copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:11 02-09-2021

Խորհր­դա­րան չանց­նե­լը «աշ­խար­հի վեր­ջը» չէ. Փաստ

Հայաստանյան քաղաքական դաշտում անընդհատ վերափոխումներ են տեղի ունենում։ Եվ Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանի կրած ծանր պարտությունը դեռևս երկար ժամանակ իր դրոշմը կթողնի քաղաքական դաշտի ներկապնակի վրա։ Ճիշտ է՝ հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, չնայած բազմաթիվ խախտումներին, իշխող խորհրդարանական ուժին հաջողվեց վերարտադրվել, այնուամենայնիվ, դեռևս լիովին չենք կարող պնդել, թե ամիսներ շարունակ տևող քաղաքական ճգնաժամը, ի վերջո, հանգուցալուծվել է։ Ըստ էության, ներքաղաքական զարգացումների հիմնական առանցքը կառուցվում է նախկինների ու ներկաների, նորերի ու հների տրամաբանության հիման վրա։

Իշխանությունները հստակ օրակարգային մոտեցում չունեն Հայաստանի ապագայի վերաբերյալ, դրա համար էլ յուրաքանչյուր հարց դիտարկում են առաջին հերթին անցյալի լույսի ներքո։ Իսկ մինչ ականատես ենք լինում խորհրդարանում փոխադարձ մեղադրանքների ու ծեծկռտուքների, աստիճանաբար Հայաստանն ավելի խոցելի է դառնում արտաքին սպառնալիքի առաջ։ Ստացվում է, որ հանրության ուշադրությունը դրանով շեղվում է իրական խնդիրներից։ Այսպիսով, քաղաքական իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ անկայուն, և հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները չենք կարող վերջնական դատավճիռ համարել, քանի որ քաղաքական ուժերի դասավորությունը ցանկացած պահի կարող է կտրուկ փոփոխվել։ Իսկ այն ուժերը, որոնք չեն անցել խորհրդարան, կարող են էական դերակատարություն ունենալ հանրային ու քաղաքական կյանքում՝ հատկապես ներկա իրավիճակում։

Արտախորհրդարանական ընդդիմության (խոսքը իշխանությունների սատելիտ քաղաքական միավորների մասին չէ) գործունեության արդյունքները մասնավորապես առավել տեսանելի կարող են լինել հանրությանը ողջախոհության դաշտ բերելու և առկա վտանգների չեզոքացման ուղղությամբ օրակարգ ձևավորելու ուղղությամբ: Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը տարիներ շարունակ եղել է ամենաազդեցիկ խորհրդարանական ուժերից մեկը, այսօր խորհրդարանում ներկայացված չէ։ Բայց այս հանգամանքը դեռևս չի նշանակում, որ այս ուժը դադարելու է ակտիվորեն մասնակցել ներքաղաքական զարգացումներին։ Դեռ ավելին, արտախորհրդարանական դարձած այս ուժը ավելի անկաշկանդ գործելու հնարավորություն է ստանում՝ հաշվի առնելով առկա խնդիրները ժամանակին բարձրաձայնելու ԲՀԿ-ի փորձը։

Եվ այս տեսանկյունից հետաքրքրական է, որ այդ կուսակցության ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ունեցած իր հայտարարություններում՝ մասնավորապես հունիսին կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստում ունեցած իր հայտնի ելույթում, զգուշացնում էր առկա վտանգների մասին, որոնք շուտով «չոքեցին» մեր պետության դռանը։ Չենք կարող անտեսել նաև այն հանգամանքը, որ այդ քաղաքական ուժը գլխավորող Ծառուկյանը մեծ դերակատարություն ունի նաև տնտեսության հատվածում, քանի որ փորձել է Հայաստան ներդրումներ բերել, աշխուժություն մտցնել մի շարք ոլորտներում։

Եվ եթե հաշվի ենք առնում, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիայի արդյունքում Հայաստանին դեռ նոր փորձություններ են սպասվում, ուստի այդ փորձություններին դիմագրավելու համար կարող են օգտակար լինել Ծառուկյանի ունեցած հնարավորությունները թե՛ քաղաքական ասպարեզում և թե՛ տնտեսության մեջ։ Այնպես որ, խորհրդարան չանցնելը, ինչպես ասում են, «աշխարհի վերջը չէ»: Գագիկ Ծառուկյանն ինքն էլ ընտրություններից հետո նշել էր, որ մանդատով չէ ամեն ինչ պայմանավորված, եթե մանդատը չկա, դա չի նշանակում, որ իրենք ժողովրդի հետ չեն, չեն շփվելու:

«Մենք ժողովրդի կողքին ենք, քննարկել ենք, մասնակցել ենք, ներկայացրել ենք մեր տեսակետը, մեր մոտեցումը, թե ինչպես կարելի է այս վիճակից դուրս գալ: Անկախ ամեն ինչից, մենք խորհրդարանում ենք, թե ոչ՝ դա չի նշանակում, որ մենք մեր ժողովրդի կողքին չենք: Ցանկացած բան, ինչ օգուտ կբերի, մեր հնարավորությունների սահմաններում միշտ էլ արել ենք, անում ենք, անելու ենք»,- ասել է Ծառուկյանը՝ հավելելով, որ խորհրդարան չանցնելը ոչինչ չի փոխում կուսակցության պլաններում:

Սա փաստացի նշանակում է, որ ԲՀԿ-ն չի նվազեցնելու իր ակտիվությունը քաղաքական դաշտում, իսկ դա իսկապես կարևոր է, քանի որ Հայաստանի քաղաքական դաշտում գործող կուսակցությունների մեջ շատ չեն այս կուսակցության նման կայացած ուժերը, որոնք ունեն հստակ ասելիք ու դիրքորոշում, ավելին, ինչպես Գագիկ Ծառուկյանը, այնպես էլ կուսակցությունը միշտ դիրքավորվել են «ոչ այնքան խոսք, որքան գործ» սկզբունքի տիրույթում:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան