copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:55 11-09-2021

«Պետք է մշակույթն առաջին պլան բերելու պետական քաղաքականություն ունենանք». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Աբովյանի դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1980 թ.-ին: «Այդ ժամանակ Աբովյան քաղաքում կառուցվել է մշակույթի պալատ, գործել է «Հայելի» սիրողական թատերախումբը, որն այնուհետև տեղափոխվել է շենք, որտեղ եղել է բեմական տարածք, և իրենց աշխատանքը դարձել է ավելի պրոֆեսիոնալ, ժողովրդական թատրոնի կոչում են ձեռք բերել, հյուրախաղերի մեկնել և այլն: 1990-ականներին, հաշվի առնելով առկա դժվարությունները, թատրոնի աճը մի փոքր դանդաղել է: Բայց թատրոնը երբևէ չի դադարել աշխատել՝ ներկայացումներ են բեմադրել, մրցանակներ շահել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը:

Նշում է՝ 2018 թ.-ին նրան առաջարկել են «զբաղվել» թատրոնով: «2018 թ.ին առաջին ներկայացումը «Պոչատ աղվեսն» էր, որը նաև «Արտավազդ» մրցանակի արժանացավ՝ դառնալով 2019 թ.-ի մանկական լավագույն ներկայացումը: Կարելի է ասել, որ թատրոնում սկսվեց մի նոր փուլ: Առաջին հերթին պետք է լուծեի խաղացանկի խնդիրը, իմ առջև խնդիր դրեցի և դա արեցի: Այժմ ունենք ութ անուն ներկայացում, որոնք պարբերաբար խաղում ենք, տարիքային տարբեր խմբերի համար՝ թե՛ մեծահասակների, թե՛ պատանիների ու փոքրերի համար: Սրանով մի կարևոր հարց լուծեցինք, որ աբովյանցիները և հարակից շրջանների ու գյուղերի բնակիչներն այլևս ստիպված չեն գնալ Երևան, որպեսզի իրենց մշակութային ճաշակը զարգացնեն կամ էլ ժամանցն ապահովեն: Սա նաև իրենց համար ֆինանսական մեծ բեռ չի լինի: Իրենց քաղաքն է, թեկուզ զբոսնելով՝ գալիս են թատրոն, դիտում ներկայացումները: Նրանցից շատերը կապվել են թատրոնի հետ, ունենք մշտական հանդիսատես»,-նշում է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով թատրոնի դերասանական կազմին և սերնդափոխությանը՝ տնօրենն ընդգծում է, որ բոլոր թատրոններում ոչ թե կադրերի խնդիր կա, այլ աշխատատեղերի: «Ամեն տարի շատ շնորհալի երիտասարդներ են ավարտում Թատերական ինստիտուտը, բայց այստեղ գալիս է աշխատաշուկայի խնդիրը, քանի որ բոլորին չենք կարող աշխատանքով ապահովել: Թատրոններն էլ ունեն իրենց յուրահատկությունը. որքան արտիստը տարիքն առնում է, այնքան հմտություններ է ձեռք բերում, այնքան ավելի լավ արտիստ է դառնում, օրինակ՝ ի տարբերություն պարարվեստի, որի դեպքում արտիստների կարիերան շուտ է ավարտվում: Այո՛, ունենք խնդիր, որ շատ շնորհալի ուսանողներ ավարտելուց հետո չեն ունենում աշխատանք: Մեր պարագան մի փոքր այլ է, քանի որ Աբովյանի դրամատիկական թատրոնը մշակութային հիմնադրամ է, պետական հովանավորությամբ գործող կառույց չէ այս պահին, ապագայի մասին ասել չենք կարող: Հիմնականում աշխատում ենք պայմանագրային սկզբունքով: Յուրաքանչյուր ներկայացման համար հրավիրվում են արտիստներ, ստեղծագործում ենք, տվյալ ժամանակահատվածի համար, ըստ պայմանագրի, վճարվում են, հետագայում էլ յուրաքանչյուր ներկայացման համար ստանում են ելույթավճար: Ինչո՞վ է սա թատրոնի համար լավ. ամեն անգամ կախվածություն չունենք կոնկրետ արտիստներից և ազատ ենք ստեղծագործում, իսկ արտիստների համար լավ է այնքանով, որ ունեն ազատ գրաֆիկ, կարող են մեկ այլ տեղ էլ աշխատել: Երկուստեք հետաքրքիր համագործակցություն է ստացվում»,-ընդգծում է թատրոնի տնօրենը:

Նշում է՝ թատրոնը հյուրախաղերով հաճախ է լինում Գյումրիում, Հրազդանում, Երևանում, Վանաձորում, որտեղ ամեն տարի մասնակցում է Վանաձորի փառատոնին: Հավելում է՝ համայնքապետարանի կողմից միանվագ դրամական աջակցություն չկա, ինչպես մյուս թատրոնների դեպքում: «Դրանք բոլորն ունեն միանվագ բյուջե: Մեզ մոտ ֆինանսները գոյանում են ներկայացումների տոմսերի վաճառքի արդյունքում, և քանի որ հիմնադրամ ենք, անկախ ենք ֆինանսների տնօրինման հարցում: Աբովյանի համայնքապետարանը մեզանից պարբերաբար ներկայացումներ է ձեռք բերում, մշտապես ֆինանսավորում է ամանորյա ներկայացումները, դառնում է նաև տարվա մեջ մեկ ներկայացման համաֆինանսավորող: Սա ավանդույթ է, մասնակի աջակցում է ներկայացմանը: Սեպտեմբերի 24-ին տեղի է ունենալու «Կարմիր գլխարկը» երաժշտական ներկայացման պրեմիերան, որն իրականացնում ենք ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով և Աբովյանի ու Հրազդանի համայնքապետարանների համաֆինանսավորմամբ, քանի որ նախագիծը ներկայացված է եղել որպես երկու թատրոնի աշխատանք: Սա համատեղ ներկայացում է, որը բեմադրում եմ ես: Աբովյանի համայնքապետը, չունենալով հնարավորություն տրամադրելու ֆինանսական մեծ աջակցություն, չնայած ցանկությանը, կարողանում է շատ հետաքրքիր ձևով ոգևորել մարդուն, «պահել» նրան: Դա շատ կարևոր է, քանի որ ստեղծագործելը շատ լավ է, բայց ապրել էլ է պետք: Այդ առումով դժգոհություն չունենք: Աբով յանն այսօր համարվում է ստեղծագործական բումի քաղաք, քանի որ երկար տարիներ նման մեծամասշտաբ ներկայացումներ չեն եղել»,հավելում է Սարգսյանը:

Մեր զրուցակիցն ասում է՝ խնդիրներ ևս ունեն, հիմնականում՝ տեխնիկական և շենքի վերանորոգման մասով: «2800 քմ տարածք ունի թատրոնը, երկու դահլիճ ունենք, մեծը՝ 580 տեղ, փոքրը՝ 120: Անցած տարի այս օրերին ինձ մոտ նոր միտք հղացավ և էքսպերիմենտալ բեմական հարթակ ստեղծեցինք՝ բեմի տակ ներկայացումներ արեցինք: Խաղացինք Չեխովի «Հիվանդասենյակ համար վեցը»: Մեր դերասան Դավիթ Եղիազարյանն այդ ներկայացմամբ արժանացավ «Արտավազդ» մրցանակի՝ որպես տարվա լավագույն երիտասարդ դերասան: Կրկին վերադառնալով խնդիրներին՝ նշեմ, որ թատրոնի շենքը երբևէ չի վերանորոգվել, որոշակի աշխատանքներ անում ենք, բայց շատ լուրջ ներդրումներ են պետք, ինչը համայնքն իր հաշվին անել չի կարող:

Պետք է ունենանք պետական լուրջ քաղաքականություն՝ մշակույթն առաջին պլան բերելու, որովհետև, ի վերջո, մեզ մշակույթով են ճանաչում և չեն «ջարդում»: Լավ կլինի, որ թատրոններում ներդրումներ արվեն, չհամարվի դա անիմաստ կորուստ: Հնարավոր է՝ դա սկզբում ահռելի եկամուտ չբերի, բայց 1-2 տարվա ընթացքում քո երկրի ներկայացուցչով այնպիսի անուն ձևավորվի աշխարհում, որ նույնիսկ երկրի համար մեծ հարցեր լուծի: Մեզ մոտ, ցավոք, այդ քաղաքականությունը չկա»,-եզրափակում է թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:13 Դանակահարություն՝ Ալավերդիում․ բժիշկները պայքարում են 17 և 18 տարեկան տղաների կյանքի համար
00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
15:50 Իրավիճակը Ոսկեպարում և Կիրանցում․ ՈւՂԻՂ
19:55 Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը․ ՈւՂԻՂ
19:22 Լարված իրավիճակ՝ Տավուշում. քաղաքացիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը. ՈւՂԻՂ
12:51 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան․ armlur.am
17:30 Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև
19:41 Ձեզ զգուշացնում եմ, չեմ թողնելու, որ այստեղ ճանապարհ փակվի․ ոստիկանը՝ Բագրատ Սրբազանին
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
13:23 Լարված իրավիճակ` Երևան-Սևան ճանապարհին. քաղաքացիները փակել են այն. ՈւՂԻՂ