Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 23:18 17-09-2021

Արցախի թե՛ միացման, թե՛ անկախացման, թե՛ «անջատում հանուն փրկության» տարբերակները փակուղային են

Նույնիսկ կապիտուլյացիայից հետո էլ մինչ օրս վիճում են՝ որն էր ճիշտը՝ Արցախի միացումը Հայաստանի՞ն, թե՞ նրա անկախության ճանաչումը՝ ինքնորոշման իրավունքի համաձայն: Երկուսն էլ փակուղիներ էին, քանի որ ինքնորոշումը լավագույն դեպքում կարող էր տեղի ունենալ միայն ԼՂԻՄ տարածքում, իսկ դրանից դուրս գտնվող շրջանները կհամարվեին օկուպացված: Իսկ միացման դեպքում Արցախի ողջ տարածքը կհամարվեր օկուպացված Հայաստանի Հանրապետության կողմից:

Շատերը մոռացած կլինեն, բայց մի տարբերակ ևս կար, որը 2016-ին առաջարկել էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Այն այսօր նորից է առաջ քաշվում Հայաստանի՝ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ գործ հարուցելու կապակցությամբ: Այն նույնպես փակուղային է: Դատեցեք ինքներդ:

«Ղարաբաղի անկախության հարցի շուրջ» իր հոդվածում ՀՀ առաջին նախագահն ԱԳՆ-ին առաջարկում էր օգտվել «վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինից, որի էությունը հետևյալն է։ Երբ որևէ պետություն իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական և այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, միջազգային հանրությունը, այլևս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից»։

Այս դոկտրինը միգուցե օգտակար կլիներ, եթե կիրառվեր ոչ թե առաջին ղարաբաղյան պատերազմից հետո, այլ, ասենք, «Կոլցո» օպերացիայից առաջ կամ դրանից անմիջապես հետո: Երբ չկային արցախցիներին պաշտպանելու ունակ զինյալներ, և Ադրբեջանի ՕՄՈՆ-ականները սովետական զինվորականների աջակցությամբ հեշտությամբ հայաթափեցին Շահումյանի շրջանն ու ԼՂԻՄ-ի մի շարք գյուղեր: Ու կշարունակեին իրենց «սև» գործը, եթե չփլուզվեր Սովետական Միությունը և Գորբաչովին փոխարինելու չգար Բորիս Ելցինը: Իսկ 2016-ին,երբ Արցախին էին պատկանում ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքներ և այսօր, երբ ԼՂԻՄ-ից մնացած հատվածում լավ, թե վատ ապրում են միայն հայեր, այդ առաջարկը ժամանակավրեպ է:

2016-ին այն ձեռնտու էր Բաքվին և այն պետություններին, որոնք ցանկանում էին խաղաղապահ ուժեր մտցնել Արցախ, ինչը շատ վտանգավոր էր մեզ համար: Այսօր էլ ձեռնտու է Բաքվին և այն ուժերին, որոնք ցանկանում են անընդհատ լարվածության մեջ պահել արցախցիներին, և շատ վտանգավոր է մեզ համար: Բացատրեմ, թե ինչու:

Որպես լրագրող մասնակցել եմ 2003-ից հետո տեղի ունեցած Մինսկի խմբի համանախագահողների այցերին հաջորդած համարյա բոլոր մամլո ասուլիսներին և եկել այն եզրակացության, որՎաշինգտոնը, Փարիզը եւ Մոսկվան համաձայն էին ճանաչել Արցախի անկախությունը ԼՂԻՄ սահմաններում՝գումարած Լաչինի տարածքով անցնող և Հայաստանն Արցախին կապող միջանցքի տարածքը: Եվ դա արտահայտված էր նաև Մադրիդյան սկզբունքներում, որին դեմ էր Բաքուն, և չգիտես՝ դեմ էր, թե կողմ Երևանը: Այդ դեպքում խաղաղապահ ուժերը նախատեսվում էր տեղակայել ԼՂԻՄ-ի սահմանի և Լաչինի միջանցքի երկայնքով: Ինչպես որ այսօր է: Բայց եթե հայկական կողմը բանակցություններում փոխեր իր դիրքորոշումը և համաձայնվեր /համաձայնվի/ կիրառել «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը, խաղաղապահ ուժերի տեղակայումը կկատարվեր/կկատարվի/ այլ՝ հայկական կողմի համար չափազանց ոչ ձեռնտու և վտանգավոր ձևով, ինչի պատճառով Արցախը չէր ստանա/չի ստանա/ նույնիսկ ԼՂԻՄ-ում իրեն մնացած տարածքն ամբողջությամբ վերահսկելու իրավունք:

Խոսենք այսօրվա իրողությունների տեսակետից՝ հասկանալով, որ 2016-ին կլինեին նույն խնդիրները:

Բանն այն է, որ այդ դեպքում ադրբեջանական կողմն իսկույն ևեթ մեջտեղ կհանի «Խոջալուի ցեղասպանության» իր վարկածը, կվկայակոչի այն փաստը, որ Խոջալուն և մի շարք այլ գյուղեր հիմնականում բնակեցված են եղել ադրբեջանցիներով, կներկայացնի այն գյուղերի ցանկը, որտեղ եղել են ադրբեջանաբնակ թաղամասեր, և կպահանջի, որ խաղաղապահ ուժերը տեղակայվեն Խոջալուի, նաև այն գյուղերի սահմաններին, ուր, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության, պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականները: Այդ դեպքում Արցախում կստեղծվի այն պայթյունավտանգ իրավիճակը, որն առկա էր Հարավային Օսիայում մինչ ռուս-վրացական պատերազմը:

Հիշեցնենք, որ այնտեղ համարյա ամեն օր բռնություններ, նույնիսկ փոխհրաձգություններ էին տեղի ունենում, երբ վրացի գյուղացիները փորձում էին անցնել օսական գյուղերի միջով անցնող ճանապարհներով, կամ, ընդհակառակը, երբ օսերն էին փորձում անցնել վրացական գյուղերի միջով: Եվ անհնար էր պարզել, թե ով է մեղավորը՝ վրացինե՞րը, օսե՞րը, թե՞ռուս խաղաղապահները:

Բայց մի՞թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում չկար փակուղի չտանող ուղի, կհարցնի ընթերցողը: Կար, և հիմա էլ կա:

Իսկ թե որն է այդ ուղին, կիմանաք հաջորդ հոդվածում:

Գրիգոր Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
15:50 Իրավիճակը Ոսկեպարում և Կիրանցում․ ՈւՂԻՂ
19:55 Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը․ ՈւՂԻՂ
19:22 Լարված իրավիճակ՝ Տավուշում. քաղաքացիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը. ՈւՂԻՂ
17:30 Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև
19:41 Ձեզ զգուշացնում եմ, չեմ թողնելու, որ այստեղ ճանապարհ փակվի․ ոստիկանը՝ Բագրատ Սրբազանին
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
16:15 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
08:07 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ Հրապարակ
00:00 Շուրջ 10 հոգի բերման է ենթարկվել․ գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցում է․ Բագրատ Սրբազան