Ներքին 5 տարի առաջ - 14:08 13-08-2021

Իշխանություններն ամենաշատը վախենում են լրագրողներից. սահմանադրագետ

«Օրագիր Նյուզի» զրուցակիցն է սահմանադրագետ Վահե Գրիգորյանը։

- Պարոն Գրիգորյան, որպես սահմանադրագետ՝ Ձեր կարծիքով՝ ԶԼՄ-ների տեղաշարժը սահմանափակելու դեպքերի վերաբերյալ հնարավո՞ր է դիմել ՍԴ։ Եթե այո, ապա ո՞վ պետք է դիմի։

- ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվության այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է, և պետությունն ինքը պետք է երաշխավորի դրա ազատությունը և դրանց արդյունավետ ու անխափան իրականացումը։ 42-րդ հոդվածի 3-րդ մասն արդեն հստակ նշում է այն հիմքերը, որոնց դեպքում կարծիքի արտահայտման ազատությունը, որի տարատեսակ է հանդիսանում մամուլի ազատությունը, կարող է սահմանափակվել. դա պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության, բարոյականության կամ այլոց պատվի ու արժանապատվության, համբավի և այլ հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակն է։ Այս դեպքում վերոնշյալ հիմքերը բացակայում են, և թույլ տվեք նշել, որ Ազգային ժողովում լրագրողների գործունեության սահմանափակումը, անգամ եթե այդպիսին լիներ, պետք է կարգավորվեր օրենքով, այլ ոչ թե ինչ-որ այլ մարմնի նորմատիվ իրավական ակտով, որն ունի ավելի ցածր իրավաբանական ուժ, քան օրենքը։ Եթե կա որևէ նորմատիվ իրավական ակտ, որը հրապարակվել է, և ենթադրվում է, որ պետք է ուժի մեջ մտած լինի, ապա լրագրողները, բոլորը միասին, կարող են վիճարկել դրա օրինաչափությունը ՀՀ Վարչական դատարանում, եթե կա անհատական իրավական ակտ, ապա կարող են վիճարկման հայց ներկայացնել Վարչական դատարան, և Մարդու իրավունքների պաշտպանն է, որ հնարավորություն ունի այդ նորմատիվ իրավական ակտը վիճարկելու արդեն Սահմանադրական դատարանում, եթե կա ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ապօրինի սահմանափակում, ինչը տվյալ դեպքում ակնհայտորեն կա։ Հատկանշական է, որ ՄԻԵԴ-ը ունի մի շարք նախադեպային որոշումներ, որոնք նույնպես հստակորեն կարգավորում են մամուլի ազատությունը և երաշխավորում են նրա անարգել գործունեությունը։

- Վլադիմիր Վարդանյանն ասել է, թե ԶԼՄ-ների գործառույթը չէ ԱԺ-ում ծեծկռտուքները լուսաբանելը։ Արդյոք նրա այս հայտարարությունը ունի՞ որևէ իրավական կամ էթիկական հիմք։

- Ես ինքս չեմ հարգի իմ մասնագիտությունը, եթե անդրադառնամ այնպիսի մարդու կամ նրա հայտարարություններին, ով բազմիցս կողմ է քվեարկել Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված և, ցավոք սրտի, ընդունված հակասահմանադրական օրենքների, ինչպես նաև Սահմանադրության այնպիսի նախագծի, որն ակնհայտորեն խախտում էր Սահմանադրության ամբողջ էությունը, նպատակը և գրեթե բոլոր հնարավոր հոդվածները։

- Ինչի՞ համար են մտցվում այս սահմանափակումները՝ Ձեր կարծիքով։

- Իշխանությունը զբաղեցնող անձանց կողմից փորձ է արվում ուղղակիորեն հասնել նոր ոստիկանապետության տեսակի, որտեղ լրագրողները կլինեն սահմանափակված։ Իրենք ամենից շատ վախենում են լրագրողներից, որովհետև այս իշխանությունը, լինելով հիմնականում լրագրողներից կազմված, լավ գիտի չորրորդ իշխանության ուժն ու զորությունը, որովհետև միայն լրագրողները կարող են ժողովրդին ցույց տալ իրականությունը։ Իրենք, ժամանակին զբաղված լինելով ապատեղեկատվության տարածմամբ, զրպարտությամբ, վիրավորանքի տարածմամբ և դրա միջոցով ատելության ֆոնի գեներացմամբ և դրանով իշխանության գալուն, լավ գիտեն լրագրողների հզորությունը և, վախեցած լինելով նրանցից, մտցնում են այսպիսի սահմանափակումներ։

Սևակ Մարգարյան

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել