copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:13 03-09-2021

Հայկական կողմին բանակցային աննպաստ ռազմավարություններ են սպասվում․ ինչ է ակնարկում Ռուսաստանը Զախարովայի շուրթերով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի շուրջ առկա ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ 5 րոպեանոց հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ հետևյալին.

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշմանն ու մասնակցությանը, Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից առաջ քաշված «6-ի հարթակի» գաղափարի հանդեպ Մոսկվայի վերաբերմունքին, Արցախի հակամարտության կարգավորման հարցում մոսկովյան առաջնահերթություններին, Արցախի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

Այս կարճատև, բայց կարևոր անդրադարձի առանցքում զարգացվում է այն միտքը, որ Ռուսաստանը հաշվի է նստում տարածաշրջանում Թուրքիայի աճող դերակատարության հետ՝ միևնույն ժամանակ չպատրաստվելով զիջել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական լիդերի իր դիրքերը և, մասնավորապես, մերժելով Արցախի հարցն ավարտված համարելու թուրք-ադրբեջանական օրակարգը:

Այսպես, ռուս դիվանագետը, հիշեցնելով «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացում Ռուսաստանի գործուն մասնակցության պրակտիկան, այդ կարգավորումը շաղկապում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների իրականացման հետ՝ դրանով ընդգծելով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման ընթացքի վրա Մոսկվայի կողմից ազդեցություն գործելու վճռականությունը: Մասնավորապես, հունվարի 11-ի հայտարարության բովանդակության մեծ մասը վերաբերում է տնտեսական ու տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով սահմանված դրույթից բխող գործողությունները պլանավորող եռակողմ աշխատանքային խումբ ձևավորելուն, որով Ռուսաստանը, փաստորեն, վերահսկում է կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը: Իսկ սա հենց այն կետն է, որն առավել պարզորոշ է հատվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ:

Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից առաջ քաշված՝ հարավկովկասյան աշխարհաքաղաքական երկխոսության «6-ի հարթակ» (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ստեղծելու գաղափարի առթիվ Զախարովայի մեկնաբանությունը քաղաքավարի ձևակերպումներով ի ցույց է դնում Մոսկվայի սկեպտիկ կեցվածքն այս նախաձեռնության առնչությամբ: «Ինչ վերաբերում է վեցի հարթակի հետ կապված հարցին, խոսքը գնում է, որքանով հասկանում եմ, տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի գործարկման մասին Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ, կարծում ենք, որ այսպիսի ձևաչափը հնարավոր է համընկնի դրա բոլոր պոտենցիալ մասնակիցների շահերին, հնարավոր է նպաստի խաղաղության, վստահության ամրապնդմանը, տնտեսական համագործակցության գործընթացների խթանմանը Հարավային Կովկասում»: Այս միջանկյալ «որքանով հասկանում եմ»-ով Մոսկվան շեշտադրում է գաղափարի հում լինելը, Անկարայի մտադրությունների վերաբերյալ տարընկալումների հնարավորությունը կամ դրանց շուրջ թեկուզ մակերեսային համաձայնության ու պայմանավորվածության բացակայությունը:

Կարևոր է նկատել, որ եթե «6-ի հարթակի» գաղափարին ընդհանուր գծերով դրական պատասխան տալը Մոսկվայի կողմից ազդանշան է դեպի Վաշինգտոն, որ Հարավային Կովկասում կարելի է նրան շրջանցելով խնդիրներ լուծել (դրանով, ի դեպ, շոյվում է ԱՄՆ-ից անկախ արտաքին քաղաքականություն վարելու ուղեգիծ որդեգրած Անկարայի ինքնասիրությունը), միևնույն ժամանակ, Արցախի հակամարտության չկարգավորվածությունը և Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերագործարկումը մատնանշելն ի ցույց է դնում Մոսկվայի մերժողական կեցվածքը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Մինսկի գործընթացը թաղելու, և, ըստ էության, Արևմուտքի փոխարեն Թուրքիայի՝ կարգավորման ձևաչափում ներգրավվելու հարցում. չէ՞ որ «6-ի հարթակի» առաջարկությունը Էրդողանի կողմից արվել է «Ղարաբաղի հարց գոյություն չունենալու», «Մինսկի խումբն իրեն սպառած լինելու» թուրք-ադրբեջանական հայտարարությունների համատեքստում:

«Լեռնային Ղարաբաղի կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման հարցը գտնվում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում... Մենք սատարում ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ակտիվացումը իրենց մանդատի շրջանակներում՝ խելամտորեն հաշվի առնելով տարածաշրջանային նոր իրողությունները: Կարծում ենք եռանախագահությունը կարող է նպաստել Բաքվի և Երևանի միջև վստահության մեծացմանը, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծմանը, ինչն էլ նախադրյալ կհանդիսանա արդեն քաղաքական խնդիրների լուծման համար»,- ասում է Զախարովան: Այս առումով հարկ ենք համարում նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևի տարածաշրջանային այցը հենց նշված մտայնությունը գործնական հողի վրա դնելու վկայությունն է:

Անշուշտ, Զախարովայի նշած ու վերն ընդգծված «նոր իրողությունները» հաշվի առնելը նշանակում է, որ հայկական կողմին բավական աննպաստ բանակցային ռազմավարություններ են սպասվում: Միևնույն ժամանակ, այս բառակապակցության մեջբերումը ցույց է տալիս, որ տարածաշրջանային համակարգերում տերություններն անգամ հաշվի են նստում ավելի նվազ դերակատարություն ունեցող պետությունների կողմից, ռազմավարական ուղեգծի ու կամքի առկայության դեպքում, իրողություններ փոխելու, փաստի առաջ կանգնեցնելու հանգամանքների հետ: Սա՛ պետք է լինի ազդակ հայոց պետության համար, ազդակ ռազմավարական օրակարգ ձևավորելու, ռազմապես հզորանալու և շահեկան ձևով տարածաշրջանային դերակատարներին փաստի առաջ կանգնեցնելու մասին: Մինչդեռ ներկայում գործող իշխանությունները խաղաղությունը խնդրում են ու ոգևորվում իրականում կործանարար «դրական ազդակներից»:

Ամենից շատ դիտված