Ուղիղ եթեր
Բետոնային աշխատանքները ճարտարապետական պահանջ-նորմ են․ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը՝ Եռաբլուրի բետոնապատման մասին
copy image url

Բետոնային աշխատանքները ճարտարապետական պահանջ-նորմ են․ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը՝ Եռաբլուրի բետոնապատման մասին

Ներքին 3 տարի առաջ - 19:22 20-08-2021

Այսօր՝ պատերազմից 11 ամիս անց, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հաստատված տիպային նախագծով իրականացվում են 44-օրյա պատերազմում զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների և կամավորականների գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման աշխատանքները: Թեև ըստ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնյաների՝ իրենք պատշաճ կերպով են կազմակերպել բոլոր զինծառայողների և կամավորների գերեզմանների միատեսակության ապահովումը, ինչպես նաև հավասարության սկզբունքի պահպանումը, այնուամենայնիվ, կան դժգոհություններ՝ նախ և առաջ զոհվածների ծնողների և հարազատների կողմից։ Հիմնական մտահոգությունները վերաբերում են նրան, որ միջազգային պրակտիկայում նման բան գոյություն չունի, որ գերեզմանատունը ամբողջությամբ բետոնապատեն։ Կասկածներ կան, որ ՊՆ-ն նման բան նախաձեռնում է հետագայում արտաշիրիմում թույլ չտալու համար։

Ինչո՞ւ է բետոնապատվում զինվորական պանթեոնը․ այս և այլ կարևոր հարցերի շուրջ Օրագիր․news-ը զրուցեց գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ:

«Շինաշխատանքները, որոնց մասնակցում է չորս շինարարական հիմնարկ-ձեռնարկություն, սկսել են օգոստոսի 6-ից և կավարտեն մինչև տարեվերջ: Բայց հիմնականում ամեն ինչ կախված կլինի եղանակային պայմաններից, քարերի ներկրումից»,- մեզ հետ զրույցում ասաց գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը: «Այս պահին արդեն իսկ ունենք 884 հուղարկավորված աճյուն և դեռ սպասում ենք, որ պետք է էլի հուղարկավորություններ կատարվեն: Պլանավորում ենք մինչև տարեվերջ 1000 հոգու կտրվածքով գերեզմանատեղի ունենալ, և այդ գերեզմանատեղը կբաշխվի 4 հարթակների վրա»:

Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը կարծում է, որ «Եռաբլուր» պանթեոնը բետոնապատելու վերաբերյալ մտահոգությունները մտացածին են։

«Բետոնապատման աշխատանքները, որոնք այսօր ասեկոսեների առիթ են հանդիսացել, պետք է փաստեմ ու վկայեմ, որ 1992-94թթ-ի նահատակների շիրմատեղերն էլ ամբողջությամբ բետոնապատված են: Եվ այսօրվա մեր գերեզմանակառուցման բետոնային աշխատանքներն էլ ճարտարապետական պահանջ-նորմ են: Այդ առումով, որպեսզի գերեզմանը լինի ամուր, հետագայում խնդիրներ չունենանք, այդ պահանջ-նորմերի սկզբունքներին հարիր՝ բետոնապատման աշխատանքներ են տարվում: Այն գերեզմանները, որոնք մասունքի են սպասում, այդ ծնողներին էլ անսալով, բետոնապատման տեղը, մենք հիմնականում պատուհան ենք թողնում, որպեսզի մասունքի ի հայտ գալու պարագայում, այդ պատուհանով մասունքներն իջեցնենք գերեզման, որից հետո կարվի վերջնական բետոնապատում և տապանաքարը կդրվի տեղը», - ասաց Վ. Ավետիսյանը:

«Մենք ուշադրությամբ լսում ենք բոլոր ծնողներին, կիսում նրանց մտահոգությունները, պարզաբանումներ կատարելով՝ կարողանում ենք հիմնավորումներով այդ մտահոգությունները ցրել: Ծնողներին տրված է եղել նաև քարերի ընտրության հնարավորություն, քարերը ներկրված են հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Չինաստանից»,- հավելեց գեներալ-մայորը:

Նարինե Ղուկասյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
22:16 Արարատ Միրզոյանի կինը պաշտոն է ստացել
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
22:43 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված 22-ամյա երիտասարդ
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
21:36 Խոշոր հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին գործող հայտնի «Աղբյուր» հացատանը
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից