copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:08 31-08-2021

Ֆիզգորոդոկում առաջացած խնդրի հրահրման պատճառը քաղաքական ուղղորդումներն են․ «Նախկիների» և «ներկաների» պայքարը տեղափոխվել է նաև այստեղ․ ֆոտոշարք

Շարունակվում է «Ֆիզգորոդոկ» անվանումով հայտնի «Ալիխանյան եղբայրներ» գիտավանի բնակիչների անզիջում պայքարը նույն փողոցի 6/1 հասցեում բազմահարկ շենքի շինարարության դեմ՝ համարելով, որ այդ տարածքը հանրային սեփականություն հանդիսացող հուշարձան է և պիտի մնա ադպիսին, անընդունելի է ապօրինի սեփականաշնորհման հիման վրա կառուցապատման թույլտվությունը, հետևաբար այն անհապաղ պետք է չեղարկվի:

Բողոքի ակտիվ ցույցերը սկսվել են օրեր առաջ՝ օգոստոսի 19-ից, երբ տեղի բնակիչների՝ նախագծի դեմ երկու տարվա պայքարի արդյունքը եղավ այն, որ Երևանի քաղաքապետարանը ոչ թե մերժեց, այլ հաստատեց բազմաբնարակարան շենքի կառուցապատման շինթույլտվությունը, և վերջինս սկսել էր այդ վայրի կառուցապատման աշխատանքները: Բնակիչներն ընդվզել էին, փորձել էին խոչընդոտել շինարարական աշխատանքներին, տեղի էր ունեցել բախում ոստիկանների և բնակիչների միջև, որի հետևանքով մի քանի քաղաքացիներ ստացել էին վնասվածքներ, հայտնվել հիվանդանոցներում, իսկ երկուսն էլ բերման էին ենթարկվել:

Ոստիկանների կոշտ գործողություները հանրության կողմից սուր քննադատության արժանացան, ավելին՝ միջադեպին արձագանքեց նաև ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ոստիկանների գործողությունները որակելով խիստ անհամաչափ բռնի ուժի կիրառում, որից հետո փաստերի հիման վրա հարուցվեցին նաև քրեական գործեր: Բնակիչներն իրենց ցույցերը շարունակեցին նաև քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով՝ Հայկ Մարությանն անձամբ պարզաբանումներ տա, սակայն այդ հանդիպումը չկայացավ, փոխարենը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հաղորդագրությամբ պարզաբանեց, որ այս փուլում՝ բոլոր գերատեսչությունների փորձաքննություն անցնելուց հետո, իրենք իրավասու չեն որոշումը չեղարկել, միայն դատարանը կարող է կասեցնել շինարարությունը, ինչի համար պետք է բնակիչները սպասեն դատարանի որոշմանը, իսկ մինչ այդ շինարարությունը չի կարող կասեցվել՝ ըստ օրենքի: Նշենք, որ ոչ միայն բնակիչները, այլև հանրության լայն շրջանակներ այս միջադեպը հաճախ մեկնաբանում են՝ որպես հեղափոխական արժեքների հերթական նահանջի փաստ, որ իշխանության «պողպատե մանդատը» կամ «մուրճային արդարադատությունը» երկիրը տանում է ոչ թե ժողովրդավարություն, այլ ուղիղ անցյալ՝ նախկին ռեժիմի վատ բարքեր, երբ քաղաքացիների շահերը համատարած անտեսվում էին իշխանության «մերձակա» արտոնյալների հաշվին բռնի մերժելի միջոցներով:

Մենք փորձեցինք տեղում պարզել, թե հանգուցալուծում չստացած խնդիրն ինչ իրավիճակում է: Նախ նշենք, որ այնտեղ գտնվելու պահին շտապօգնության մեքենան առաջին բուժօգնություն էր ցույց տալիս հացադուլ անող երկու քաղաքացիներից մեկին, իսկ ոստիկանների տասնյակից ավել խումբը բնակիչների հետ համերաշխ շփման և խոսակցությունների մեջ էր, բայց նրանցից որևէ մեկը չցանկացավ պատասխանել մեր հարցերին: Մեզ հետ զրույցում բնակիչները պնդեցին, որ իրենց միակ պահանջը շինարարական նախագծի չեղարկումն է, չեն ընդունում անգամ այն փոփոխելու տարբերակը, որովհետև նրանք համոզված են, որ 2004 թ. այս տարածքն ամբողջությամբ Կադաստրի կոմիտեի և Քաղաքապետարանի ապօրինի որոշումների հետևանքով է օտարվել իրենց, հանրային սեփականությունից և վաճառել են քաղաքացու, որն այն ժամանակ օգտվել է քաղաքապետարանի աշխատող լինելու հանգամանքից: Նրանց խոսքով, ցավալիորեն անկախ իրենց համառ, տևական պայքարից՝ այս իշխանությունն էլ, հաշվի չառնելով կեղծ, ապօրինի որոշումները, փաստերը, որոշում կայացրին շինթույլտվություն տալ ինչ-որ օվշորային ստվերային գոտում գործող «Ռատկո» կազմակերպությանը՝ անտեսելով գիտաշխատողների հիմնավորված պահանջները և ոտնահարելով նրանց իրավունքները:

Մենք նաև հետաքրքրվեցինք բնակիչներից՝ ինչ պատասխան են ստացել պատկան մարմիններից և ինչ սպասելիք ունեն դատարանում թույլտվությունը չեղարկելու բողոքի վարույթից, նրանք պատասխանեցին, որ դրական խոստում ստացել են Շրջակա միջավայրի նախարարից, բացի դրանից՝ իշխանական պատգամավորից, ում անունը չուզեցին տալ, միջնորդել են,որ դատարանում արագ ընթացք տրվի բողոքարկմանը,որպեսզի հնարավորինս շուտ կասեցվի շինարարությունը,ուստիև սպասելիքները դրական են,համենայնդեպս իրենք պայքարելու են մինչև վերջ: Մինչդեռ «Ռատկո» ընկերության ղեկավար Արթուր Մնացականյանը համոզված է, որ ֆիզգորոդոկի բնակչության պայքարը քաղաքականացված է. արհեստական հրահրվում է նախկին իշխանության հայտնի ներկայացուցիչներից մեկի՝ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հարազատի կողմից:


<iframe width="1131" height="636" src="https://www.youtube.com/embed/F70tAh94i8M" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Ամենից շատ դիտված