Նիկոլ Փաշինյանին ի վերջո հաջողվեց ձևավորել կառավարություն, սակայն թե որքանով է հաջող կառավարություն ձևավորվել, դժվար է ասել։ Համենայն դեպս նախարարների մի զգալի մասը ամենևին կապ չունի այն ոլորտի հետ, որի հետագա զարգացումն ու բնականոն գործունեությունը պիտի ապահովի։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել պատմաբան Նարեկ Մկրտչյանը։ Մկրտչյանն ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ապա այնտեղ դասավանդել որպես դասախոս։ 2018-ին Մկրչտյանը ընտրվել է պատգամավոր, ապա նշանակվել սոցապփոխնախարար, ապա նախարար։ Փաստորեն բացի կրթությունը նաև Մկրտչյանի աշխատանքային գործունեությունը որևէ կապ չունի սոցապ ոլորտի հետ։
Ինչպես հայտնի է, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնագիտությամբ իրավաբան է։ Ավանեսյանի կապը առողջապահության ոլորտի հետ դրսևորվել է միայն նրա կենսագրության այն դրվագում, երբ նա զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը։ Դեղագործական ընկերության տնօրենի, ապա նաև խորհրդի անդամի պաշտոնից հետո Ավանեսյանը նշանակվել է առողջապահության փոխնախարար, ապա նաև նախարար, իսկ ընտրություններից հետո ձևավորված նոր կառավարությունում վերանշանակվել այդ պաշտոնին։
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը չունի բարձրագույն կրթություն, նրա պաշտոնական կենսագրության մեջ նշվում է, որ 2000-2002 թվականներին սովորել և ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան՝ Ռազմական և վարչական ղեկավարում մասնագիտությամբ, սակայն դա ոչ թե բարձրագույն կրթություն է, այլ վերապատրաստման ծրագիր։ Փիլոյանը, մինչ ԱԻ նախարար նշանակվելը, զբաղեցրել է ՊՆ զորամիավորման հրամանատարի պաշտոնը։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, թե ինչ դերակատարություն է ունեցել Անդրանիկ Փիլոյանը 44-օրյա պատերազմի ընթացքում։
Ամենաապսուրդային նշանակումներից է Արարատ Միրզոյանի նշանակումը արտգործնախարարի պաշտոնին։ Միրզոյանը ևս պատմաբան է, նա երբեք չի աշխատել դիվանագիտական ոլորտում, չունի նույնիսկ դիվանագիտական ծառայության նվազագույն դասային աստիճան, մինչդեռ նշանակվել է կարևորագույն գերատեսչություններից մեկի ղեկավարի պաշտոնում։
Համացանցում բուռն քննարկվեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի նշանակումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնին։ Վահագն Խաչատրյանի կապը բարձր տեխնոլոգիաների հետ դրսևորվել է հեռավոր 1982-1989 թվականներին, երբ նա աշխատել է «Հրազդանմաշ» ձեռնարկությունում, իսկ 1989-1992 թվականներին «Մարս» գործարանի գլխավոր տնօրենի տեղակալ է եղել։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մասին խոսելն էլ ավելորդ է։ Մինչ նախարար նշանակվելը՝ նա «menu.am» առաքման ցանցի տնօրենն էր։