Երևան +14°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:51 07-09-2021

Առողջապահության նախարարն ընդդեմ տրամաբանության

Սեպտեմբերի առաջին օրերին մասնագիտությամբ իրավաբան Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ գործատուները պետք է աշխատողներից պահանջեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստված լինելու փաստաթուղթ, որպեսզի «հավաստիանան, որ քաղաքացին, երբ ներկայանում է աշխատանքի, առողջ է և վտանգ չի ներկայացնում իր շրջապատի համար»: Քանի որ այս մեջբերումը նախարարի պահանջի միակ հիմնավորումն է, փորձենք հասկանալ, թե արդյո՞ք աշխատողի ՊՇՌ թեստի բացասական պատասխանը կամ պատվաստված լինելն ապահովում են մյուսների անվտանգությունը:

Քննարկենք հարցը դպրոցում կամ բուհում աշխատող մարդու օրինակով, քանի որ այս դեպքում գործ ունենք համեմատաբար փոքր տարածքում մեծ թվով մարդկանց գտնվելու փաստի հետ: Նախարարը պահանջում է, որպեսզի ուսուցիչը կամ դասախոսն ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ աշխատանքի ներկայանան պատվաստված: Արդյո՞ք այդ դեպքում նրանք վտանգ չեն ներկայացնում ուրիշների համար. բնավ ոչ: Բանն այն է, որ Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով պատվաստված մարդիկ ևս կարող են վարակվել և փոխանցել վարակը, քանի որ պատվաստումն ապահովագրում է նրանց միայն 80-90 տոկոսով, և այն էլ այն դեպքում, երբ շարունակում են պահպանվել հակահամաճարակային միջոցառումները` դիմակներ, սոցիալական հեռավորություն և այլն: Հիմա, արդյո՞ք այս պահանջները պահպանվում են դպրոցում և բուհում` ոչ: Հետևաբար, ՊՇՌ թեստի բացասական պատասխանը կամ պատվաստված լինելը չեն լուծում այն նպատակը, որի մասին խոսում է նախարարը, այն է` ապահովել անվտանգ միջավայր սովորողների և կրթօջախների աշխատակիցների համար: Այլ կերպ ասած, այս դեպքում գործ ունենք մեթոդաբանական սխալի հետ, երբ դրված նպատակը և դրան հասնելու մեթոդներն իրար չեն համապատասխանում:

Բայց նախարարի պահանջում կա ավելի մեծ անհեթեթություն, որը վերաբերում է ՊՇՌ թեստի բացասական պատասխանին: Պատկերացրեք, որ ուսուցիչը կամ դասախոսը ՊՇՌ թեստի բացասական պատասխանով ներկայանում են աշխատանքի, որտեղ ամեն օր եկող մի քանի հազար սովորողները ո´չ ՊՇՌ թեստ են հանձնում, ո´չ էլ պատվաստված են: Այդ սովորողները կարո՞ղ են լինել վարակակիր և վարակել իրար ու կրթօջախի աշխատակիցներին` այո: Եթե ուսուցիչը և դասախոսն ունեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան, այն ապահովագրո՞ւմ է նրանց վարակվելուց` ոչ: Այդ դեպքում ի՞նչ խնդիր է լուծում ՊՇՌ թեստի բացասական պատասխանը` ոչ մի: Բացի նրանից, որ 14 օրը մեկ աշխատակիցը պետք է վճարի և ստանա այդ թուղթը, որը նրան չի ապահովագրում վարակվելուց և չի նշանակում, որ նա թեստը հանձնելու հաջորդ իսկ օրը չի կարող վարակվել և 14 օր շարունակ վարակել մյուսներին` մինչև հաջորդ թեստի օրը: Հետևաբար, այս դեպքում նույնպես գործ ունենք մեթոդաբանական տգիտության հետ, այն դեպքում, եթե ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության պահանջը վերաբերում է կրթօջախի ՄԻԱՅՆ աշխատակիցներին, բայց ոչ` սովորողներին, ապա որևէ անվտագ միջավայրի մասին խոսել չի կարելի, քանի որ զուտ վիճակագրորեն սովորողները, որոնք մի քանի անգամ ավելի շատ են աշխատակիցներից, մի քանի անգամ ավելի մեծ հավանականությամբ էլ վարակակիր են:

Հատկապես, եթե հաշվի առնենք, որ այս պահին և հոկտեմբերի 1-ից հետո էլ երկրում առանց լուրջ սահմանափակումների գործում են սրճարանները, խանութները, զվարճանքի կենտրոնները և հանրային տրանսպորտը, հետևաբար իրենց աշխատավայրից և կրթօջախներից դուրս մարդիկ կարող են վարակվել, հաջորդ իսկ օրը վարակեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունեցող իրենց աշխատակիցներին, ուսուցիչներին և դասախոսներին:
Փաստորեն, հետևելով նախարարի պահանջին, դպրոցների, բուհերի և այլ հաստատությունների աշխատակիցներն իրենց գումարն անիմաստ վատնելու են ՊՇՌ թեստի համար, որի բացասական պատասխանը չի ապահովագրում նրանց մինչև հաջորդ թեստ հանձնելը 14 օրվա ընթացքում վարակվելուց և վարակը տարածելուց ինչպես աշխատավայրում, այնպես էլ հանրային վայրերում:

Այլընտրանքը պատվաստվելն է, որը, սակայն, նույնպես չի ապահովագրում վարակվելուց և վարակը տարածելուց: Հետևաբար, Առողջապահության նախարարի կողմից իրականացվող այս ծավալուն իմիտացիան, փաստացի նպաստում է միայն ՊՇՌ թեստի համար վճարվող գումարի հոսքի կտրուկ աճին, այլ ոչ հանրային առողջության ապահովման աճին: Բայց սա շատ օրինաչափ է մեր երկրում առողջապահության ոլորտի պատասխանատուների գործունեության դեպքում, եթե հիշենք տուրիստական սեզոնին արտերկրից Հայաստան վերադարձող մարդկանց թեստավորման անփույթ գործընթացը օդանավակայանում, երբ բոլորից գանձվում էր գումարը, սակայն շատերին պատասխանը չի էլ տրվել: Եվ դեռ հարց է՝ այդ թեստն առհասարակ արվե՞լ է, թե՞ նպատակը միայն գումարը գանձելն էր:

Եվ վերջում հավելենք, որ այս հոդվածի նպատակը չէ համոզել մարդկանց չպատվաստվել: Հոդվածում ցույց է տրվում, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող միջոցառումները, որոնք նշված են ՀՀ առողջապահության նախարարի ելույթում, որևէ կերպ չեն նվազեցնում երկրում ՔՈՎԻԴ-19 վարակի տարածումը, բայց զուգահեռաբար մեծացնում են ՊՇՌ թեստի համար վճարվող գումարի հոսքերը և պատվաստումների քանակը, որոնք, ինչպես պարզվում է, չեն ապահովագրում մարդկանց վարակվելուց և վարակը տարածելուց: