Երևան +13°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:13 17-09-2021

Արցախյան պատերազմ․ կորուստների հաշվառում ու նոր իրականություն․ մաս 2

Մաս 2․ Անվտանգությունը, որն այսօր բացակայում է․ հայկական կողմի զինված ուժերի անձնակազմի ու ռազմատեխնիկական կորուստների ընդհանուր բնութագիրը

Պատերազմի արդյունքում Արցախում (ԼՂԻՄ ու ազատագրված հողեր) տարածքների կորուստը ռազմավարական առումով աղետաբեր էր։ Այն փաստացիորեն արձանագրեց Արցախի անվտանգության ու պաշտպանունակության նվազում մի քանի անգամ։ Այսօր Արցախի վերհսկողության ներքո առկա տարածքը գործնականում ռազմական ու ռազմավարական առումով այլևս չունի խորություն, այսինքն հնարավոր հարձականման պարագայում այն պաշտպանելը դառնում է խիստ բարդ, եթե ոչ անհնար։ Ներկայումս այն լիովին խոցելի է ադրբեջանական զինուժի կողմից, որոնք փաստացիորեն օղակի մեջ են վերցրել Արցախը, որի արդյունքում Արցախի հիմնական բնակավայր-քաղաքները դարձել են շատ հեշտ խոցելի անգամ ոչ ժամանակակից և ոչ հեռահար հրետանային միջոցների համար։ Հենց այս տեսանկյունից կարող ենք փաստել, որ Արցախի ներկատարածքային ամբողջականությունը ենթադրում է բացառապես ռազմական գիտության մեջ ընդունված «շրջանաձև պաշտպանությանը» համապատասխան գործողություններ։ Այլ ռազմավարությունների կիրառումը այսօր գրեթե անհնար է։ Ի դեպ, «անվտանգություն» բառը Արցախի պարագայում նույնպես այլևս կիրառելի չէ․ այնտեղ առկա իրավիճակը առավել հստակ է բնորոշում «պաշտպանություն» բնորոշումը։

Տարածքների՝ Ադրբեջանին հանձնելու արդյունքում ռազմական ու մարտավարական առումով խնդիր է դարձել նաև ադրբեջանական ու հայկական զինվորական ստորաբաժանումների դիրքային տեղակայման հարաբերակցությունը և հատկապես դրանց բարձրադիրությունը ոչ հօգուտ հայկականի։ Նոր տեղադրված հայկական դիրքերում գրեթե բացակայում են ամրաշինական կառույցները, խրամատները։ Դիրքերի կահավորման առումով ադրբեջանականը գերազանցում է ինչպես Արցախի, այնպես էլ Սյունիքի սահմանային հատվածների հայկական դիրքերին։ Երկու դեպքում էլ հայկական զինվորական ստորաբաժանումները հիմնականում գտնվում են իրենցից գերակայություն ունեցող ադրբեջանական զինվորական ստորաբաժանումների նշանառության տակ։

Հայկական և ադրբեջանական միջդիրքային տարածքում, որտեղ առկա չէ խրամատավորում, առկա չէ շփման գիծ, ուստի առավել արդյունավետ պաշտպանություն կազմակերպելու հնարավորություն։ Որոշ հատվածներում առկա դիրքերը ու նրանց միջև պաշտպանական կառույցների բացակայությունը պայմաններ են ստեղծում, որ Արցախի բնակավայրերը գտնվեն ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ազատ խոցման ու բաց ներթափանցման գոտում։

Հարկ է նշել, որ պատերազմի հետևանքները շոշափելի բացասական անդրադարձ են ունեցել Արցախի ու ՀՀ-ի ռազմատեխնիկական կարողությունների և զինված ուժերի մարտունակության վրա։ Տեղի է ունեցել զինված ուժերի քանակի նվազում, որը շարունակվելու է՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ի քաղաքացիները այլևս հնարավորություն չեն ունենալու Արցախում պարտադիր զինծառայություն անցնել։ Նպատակ կա Արցախի պաշտպանության բանակի ֆունդամենտալ փոխել ինչպես կառուցվածքային, այնպես էլ ծառայության կազմակերպման մասով՝ ծառայությունը դարձնելով հիմնականում պայմանագրային։ Անվտանգության առկա խնդիրների պարագայում նման քայլը խիստ բացասական հետևանքներ կարող է ունենալ Արցախը սեփական ներուժով պաշտպանելու տեսանկյունից։

Խոսելով Արցախ անվտանգության ու պաշտպանվածության ներկա իրողություններից՝ պետք է առնվազն մոտավոր պատկերացում կազմել պատերազմի արդյունքում տեղ գտած մարդկային կորուստների քանակի մասին։ Չնայած ՀՀ-ի կողմից պաշտոնապես կորուստների թիվը մի քանի անգամ հայտարարվել է, սակայն դրանց հակասականությունը ու իրարամերժությունը՝ այդ թվում ՊՆ գերտեսչական մակարդակում, ինչպես նաև ՀՀ վարչապետի կողմից իր սեփական հնչեցրած թվերին պարբերաբար հակասելը, առնվազն փաստում են, որ դրանք ստույգ չեն ու ըստ իրավիճակի՝ մանիպուլացվում են։

Ս․թ․ օգոստոս 26-ին ՀՀ վարչապետի կողմից հանրայնացված պաշտոնական տվյալների համաձայն՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3777 է, որոնցից 3702-ը զինվորականներ են, իսկ 75-ը՝ քաղաքացիական անձինք: Եվս 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է:

Ըստ արևմտյան հետազոտական կենտրոններից մեկի փակ զեկույցի դեկտեմբեր ամսվա դրությամբ ՀՀ-ի զինվորականների ու կամավորականների զոհերի ընդհանուր թիվը կազմում էր մոտ 10764, վիրավորներինը՝ 16364, անհետ կորածներինը` 763։ Սա իր մեջ ներառում է ՀՀ-ի ու Արցախի քաղաքացիներին։ Անհետ կորածները իրենց մեջ ներառում են նաև գերի ընկած ու նահատակված, սակայն այդ պահին դեռ չհայտնաբերված ՀՀ զինվորականներին։

Հայազգի և ռուս մի շարք փորձագետներ նշում են, որ հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը մոտ է 5000-ի, մինչդեռ Ադրբեջանական կողմինը տատանվում է 5100-5600 միջև՝ ներառյալ 540 սիրացի և արաբ վարձկանները (https://www.kavkaz-uzel.eu/articles/357384/)։ Սա փաստում է, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմը, տարբեր հանգամանքերից ելնելով, թաքցնում են իրենց զոհերի իրական թվերը։ Այս առումով շատ զգայուն թեմա է հատկապես գերիների հարցը, որոնք առկա են ադրբեջանական կողմի մոտ և ըստ մոտավոր թվերի՝ կազմում եմ մոտ երկու հարյուր հոգի։

Հարկ է նշել, որ ըստ ռազմագիտության օրենքերի՝ ադրբեջանական կողմի զոհերի թիվը պետք է շոշափելի բարձր լիներ, քան հայկական կողմինը, քանի որ նա հարձակվող կողմ էր։ Սակայն նման իրավիճակ չունեցանք։ Ակնհայտ է, որ սա փաստացիորեն դասական պատերազմ չէր։ Մյուս կողմից՝ պատերազմի ընթացքում, հատկապես դրա սկզբնական հատվածում, հայկական կողմի զորաշարժերը ոչ միշտ էին տեղավորվում խելամտության ու ռացիոնալության, իրավիճակին համարժեք արձագանքելու իրողությունների տիրույթում։ Առկա էր զորքերի տեղաշարժի ու կոորդինացման խորքային խնդիրներ ու երբեմն տեղերում ոչ կառավարելի իրավիճակներ։

Նշենք, նաև, որ 44-օրյա պատերազմում,այդ թվում կենդանի ուժի ոչնչացման մասով, շոշափելի դեր խաղաց ԱԹՍ-ի գործոնը․ խոսքը հատկապես թուրքական Bayraktar TB-2-ի մասին է։ Վերացարկվելով նրա շուրջ PR բաղադրիչից` այնուամենայնից այն կարևորագույն դերակատարում ունեցավ ինչպես կենդանի ուժի, այնպես էլ հայկական կողմի զինտեխնիկայի խոցումների գործում։

Անդրադառնալով պատերազմի ժամանակ հայկական կողմի ռազմատեխնիկական կորուստների քանակին՝ հարկ է նշել, որ հենց միայն թուրքական Bayraktar TB2 գործուենության արդյունքում հայկական կողմը կրել է բավական մեծ կորուստներ՝ այդ թվում հենց զինտեխնիկայի մասով (Տե՛ս աղյուսակ)։

Աղյուսակ

ՏԵՍԱԿ

ՈՉՆՉԱՑՎԱԾ

ԳՐԱՎՎԱԾ

ԽՈՑՎԱԾ/

ՎՆԱՍՎԱԾ

Տանկեր

140

5

99

Ռեակտիվ հրթիռային համակարգեր

30

5

-

Զրահապատ բազմաֆունկցիոնալ քարշակման միջոցներ

31

48

-

Հրետանային համակարգեր

128

90

10

Ինքնագնաց հրետանային համակարգեր

20

7

-

Մինամյոտ

9

45

-

Հակատանկային խոցման համակարգեր

4

13

-

ՀՄՄ (հետևակի մարտական մեքենա)

23

50

-

Ռադիոտեղորոշման համակարգեր

12

3

-

ՀՕՊ համակարգեր

2

9

-

Ավտոմեքենաներ ու բեռնատարներ

293

336

8

Զենիթահրթիռային պաշտպանության շարժական համակարգեր

6

-

-

Ուղղաթիռներ և ռմբակոծիչներ

2

-

-

Հակատանկային պայհքարի միջոցներ

3

113

-

Օպերատիվ մարտավարական բալիստիկ հրթիռային համակարգեր

1

-

-

ԱԹՍ

5

-

-

Ընդհանուր առմամբ՝ հարկ է նշել, որ պատերազմի արդյունքում խոցվել կամ ոչնչացվել է հայկական կողմի ընդհանուր զինտեխնիկայի մոտ 69,3 տոկոսը։

ՄԱՍ 1․ Հողը, որ քչերին էր պետք

Ամենից շատ դիտված