակման և ԵՊՀ-ի փակման միջև կապ չեմ տեսնում. ԵՊՀ ռեկտոր