Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:56 23-08-2021

Թուրքական «պահեստն» ու աֆղանական միգրացիոն նոր ճգնաժամը

Նյույորքյան ահաբեկչության 20-ամյա տարելիցին ընդառաջ Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերմամբ և թալիբների ակտիվացմամբ պայմանավորված՝ Մեծ Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական անկայունությանն ու կլանային անզիջում պայքարին զուգահեռ տարածաշրջանն ու Եվրոպան կանգնել են միգրացիոն և հումանիտար նոր ճգնաժամի շեմին։ Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ հակամարտությանն ակտիվորեն ներգրավված է նաև Թուրքիան, որը թեպետ նախագահի մակարդակով հայտարարել է Թալիբանի հետ բազմակողմ համագործակցության պատրաստակամության մասին, սակայն ներքին և արտաքին վտանգները չեզոքացնելու նպատակով արդեն իսկ սկսել է պետության պաշտպանության կազմակերպումը ցամաքային սահմաններից։

Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզի համաձայն՝ 2021-ի վերջին Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին կավարտվեն 64 կիլոմետրանոց մոդուլային բետոնե պատի շինարարական աշխատանքները, իսկ անմիջապես հաջորդ տարվանից կմեկնարկի 63 կիլոմետրանոց նոր արգելապատնեշի շինարարությունը։ Նահանգապետը հավելել է, որ սահմանային պատին զուգահեռ կառուցվելու է նաև 160 կիլոմետրանոց խրամուղի։ Մոդուլային արգելապատնեշը լինելու է գերռազմականացված։ Մասնավորապես՝ պատն ունենալու է դիտորդական 58 և հաղորդակցական 45 աշտարակներ՝ հագեցած ջերմային տեսախցիկներով, ռադարներով, սենսորներով, կրակի կառավարման համակարգերով (այդ թվում՝ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներով)։ Ընդդիմությունն արդեն իսկ սկսել է մեղադրել իշխանություններին հակամիգրացիոն քաղաքականությունը տապալելու մեջ՝ նշելով, որ Թուրքիայի սահմանը հատել են 1,5 միլիոն աֆղանստանցի, մինչդեռ Թուրքիայի նախագահ Էրդողանը, կառավարության հինգ ու կես ժամ ձգված նիստից հետո հանդես գալով մամուլի ասուլիսով՝ հայտնել է, որ Թուրքիայում աֆղանստանցի փախստականների թիվը տատանվում է 300 հազարի սահմանում։

Թուրք-իրանական սահմանը․ Թեպետ թուրքական իշխանությունները հայտարարում են, թե արգելապատնեշի կառուցման որոշումը կապված է աֆղանստանցի փախստականների՝ դեպի Թուրքիա հոսքը կասեցնելու մտադրության հետ, ինչն իր հերթին պայմանավորված է ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում Թալիբանի կողմից իշխանությունը գրավելու հանգամանքով, բայցևայնպես, թուրքական իշխող ուժն ամբողջությամբ ազնիվ չէ ինչպես իր քաղաքացու, այնպես էլ՝ միջազգային հանրության հետ, քանի որ Անկարան թուրք-իրանական սահմանի ամբողջ երկայնքով արգելագծի կառուցումը սկսել է դեռևս չորս տարի առաջ։ Այսինքն Թուրքիան, զգալով պետության հարավարևելյան շրջանին հարևան Սիրիայից սպառնացող վտանգը, դեռևս 2017-ից էր սկսել գործուն քայլեր ձեռնարկել սահմանային պաշտպանության հարցում՝ հայտնելով 144 կիլոմետրանոց պատի շինարարության մասին։ Իսկ այս ընթացքում ոչ միայն չկար Աֆղանստանից բխող անմիջական սպառնալիք և միգրացիոն ճգնաժամի խնդիր, այլև խոսք անգամ չէր կարող գնալ Քաբուլում իշխանափոխության մասին։ Բավական է նշել միայն այն հանգամանքը, որ 2017-ի սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 3000 զինծառայողով ավելացրել էր զորքի թվաքանակը Աֆղանստանում, ինչի արդյունքում ամերիկյան ռազմական ներկայությունը գերազանցել էր 14 հազարը։ Թեպետ 2017-ի վերջին սահմանագիծը կիսով չափ կառուցվել էր, իրանական իշխանությունները ողջունում էին սահմանում ընթացող աշխատանքները, իսկ շինարարության վերջնաժամկետ էր սահմանվել 2019-ի գարունը, սակայն մինչև այժմ կառուցապատումը չի ավարտվել։ Ընդ որում, ձգձգվող շինաշխատանքների մեղավոր չպետք է համարել Աղրըի և Իգդիրի շրջանի կառուցապատող, Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությանը ենթակա Զանգվածային բնակարանաշինության վարչությանը (թուրքերեն՝ Toplu Konut İdaresi Başkanlığı): Ընդ որում, խնդիրն այն չէ, որ թուրք-իրանական սահմանը բավականին երկար է և հասնում է 534 կմ-ի, պարզապես Իրաքի հետ սահմանային հատման շրջանում տեղանքը չափազանց լեռնային է ու անկանոն, ինչը լրջագույն բարդություններ է ստեղծում ոչ միայն տարածքի մշտադիտարկման, այլև անգամ նախապես պատրաստված մոդուլային բետոնե պատերի տեղադրման համար։

Քրդական հարցը․ Եթե տեսականորեն թուրք-իրանական սահմանը քարտեզի վրա բաժանում է Իրան և Թուրքիա պետությունները, ապա գործնականում բետոնե պատերը բաժանում են քրդերին, որովհետև սահմանի թե՛ իրանական, և թե՛ Թուրքիայի հարավարևելյան հատվածը բնակեցված են հիմնական քրդերով։ Քանի որ մերձավորարևելյան պետություններից Աֆղանստանին սահմանակցում է միայն Իրանը, իսկ Աֆղանստանի նախագահի փախուստից հետո միգրացիոն հնարավոր հոսքերն ուղղվելու են Աֆղանստան-Իրան-Թուրքիա կամ Աֆղանստան-Իրան-Իրաք-Թուրքիա երթուղով, հետևապես, Անկարայի համար գերակա է դառնում Իրանի՝ որպես պոտենցիալ տարանցիկ երկրի հետ սահմանի ուժեղացված վերահսկումն ու բետոնային բարիկադավորումը։ Թեպետ աֆղանստանցի փախստականների անօրինական ներհոսքի կասեցմամբ առաջին հերթին շահագրգռված է հենց Թեհրանը, որովհետև հարևան երկրում տեղի ունեցող իրադարձություններն ուղղակի սպառնալիք են Իրանի համար, բայցևայնպես, Թուրքիան համագործակցում, սակայն անվերապահորեն չի հավատում ո՛չ Իրանին, ո՛չ առավել ևս Իրաքին։ Սիրիական ճգնաժամը թուրքերին ցույց է տվել, որ միգրացիոն հոսքերը շատ հաճախ հեշտությամբ հատել են թուրք-սիրիական և թուրք-իրաքյան սահմանը, քանի որ նրանց այդ հարցում աջակցել են Թուրքիայի հարավարևելյան քրդերը։ Հետևապես, միգրացիոն նոր ճգնաժամը հերթական առիթն է թուրքական իշխանությունների համար՝ ցամաքով բաժանելու տարածաշրջանի քրդերին՝ հաստատելով գերռազմականացված մշտադիտարկում, որի անվան տակ ըստ անհրաժեշտության իրավունք կվերապահի իրեն նաև իրականացնելու ռազմագործողություններ։ Օրինակ սիրիական ճգնաժամի ընթացքում Թուրքիան քրդերի դեմ թիրախային գործողություններն («Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ», «Խաղաղության ակունք») ու, այսպես կոչված, անվտանգային գոտու ստեղծումն ու սիրիական տարածքների բռնակցումը լեգիտիմացնում էր նաև Արևմուտքի համար անցանկալի միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի իմիտացիայով։

Թուրք-հունական սահմանը․ Այն, որ Թուրքիան միգրացիոն ճգնաժամերի կառավարման ու կանխարգելման հարցում կառուցողական վարք չի դրսևորում և վստահելի գործընկեր չէ, եվրոպական հարևաններին հայտնի է վաղուց։ Եթե Գերմանիայում և Ֆրանսիայում թարմ են սիրիական միգրացիոն ճգնաժամի ֆոնին թուրքական իշխանությունների հնչեցրած շանտաժները, ապա Հունաստանում թարմ են այդ շանտաժների հետևանքների մասին հիշողությունները։ Բավական է նշել միայն, որ 2015 թվականից ցայսօր ապօրինաբար սահմանը հատել և Հունաստանում են հայտնվել շուրջ 60 հազար փախստականներ։ Ուստի ամենևին զարմանալի չէ, որ Հունաստանը 40 կիլոմետրանոց պատ է կառուցել և դիտարկման համակարգեր տեղադրել Թուրքիայի հետ սահմանին՝ փորձելով կասեցնել Աֆղանստանից փրկության նպատակով Եվրոպա շարժվող փախստականների հնարավոր հոսքը։ Ըստ Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Միխալիս Խրիսոխոիդիսի՝ պաշտոնական Աթենքը չի կարող անգործության մատնվել և պետք է Թուրքիայի հետ ցամաքային սահմանին արգելապատնեշի կառուցմամբ լուծի սահմանային անձեռնմխելիության հարցը։ Թուրքիայի նախագահն արդեն իսկ հանդես է եկել կոշտ դիրքորոշմամբ՝ նշելով, որ Թուրքիան Եվրոպայի համար փախստականների պահեստի վերածվելու որևէ պատասխանատվություն ու պարտավորություն չունի՝ ուռճացված թվերով հիշեցնելով, թե Թուրքիան հյուրընկալում է 5 միլիոն փախստականի։

Այն, թե ինչ նպատակով է Հունաստանը Թուրքիայի հետ սահմանին պատ կառուցում, և այն, թե ինչու է Թուրքիան Իրանի հետ սահմանի ամբողջ երկայնքով մեկնարկում արգելապատնեշների վերջնական կառուցապատման աշխատանքները, ամենևին էլ նույնական ու համեմատելի չեն։ Անշուշտ, և՛ Հունաստանը, և՛ Թուրքիան, անակնկալի գալով Աֆղանստանի քաղաքական նոր իրականության արագ կերպափոխմամբ ու ուժերի վերադասավորմամբ, հնարավորինս սեղմ ժամկետներում փորձում են չեզոքացնել միգրացիոն ռիսկերը՝ քաջ գիտակցելով, որ աֆղանստանցի փախստականները կարող են ոչ միայն իրենց երկրների տարածքն օգտագործել որպես տանդեմ՝ հայտնվելու Արևմտյան կամ Կենտրոնական Եվրոպայում, այլև հաստատվել Հունաստանում և Թուրքիայում։ Հատկանշական է, որ պաշտոնական Աթենքը վախենում է ոչ միայն աֆղանստանցիների կողմից Հունաստանում հաստատվելու հեռանկարից, այլև վտանգ է տեսնում նաև Թուրքիայում հաստատվող աֆղանստանցի փախստականներից։ Ընդ որում, պատճառը միայն այն չէ, որ փախստականների անվան տակ հարևան Թուրքիայում կարող են ծայրահեղական գրոհայիններ կամ իսլամիստ ահաբեկիչներ հայտնվել, մտահոգության տեղիք է տալիս այն հանգամանքը, որ Թուրքիան, օգտվելով միգրացիոն ճգնաժամի ֆոնին Բրյուսելի կողմից տրամադրված օգնությունից, կարող է հերթական խաղաքարտը ստանալ՝ միգրանտների հոսքը կասեցնելու դիմաց պահանջելով գնալ թուրքամետ զիջումների։ Աթենքի համար Թուրքիայում հաստատվող աֆղանստանցիների գործոնն ավելի էական է դառնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հունաստանն, ըստ էության, հայտնվել է աֆղանստանցի փախստականների երկու «պահեստների»՝ մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից՝ Ալբանիայի ու Կոսովոյի արանքում, քանի որ վերջին երկուսն ընդունել են Վաշինգտոնի խնդրանքն ու համաձայնել են կեցություն տրամադրել Աֆղանստանում ԱՄՆ-ի հետ համագործակցած մի քանի հազար անձանց։ Վաշինգտոնի կողմից այս երկրներն ընտրելու փաստը պայմանավորված է երկու հանգամանքով․ նախ, Ալբանիան և Կոսովոն ի տարբերություն ԵՄ անդամ երկրների՝ անհամեմատ ցածր կենսամակարդակ ունեն (օրինակ ըստ Կոսովոյի ներքին գործերի նախարարության՝ մեկ փախստականի կեցության ծախսերն օրական կազմում եմ 19 եվրո), և երկրորդ՝ թե՛ Ալբանիան, թե՛ Կոսովոն գերազանցապես սուննի մուսուլմանական երկրներ են, ինչը կարևոր նախապայման է աֆղանստանցիների հնարավորինս արագ ադապտացման տեսանկյունից։

Աֆղանական միգրացիոն ճգնաժամի ֆոնին թուրք-հունական իրականության ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն Հունաստանի՝ Թուրքիան գտնվում է աֆղանական քաղաքացիական պատերազմի ու շահերի բախման էպիկենտրոնում։ Մասնավորապես, Թուրքիան ոչ միայն վերահսկում է Քաբուլի օդանավակայանը, այլև հրաշալի հարաբերություններ ունի Պակիստանի հետ, որն էլ իր հերթին սերտորեն կապված է և ամեն կերպ աջակցում է փուշտուներին։ Հետևապես, տիրապետելով ներաֆղանական դրությանը՝ Թուրքիան տիրապետում է նաև մաքսանենգության, թմրանյութերի վաճառքի ու միգրացիոն հոսքերի տեղեկատվությանը, ուստի ամենևին զարմանալի չէ, որ աֆղանստանցի փախստականների հարցերով Հունաստանը խորհրդակցում է առաջին հերթին հենց Թուրքիայի հետ։ Ընդ որում, Թուրքիան, Հունաստանի պես լինելով ՆԱՏՕ անդամ երկիր, շատ ավելի լավ է ճանաչում Աֆղանստանը նաև ռազմական առաքելության շնորհիվ։ 2021 թվականին թուրքերի՝ Քաբուլի օդանավակայանը հսկելու առաջարկը ԱՄՆ-ն ողջունել էր ոչ թե հաշվի առնելով Թուրքիայի ռազմական ներուժը, Պակիստան-Թուրքիա բարիդրացիական հարաբերությունները կամ Թուրքիայի կողմից Թալիբանի հետ բանակցելու կարողությունը, ընդհանուր հավատքն ու վերջինիս հիման վրա ձևավորված մշակույթը, այլ Թուրքիայի նախկին փորձառությունը։ Հատկապես 2015 թվականից Թուրքիան ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի կողմից հավանության արժանացած «Վճռական աջակցության» աշխատանքներում։ Այս խաղաղապահ առաքելության շրջանակում Թուրքիան շուրջ 900 հոգանոց անձնակազմ է ունեցել Աֆղանստանում՝ հսկելով մայրաքաղաք Քաբուլի՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական թռիչքների համար ծառայող միջազգային օդանավակայանը։ Հատկանշական է, որ թուրքական զինուժի ենթակայությամբ ծառայել են նաև ադրբեջանցիներ և ալբանացիներ, հետևապես այս համատեքստում պետք է բացատրել նաև ԱՄՆ-ի կողմից Ալբանիային կատարված առաջարկը՝ ընդունելու ԱՄՆ-ին հավատարիմ աֆղանստացի փախստականների։

Վանատուր Շերենց