Մամուլ 4 տարի առաջ - 07:57 09-09-2021

Ինչպես միշտ, այս իշխանությունները գործում են բացառապես կացնային մեթոդներով. Փաստ

Փետրվարին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հաստատակամ կերպով նշում էր, թե Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները պարտադիր բնույթ չեն կրելու, միայն կամավոր են լինելու։ Սակայն հիմա տեղի է ունենում Ավանեսյանի ասածի հակառակը։ Հիմա արդեն որոշվել է՝ աշխատող քաղաքացիներին փաստացի պարտադրել մինչև հոկտեմբերի 1-ը պատվաստվել, կամ էլ, ըստ առողջապահության նախարարի հրամանի, նրանք ստիպված են լինելու երկու շաբաթը մեկ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնել:

Անվիճելի է, որ վարակից պաշտպանվելու լավագույն տարբերակը պատվաստվելն է, մինչ այժմ գիտնականները այլ տարբերակ չեն գտել, սակայն մյուս կողմից էլ՝ բնական է, որ հանրության շրջանում որոշակի անվստահություն կա պատվաստման հետ կապված։ Խնդիրն այն է, որ անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարն է պաշտոնապես հայտարարում, թե շուտով կարող են ի հայտ գալ կորոնավիրուսի այնպիսի շտամներ, որոնց վրա ներկայումս գործող պատվաստանյութերն ուղղակի կարող են չազդել։ Միգուցե զարգացած ու հարուստ երկրներում աշխատավոր մարդիկ ֆինանսապես ի վիճակի լինեն ամեն ամիս թեստ հանձնել, սակայն դա քիչ հավանական է Հայաստանի պես աղքատ երկրի համար։

Հայաստանում այսպիսի որոշում է ընդունվել թերևս նրա համար, որ քաղաքացիները, չկարողանալով ամեն ամիս վճարել ՊՇՌ թեստի համար, ստիպված գնան պատվաստվելու։ Այսինքն, այսպիսի քաղաքականությամբ իշխանությունները մարդկանց ուղղակի պարտադրում են պատվաստվել։ Այլապես խոսք չէր լինի նաև չպատվաստված ու թեստ չհանձնած մարդկանց աշխատանքային պայմանագրերը լուծելու հնարավորության մասին, ինչի իրավունքն իշխանությունները չունեն։ Ակամայից այս դեպքում էլ մեր աչքի առաջ կարող է գալ «պարտադիր, բայց ոչ պարտադրված» կարգախոսը, որը տարիներ առաջ օգտագործվում էր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շուրջ քննարկումների ընթացքում։

Եվ չնայած Նիկոլ Փաշինյանը դեմ էր պարտադիր կուտակայինին ու անխնա քննադատության էր ենթարկում, սակայն, ի վերջո, իր օրոք կայացվեց այդ համակարգը քաղաքացիներին պարտադրելու որոշումը։ Եթե անգամ մի կողմ թողնենք այն հարցը, որ շատ մասնագետներ համավարակին վերաբերող՝ իշխանությունների մոտեցումներում իրավական առումով մի շարք խնդրահարույց կողմեր են տեսնում, ընդհանուր առմամբ, իշխանությունների նման պարտադրանքները միշտ բողոքի և հակազդեցության պատճառ են դառնում։

Դրա փոխարեն, անհրաժեշտ էր ակտիվ աշխատանքներ տանել հանրության հետ, մարդկանց բացատրել ներկա պայմաններում պատվաստման անհրաժեշտությունն ու դրական կողմերը, մտածել խրախուսման մասին (օպերայի տոմսի գաղափարն, անշուշտ, անհեթեթ էր), որպեսզի քաղաքացիներն իրենց իսկ կամքով որոշում ընդունեին պատվաստվելու մասին։ Բայց, ինչպես միշտ, այս իշխանությունները գործում են բացառապես կացնային մեթոդներով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից