Երևան +11°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:33 02-09-2021

Մեզ հետ արդեն ամենասարսափելին եղել է, այդ ի՞նչ վախկոտություն են ներարկում մեր ազգի մեջ․ Արցախի հերոս Ժաննա Գալստյան

Արցախի հերոս, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ ժողովրդական արտիստ Ժաննա Գալստյանը 168.am-ի հետ զրույցում խոսել է Արցախի Հանրապետության հռչակման օրվա հիշողություններից և Արցախի ապագայի տեսլականից։

– Արցախի Հանրապետության հռչակման օրը մեզ համար 3 տարվա պայքարի արդյունք էր։ Մեր գերխնդիրը եղել է միացումը Հայաստանի Հանրապետության հետ, սակայն աշխարհաքաղաքական իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ Խորհրդային Միությանը փլուզվեց։

Փաստորեն մենք քաղաքական առումով կանգնեցինք այն իրադարձության առաջ, որ Խորհրդային Միության բոլոր հանրապետություններին նվիրել են անկախություն, անխտիր բոլորին, նույնիսկ ՀՀ-ին։ Այդ ժամանակ մեզ ոչինչ չէր մնում, որպեսզի մենք մնայինք իրավաբանական ճիշտ դաշտում, այսինքն՝ Խորհրդային Միության Սահմանադրության իրավական դաշտում, Ադրբեջանը դուրս էր գալիս, մենք էլ Ադրբեջանի մեջ էինք, և Մոսկվան մեր միացումը մերժեց։

Մեզ այլընտրանք չէր մնում, Ադրբեջանի կազմից պետք է դուրս գայինք, որովհետև Ադրբեջանը դուրս էր գալիս, մեզանից երկու օր շուտ է հռչակել իր դուրս գալու մասին։ Հետևաբար, Ադրբեջանը դուրս գալով՝ իրեն հռչակել է ոչ թե Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, այլ 1918 թվականի մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդ, իսկ այդ ժամանակ իրենց կազմում Արցախ չկար։

Մեր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ միշտ ասում է, որ երբեք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի եղել, նա հենց սա նկատի ուներ, որովհետև երբ այսօրվա Ադրբեջանը հռչակվել է անկախ, պաշտոնապես հայտարարել է, որ ինքը դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդն է, այն պետության իրավահաջորդը, որի կազմում Ղարաբաղ չի եղել։ Մենք հայտարարեցինք մեր անկախության մասին, մենք ոգևորված, խանդավառված էինք, բայց ոչ թե նրա համար, որ դրանով այդ րոպեին մեր հարցերը լուծվելու են, այլ այն պատճառով, որ իրավական դաշտում կարող ենք անկախանալու 100 տոկոսանոց հիմք ունենալ։ Գիտեինք նաև, որ մեզ այդ անկախությունը հեշտ չի տրվելու, բայց խանդավառված պատրաստ էինք պայքարելու, գիտեինք, թե այդ պայքարն ինչպիսին պետք է լինի։

Ի տարբերություն բոլոր ԽՍՀՄ հանրապետությունների, որոնք անկախություն էին ստացել, բացի Ռուսաստանից, այդ անկախության իրավունքն ամենաշատը վաստակել է Արցախի Հանրապետությունը, որովհետև այդ անկախությունը մեզ սկուտեղի վրա չեն տվել, մենք այն նվաճել ենք արյունով։ Եվ այդ անկախությունը միայն մենք ենք արյունով նվաճել։ Այդ անկախությունն ամրացնելու համար արել ենք հնարավորն ու անհնարինը։ Մեր մեջ վճռականությունն ուժեղ էր։ Անկախությունը եղել է մեր պայքարի հերթական փուլը, բայց դե, մենք լիովին մեր բոլոր ուժերը դրել ենք ու աշխատել, որպեսզի այն իրականություն դառնա։ Ով ինչ ուզում է՝ թող ասի, փաստն այն է, որ մենք հրաշալի պետություն ենք ստեղծել, այդ ծանր իրավիճակում մենք ծաղկուն Արցախ ենք ստեղծել։ Մենք այս անկախության գինը շատ ավելի ենք գնահատում, քան որևէ մեկը, որովհետև մենք պայքարով, զրկանքով ու արյունով ենք դրան հասել, հասել ենք ու միտք չունենք դրանից հրաժարվելու։

Ադրբեջանն է մեր դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսել, և առաջինը նա է դե ֆակտո ընդունել մեր անկախությունը, որովհետև պետության մեջ անհնարին է, եթե դա քո պետությունն է, քաղաքացին է, պատերազմի մեջ մտնեն քո քաղաքացու հետ։

Շուշիի ազատագրումը

– Արցախյան շարժումն առաջին օրվանից մինչև վերջին օրն ինձ համար հիշարժան է եղել, բայց ամենահիշարժանը Շուշիի ազատագրումն էր, հետո՝ մեր բանակի ծնունդը, դրանից հետո՝ 1994 թվականի մայիսի զինադադարը։

Ամեն մի գյուղի ազատագրման օրն ինձ համար հիշարժան է, ինչ եղել է, դա մեր առօրյան է դարձել՝ պայքարը, կռիվը։ Ամեն մի թիզ հող, որն ազատագրել ենք Արցախի ներսում, բոլորիս համար մեծ իրադարձություն էր, երբ ստեղծում էինք մեր անվտանգության գոտին՝ ազատագրելով յոթ շրջանները, կրկին նշանակալից իրադարձություն էր, ոչինչ չի եղել, որը կարող էր աննշան լինել։

Ամեն դեպքում դժվարագույն օրեր ենք ունեցել, այսօրվանից էլ դժվար, մենք կարողանում էինք պատերազմել, ազատագրել Շուշին Հայաստանի ուղղաթիռների օդաչուների շնորհիվ, որովհետև ուղղաթիռով էր Արցախ հասնում ալյուրը, վառելիքը, դեղորայքը, զենքը, վիրավորներին էլ Արցախից Երևան ուղղաթիռով էին ուղարկում։ Մենք առհասարակ որևէ ճանապարհ չունեինք, ամեն ինչ փակ էր, ու անընդհատ պատերազմի մեջ, հիմա այդ ամենը պատկերացնելը մի քիչ դժվար է։ Բայց մենք դրանով անցել ենք ու դրանով հաստատել ենք մեր անկախությունը ու այդ անկախությունը մեր միջից հանելն անհնար է, այն մեզ հետ է։

Ապրելու ուժը

– Այսօր ստեղծված իրավիճակում ապրելու ուժ եմ գտնում ազգիս հոյակապ զավակներով սրբացած մեր հողից, նրանք մեր հողն արյունով են սրբագրում։ Իհարկե, Արցախը մեզ համար միշտ է սրբություն եղել, բայց այսօր հարյուր և հազար անգամ ավելի է սրբացած, որովհետև սկսած 1988 թվականից մինչև այսօր, այդ հողը սրբացված է մեր տղաների արյունով։ Ապրելու ուժը հենց այդտեղից է գալիս․ որքան այս հողի վրա կանգնած ենք լինում, այնքան հզոր ենք, մենք կանգնած ենք այդ ուժի վրա, և այդ ուժը մեր հողն է, եթե այն մեկ թիզ էլ մնա, դրա մեջ ուժ կա։ Մենք գիտենք, որ մեր վերքերը բուժելու ենք, շտկելու ենք և ունենալու ենք նույն Արցախը՝ ազատագրված։ Ազգի մասին մտածող մարդիկ երբեք շատ չեն եղել, իսկ ղեկավարությունը այսօր կա, վաղն ուրիշն է լինելու, ի՞նչ կապ ունի ղեկավարությունը։ Ղեկավարության մեջ էլ միշտ եղել են այնպիսի մարդիկ, որոնք այսօր կան, բայց նրանց կողքին միշտ էլ եղել են տղաներ, որոնք ասել են՝ ոչ։ Սա է հայ ազգի գոյության գրավականը։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու բանաձևը

– Այս իրավիաճակից դուրս գալու քայլերի ու ճանապարհների մասին հրապարակավ խոսելու որևէ միտք չունեմ, ես գիտեմ՝ ինչ պետք է անել, և, հավատացեք, որ այդ ամենն արվում է։ Բայց, իհարկե, աստիճանաբար, որովհետև վիրավոր ենք։ Առաջին ազատամարտի ժամանակ մեր տղաներից յուրաքանչյուրը 3-4 անգամ վիրավորվել է, բայց չեմ հիշում, որ նրանք ասեին, թե վիրավոր են ու պետք է մեր շարքերից դուրս գան։ Բոլորը կիսաապաքինված նետվում էին մարտի։ Խելքով ենք լինելու, ուժ ենք հավաքելու, ամեն ինչ ճիշտ է լինելու, «դզվելու» է, Հայաստանում էլ է «դզվելու»։

Նոյեմբերի 9-ից հետո ինձ համար երկրորդ անհեթեթությունը եղել է մայիսի 12-ը, երբ թշնամու չգիտեմ՝ ինչ քանակով զինվորը մտնում է ՀՀ սահմանից ներս, ու միանգամից չեն գերեվարվում։ Լավագույն ճանապարհը նրանց բոլորին գերեվարելը կլիներ, որովհետև Բաքվի ամենամեծ խաղաթուղթը դա է, որով սպեկուլյացիա է անում ու ասում է՝ հայ գերիներին չեմ տա։ Եթե մեզանից որևէ մեկին տարել են, մենք միշտ իմացել ենք՝ ինչ պետք է անենք, հնարավորինն ու անհնարինն անում էինք, գերի էինք վերցնում թշնամու զինվորներից ու փոխանակում մերոնց հետ։

Հիմա այդ գերիներն իրենց ոտքով եկել ու մտել են Հայաստանի տարածք, այնքան ուժ չունեին, որ գերեվարեին, ինչի՞ց էին վախենում, մեզ հետ արդեն ամենասարսափելին եղել է, ջուրն ընկնողն անձրևից կվախենա՞, այդ ի՞նչ սարսափ է պատերազմը, այդ ի՞նչ վախկոտություն է, որ ներարկում են մեր ազգի մեջ։

Որ Արցախցին չկորցնի իր յուրահատկությունները

– Շնորհավորում եմ 30-ամյա Արցախին, ցանկություն է, որ արցախցին չկորցնի իրեն բնորոշ բոլոր հատկությունները՝ ամրությունը, չորկողությունը, հավատը և լավատեսությունը, ուրիշ որևէ բան չեմ կարող ցանկանալ։ Նա երբեք թույլ չի տա, որ որևէ մեկն իր հաստատակամ պայքարելու ոգին կոտրի։ Թող իմանան, որ մեր ճակատագիրն Աստծո ու մեր ձեռքերում է, ուրիշ ոչ մեկի, հույսներս միայն մեր վրա պետք է դնենք։