copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:40 27-08-2021

Հայկական բնակավայրերի ադրբեջանական անվանումները պատահական չեն հնչել, սա հստակ քաղաքական ուղեգիծ է. Մենուա Սողոմոնյան

ՀՀ կառավարության նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին, մասնավորապես ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից արգելափակված ճանապարհներին և շրջափակման մեջ գտնվող բնակավայրերին, իր խոսքում Սյունիքի Նոր Առաջաձոր և Որոտան համայնքներն անվանեց դրանց ադրբեջաներեն անվանումներով՝ «Էյվազլի» և «Չայզամի»:

Օրագիր.news-ի հետ զրույցում միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ հայկական բնակավայրերի ադրբեջանական անվանումները պատահական չեն հնչել. «Այդ անվանումները ժողովրդի կողմից շատ օգտագործվող ու հայտնի չեն, ինչպես Քյարքին: Օրինակ, եթե մեկը Տիգրանաշենի փոխարեն Քյարքի ասի, ոչ մեկ չի զարմանա, քանի որ մարդիկ հաճախ են օգտագործում դա, սովոր են, կամ կարելի է լեզվի սայթաքում համարել: Բայց նա տեքստ էր կարդում, ինչը նշանակում է, որ սա հստակ քաղաքական ուղեգիծ է, որով մեր վարչապետը տվյալ տարածքներն ադրբեջանական է համարում»:

Մենուա Սողոմոնյանը հավելում է, որ այն փաստը, որ վարչապետը Սյունիքի համայնքներն ադրբեջանական անվանումներով կոչելուց անմիջապես հետո փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Գնել Սանոսյանին հանձնարարում է, որ Տաթև-Աղվանի ճանապարհի կառուցումն ավարտեն մինչև տարվեվերջ, խոսում է այն մասին, որ նա հրաժարվում է այդ տարածքներից և դրանք համարում է ադրբեջանական:

«Նա ոչ թե շեշտադրում է անում, որ պետք է մարդկանց անվտանգությունը, ազատ տեղաշարժի կամ առողջության իրավունքն ապահովի, քանի որ նույնիսկ հարկ եղած դեպքում շտապօգնության մեքենան չի կարող մտնել բնակավայր, այլ ոչ ուղղակի կերպով ասվում է՝ ոչինչ տարածքները կդարտարկվեն, կհայաթափվեն, Ադրբեջանին կհանձնենք այդ ճանապարհը, փոխարենը պետք է ուշադրություն դարձնենք մեկ այլ ճանապարհի վրա: Նույն տրամաբանությամբ ուշադրություն կդարձնեն Վեդի-Ուրցալանջ ճանապարհի վրա, չէ որ այդ հատվածում նույնպես հարցեր կարող են առաջանալ, օրինակ, Տիգրանաշենը կարող է ճանաչվել Քյարքի՝ Ադրբեջանի մաս: Տավուշի բնակավայրերի հետ կապված նույն քաղաքական գիծը կարող է տարվել: Այսպիսով, ադրբեջանական օրակարգը շատ սահուն կերպով իրացվում է մեր իշխանությունների կողմից, իսկ ստեղծված լարվածությունն ու իրավիճակներն էլ հասարակական հոգեբանական այն հիմքերն են ապահովում, որ բնակավայրերը պետք է հանձնվեն: Փաստորեն, Հայաստանի ռազմավարական կապի հանգույցներից հեշտ ու հանգիստ հրաժարվում ենք՝ նախանշելով այլընտրանքային ճանապարհներ»,- ասում է միջազգայնագետը:

Սողոմոնյանը շեշտեց նաև, որ փաստացի նոյեմբերի 9-ի համաձայնագրով նախատեսված է եղել, որ զինված ուժերը պետք է մնան իրենց դիրքերում, սակայն հայկական զորքերը, որոնք այսօր շփման գծից տասնյակ կիլոմետրեր առաջ են եղել, հետ են գնացել. «Մենք GPS-ով հետ ենք բերել մեր դիրքերը մատնանշված սահմաններից, որոնք անցնում են միջպետական ճանապարհներով, արդյունքում հայկական բնակավայրերը և ՀՀ-ն Իրանի հետ կապող ճանապորհները հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այսինքն, այս իշխանությունների անկարողությունն այն աստիճանի է հասել, որ անգամ չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել, որ գոնե այդ ճանապարհն ամբողջությամբ մնա ՀՀ տարածքում և մեր վերահսկողության ներքո: Փոխարենը, ժողովրդին մոլորեցնելու նպատակով, ինչ-որ հղումներ են անում 2010թ. ընդունված վարչատարածքային բաժանման օրենքից»:

Ձեզ գուցե հետաքրքրի