Երևան +13°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:28 07-09-2021

ՀՀ աշխատանքային օրենսգրքում չկա այնպիսի հստակ նորմ, որը թույլ կտա գործատուին աշխատողին ազատել աշխատանքից չպատվաստվելու պատճառով. իրավագետ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որով սահմանվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը՝ օրենքի նշված հոդվածի գործողությունը տարածելով հանրային ծառայությունը ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։

Օրագիր.news-ի հետ զրույցում իրավագետ Տիրայր Վարդազարյանը, անդրադառնալով միջազգային չափորոշիչներին, նշեց, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցներին համապատասխան, պարտադիր պատվաստումը չի կարող ուղղակիորեն համարվել աշխատանքի կատարման պայման: Պարտադիր պատվաստումը, ըստ ԱՄԿ-ի, մեծապես կախված է կոնկրետ երկրի ներազգային օրենսդրությունից, Հայաստանի համար՝ ՀՀ ներպետական օրենսդրությունից:

«Հաշվի առնելով, որ պարտադիր պատվաստումից հրաժարումն անուղղակի կերպով կարող է հանգեցնել աշխատանքից ազատման, գործ ունենք ոչ միայն պետության, այլև գործատուների և աշխատողների շահերի հետ։ Ուստի ԱՄԿ ստանդարտների համաձայն՝ այդ հարցերը պետք է քննարկվեին հանրապետական մակարդակի աշխատողների և գործատուների արհեստակցական միությունների ու կառավարության միջև, ինչի հետևանքով հնարավոր կլիներ պարտադիր պատվաստման քաղաքականությունն իրավաչափորեն կյանքի կոչել։ Օրինակ, եթե մի գործատուի մոտ հնարավոր չլինի ապահովել բոլոր լավագույն աշխատողների պատվաստումները և դրա հետևանքով գործատուն կրի վնասներ, ապա ով է փոխհատուցելու գործատուի վնասները։ Սա կարող է լուրջ ազդեցություն ունենալ տնտեսության վրա»,- ասում է Վարդազարյանը:

Իրավագետը պնդում է, որ աշխատողին նման հաճախանակությամբ թեստավորվել պարտավորեցնելը կարող է առաջ բերել աշխատողների սոցիալական իրավունքների խախտման վտանգ, քանի որ ստացվում է, որ, օրինակ, նվազագույն աշխատավարձով աշխատող աշխատողները ստիպված են իրենց աշխատավաձի կեսը ծախսել թեստավորման համար, ինչը, բնականաբար, խնդրահարույց է։

«Միայն նախարարի հրամանի հիման վրա չեն կարող պարտականություններ սահմանվել, եթե բավարար չեն նմանօրինակ հրաման ընդունելու իրավական հիմքերը։ Ուստի միայն հրամանի մակարդակով պարտադրություն սահմանելը լուրջ իրավական խոչընդոտներ է առաջացնում։ Նման իրավական դաշտի առկայության դեպքում կա մեծ հավանականություն, որ, օրինակ, դատարանները կարող են կայացնել որոշումներ, որ պատվաստումները պարտադիր չեն։ Պետք է հաշվի առնել նաև, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում չկա այնպիսի հստակ նորմ, որը թույլ կտա գործատուին աշխատողին ազատել աշխատանքից չպատվաստվելու պատճառով։

Տիրայր Վարդազարյանն օրինակներ բերեց նաև միջազգային փորձից՝ նշելով, որ, օրինակ, ԱՄՆ Տեխաս նահանգի դատարանի որոշման համաձայն՝ հիվանդանոցի անձնակազմը ենթակա է պարտադիր պատվաստման և այդ որոշման դեմ ներկայացված հայցը մերժվել էր։ Ըստ դատարանի՝ դա աշխատողի ընտրությունն է՝ աշխատելու տվյալ վայրում, ուստի եթե չի ուզում պատվաստվել, կարող է ընտրել աշխատանքի այլ վայր։

«Սակայն չպետք է մոռանալ, որ ամերիկյան իրավական դպրոցի համար որոշ դեպքերում երկրի մասշտաբները փոխում են իրավունքի զարգացման ընթացքը։ Պարզ է, որ ԱՄՆ-ի պես մեծ երկրում աշխատանքին այլընտրանք գտնելն ավելի դյուրին է, ինչը չես կարող ասել Հայաստանի համար»,- մանրամասնում է իրավագետը:

Իսկ, օրինակ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 2361(2021) բանաձևի համաձայն՝ ոչ ոքի չի կարող պարտադրվել պատվաստումը, արգելվում է նաև չպատվաստվելու հիմքով խտրականությունը։ Չնայած սրան՝ Իտալիայի առողջապահության նախարարի տեղեկալը նշել էր, որ պատրաստվում ենպարտադիր դարձնել պատվաստումը: Իսպանիան էլ պատրաստվում է վարել չպատվաստված անձանց գրանցամատյան, որը հասանելի է դարձնելու ԵՄ այլ երկրներին։

«Այսինքն՝ իրավիճակը միանշանակ չէ, իսկ կիրառվող միջոցներում ԵՄ երկրները փորձում են ողջամիտ լինել: Նշված երաշխավորագրերում ասվում է, որ պատվաստման պարտադրանքը պատվաստումների աճի վրա ճիշտ հակառակ ազդեցությունն է ունենում: Ուստի ցանկալի կլիներ, որ մեր Առողջապահության նախարարությունը հաշվի առներ նման երաշխավորագրերը և իր գործողություններով հակազդեցություն չառաջացներ պատվաստումների դեմ՝ մինչև այդ նման որոշման համար անխոցելի դարձնելով իրավական դաշտը»,- նշում է Վարդազարյանը: