Երևան +20°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:22 21-03-2022

Ներկաների ձյունն ավելի ընդունելի է

Հայաստանում այս օրերին այնքան ձյուն եկավ, որ անգամ նախկինների օրոք այսքան ձյուն չէր գալիս։ Այս իմաստով ևս՝ նախկինների ժամանակ ավելի լավ էր, ավելի նպաստավոր իրավիճակ էր Հայաստանում, քան այսօր՝ Նիկոլի թվին։ Ու Նիկոլ Փաշինյանի իշխանությունները, ավելի ճիշտ՝ նրա նշանակած «պատկան մարմինները», երեկ չէին կարողանում նորմալ սպասարկել հայաստանյան ճանապարհները, այդ թվում՝ մայրաքաղաքի փողոցները։

Եթե Գեղարքունիքում, Լոռիում, Շիրակում ձյան մեկուկես մետրանոց շերտ էր գոյացել, ու դժվար էր այն արագ մաքրելը, ու շատ տեղերում երթևեկությունն ուղղակի կանգնել էր, ապա Երևանի փողոցներում այդքան «կատասրտոֆիկ» չէր վիճակը։ Բայց մայրաքաղաքային իշխանությունները, ինչպես հակսացանք, զբաղված են միայն խրոխտ շոուներ կազմակերպելով, փոխանակ գործ անեն։ Մայրաքաղաքի մայթերն ու փողոցները ձյան մեջ կորած էին, մերկասառույց էր ու «շլյոփա», և ոչ ոքի մտքով չի անցել դրանք մաքրել։ Եթե նախկինների օրոք լիներ, հիմա Տարոն Մարգարյանին ցից էին հանել՝ փողերն ուտելու և փողոցները չմաքրելու մեղադրանքով։ Իսկ այսօր նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ամեն օր իր աշխատակիցների վրա «մուննաթ» է գալիս, թե լավ չեք աշխատում, բայց բանից պարզվում է՝ նրա խոսքը արհամարհում են, բանի տեղ չեն դնում։ Ու մեկը չկա ասի՝ այ ընկեր, էդքան խոսելու փոխարեն գործ արա, վերցրու տեխնիկան ու դուրս արի փողոց։

Սա դարձյալ խոսում է մեր երկակի ստանդարտների մասին, երբ նախկինների օրոք ամեն ինչ մարդկանց աչքին վատ էր երևում, իսկ այսօր՝ ներկաների օորք, երբ ամեն ինչ էլ ավելի վատ է, ոչ ոք չի խոսում դրա մասին, ամեն ինչ մարդկանց աչքին վարդագույն և ընդունելի է թվում, որովհետև «դե, ձյուն է գալիս, քաղաքապետարանը չի կարող օդում ձյունը բռնել»։ Իսկ նախկինների օրոք, ի՞նչ է, պետք է օդում ձյունը «ֆենով» տաքացնեի՞ն, որ հալչեր, գետնին չհասներ։

Ձեզ գուցե հետաքրքրի