copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:59 09-08-2021

Թուրքական ֆեմինիզմ․ անավարտ պայքար Էրդողանի և հայրիշխանության դեմ

Եվրոպացի արևելագետները Թուրքիայում կնոջ դերի մասին խոսելիս հաճախ են անդրադառնում «կանանց սուլթանության» դարաշրջանին, Քեմալի առաջադիմական բարեփոխումներին՝ զարմանքով նշելով, որ կինը Թուրքիայում ավելի շուտ է ստացել ընտրելու և ընտրվելու իրավունք, քան ֆրանսիացի կամ իտալացի կանայք։ Աշխարհում առաջին ռազմական կին օդաչուն թուրք է՝ Սաբիհա Գյոքչենը (ըստ Դինքի՝ որդեգիր հայուհի՝ Խաթուն անվամբ), կինը Սահմանադրական դատարանն աշխարհում առաջին անգամ նախագահել է Թուրքիայում, Թուրքիան ունեցել է կին ղեկավար՝ ի դեմս Թանսու Չիլլերի, ով կառավարման ընդամենը 3 տարվա ընթացքում կարողացավ վերափոխել ու վերազինել թուրքական բանակը, ջարդել քրդական անջատողականությունը՝ ԱՄՆ-ին և Եվրոպային հաջողությամբ համոզելով, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությանն ընդգրկեն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում․․․ սակայն Թուրքիան ամենևին էլ իրավունքների իրացման դրախտավայր չէ, առավել ևս՝ կնոջ համար։

Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության իսլամամետ-պահպանողականության գաղափարների ամրապնդմամբ կնոջ էմանսիպացիայի և ֆեմինիզմի հիմնախնդիրները դառնում են մանիպուլյացիայի գործիք ու ձևավորում կեղծ օրակարգեր, ինչպես օրինակ՝ իսլամական գլխաշորերի արգելքի վերացումը, որը երկրի ղեկավարը ներկայացրեց և շարունակում է մատուցել որպես ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալու խորհրդանիշ, մինչդեռ սա իսլամական վերածննդի դրսևորում էր ու քեմալականության դեմ պայքարի հերթական քայլ։

Թուրքիայում ֆեմինիզմի և, առհասարակ, կանանց հիմնախնդիրների շարքում այսօր հաճախ առանձնացնում են՝ կապիտալիստական հայրիշխանության համակարգը, ընտանեկան բռնությունը, միևնույն աշխատանքի դիմաց անհավասար վարձատրությունը, հագուստի ընտրության բռնությունը, սեքսիզմը, սեքսուալիզացիան, սեռական ոտնձգությունը, հարսնացուի հատուցագինը (թուրքերեն՝ başlık parası), սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության ու սեռասոցիալական դերերի հարցերը, բեղնականխման հասանելիությունը, վերարտադրողական առողջության իրավունքը, ֆեմինիստական ֆիլանտրոպիան և այլն, սակայն թուրք մասնագետներն առավել կարևորում են բռնի մարմնավաճառության ու թրաֆիքինգի, պատվի կամ ամոթի սպանությունների և հարկադրաբար վաղաժամ ամուսնությունների հիմնախնդիրները։

Սեռական ստրկության ամենատարածված տեսակի՝ բռնի մարմնավաճառության խնդիրը Թուրքիայում այնքան արդիական է, որ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը պոլիգլոտ թարգմանիչ-հեռախոսավարների կողմից սպասարկվող անվճար թեժ գիծ է գործարկել արագ արձագանքման համար։ Թեպետ Թուրքիայում մարմնավաճառությունն օրինական է և կարգավորվում է օրենսդրությամբ, սակայն առկա խնդիրները չեն լուծվում, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինները մարմնավաճառների իրական թիվը կրճատելու նպատակով արհեստական խոչընդոտներ են ստեղծում գրանցման համար, ինչը մի կողմից հանգեցնում է արտոնագիր սպասողների հերթագոյացման, մյուս կողմից՝ ապօրինի ընդհատակյա գործունեության, հանգամանք, որը ֆինանսապես շատ ավելի եկամտաբեր է։ Թուրքիայի պարագայում խնդիրն առավել խորքային է, քանի որ թրաֆիքինգի և մասնավորապես՝ բռնի մարմնավաճառության գործընթացում ներգրավվում են արտասահմանցի կանայք՝ հիմնականում նախկին ԽՍՀՄ-ից և Աֆրիկայից, որոնց հայտնաբերման և պաշտպանության խնդիրներն անհամեմատ ավելի են բարդանում կոռուպցիոն ճկուն մեխանիզմների, ոստիկանության անհետևողական աշխատանքի և սոցիալական տաբուների պատճառով։ Ամենևին զարմանալի չէ, որ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը մարդկային թրաֆիքինգի զոհերի համար Թուրքիան ճանաչում է որպես «թոփ դեստինացիա»։ Հատկանշական է, որ Թուրքիայում մարմնավաճառության ու հասարակաց տների ինստիտուցիոնալացման գործում ամենամեծ ավանդն ունի հայկական ծագմամբ Մաթիլդ Մանուկյանը, ով համարվում է 20-րդ դարի Թուրքիայի ամենաազդեցիկ կանանցից։ Սեքս-ինդուստրիայից ստացված գումարները ներդնելով անշարժ գույքի բիզնեսում՝ 1990-ականներին Մանուկյանը դարձել է Պոլսի խոշորագույն հարկատուն։

Պատվի սպանություններ․ Այն, ինչ Արևմուտքում ընդունված է անվանել ֆեմիցիդ՝ կնոջ սեռով պայմանավորված հանցանք, որի հետևանքը որպես կանոն լինում է սպանությունը, Թուրքիայում գրեթե նույնականացվում է և հայտնի է որպես «սովորույթի և պատվի սպանություն» (թուրքերեն՝ töre ve namus cinayetleri)։ Իրականում, թեպետ այս եզրույթներն ամենևին էլ համարժեք չեն, քանի որ պարտադիր չէ, որ սովորույթի և պատվի սպանության ելքը լինի ֆեմիցիդը, բայցևայնպես, հանրային զանգվածային գիտակցության մեջ պատվի սպանության զոհ մինչև 2000-ականների վերջն ընկալվել է հենց կինը։ Թուրքական ոստիկանության (թուրքերեն՝ Emniyet Genel Müdürlüğü) տվյալներով՝ իշխող կուսակցության՝ ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո՝ 2003-2007 թթ․-ին, տեղի է ունեցել սովորույթի և պատվի 1028 սպանություն։ Իրավիճակը սուր է հատկապես արևելքում և հարավ-արևելքում, քանի որ տեղի բնակչությունը (առաջին հերթին՝ քրդերը) արդարացնում են պատվի հանցանք գործած մարդասպաններին և բռնարարներին՝ այն համարելով ամոթից ընտանիքի համբավն ու հեղինակությունը փրկելուն ուղղված քայլ։ Օրինակ 2005-ին Դիյարբաքըրում տղամարդկանց շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները ցույց են տվել, որ 37 %-ը համաձայն է կնոջը սպանելուն, եթե նա ունեցել է մինչամուսնական սեռական կապ, դավաճանել է ամուսնության ընթացքում, բռնաբարվել կամ սեռական ոտնձգության է ենթարկվել ծանոթ կամ անծանոթ տղամարդու կողմից։ Պատվի սպանությունների հարցում իրավիճակը փոխելու և դրական բեկում մտցնելու տեսանկյունից թուրքական պետությունը թեպետ գործի չի դնում ամբողջ գործիքակազմը՝ հաշվի առնելով, որ խնդիրն առավել ընդգծված ու համակարգային բնույթ ունի քրդերի շրջանում, բայցևայնպես, դրական ազդեցություն ունեն այլ ինստիտուտներ և անհատներ, հատկապես՝ դատական իշխանությունն ու մշակույթի՝ ֆիլմարվեստի և գրականության ներկայացուցիչները։ Օրինակ՝ 2009 թվականին հրապարակված դատավճռով Քրեական դատարանը վանեցի քրդական ընտանիքի բոլոր անդամներին մեղավոր ճանաչեց եղբոր կողմից 16-ամյա քրոջ սպանության գործում՝ դատապարտելով ցմահ ազատազրկման (աղջիկը բռնարբարվել էր, ապա հղիացել, իսկ եղբոր կողմից քրոջը սպանելու ցանկությունը ողջունել, ապա ակտը կազմակերպել էին մայրը, հայրը, երկու քեռիներն ու հորեղբայրը): Դատական այս գործը ոչ միայն մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում, այլև հետագա տարիներին ունեցավ կանխարգելիչ նշանակություն։ Այսպես՝ 2019-ին ֆեմիցիդն անկում ապրեց շուրջ 45 %-ով, իսկ 2020-ին արձանագրվեց պատվի նպատակով կնոջ սպանության 300 դեպք, ինչը 174-ով քիչ է՝ ի համեմատություն 2019 թվականի վիճակագրության։

Վանեցի քուրդ անչափահաս աղջկա բռնաբարության մոտիվը տեղ է գտել նաև հետմոդեռնիստական արձակի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի՝ թուրք ֆեմինիստ ակադեմիկոս Էլիֆ Շաֆաքի «10 րոպե 38 վայրկյան» վեպում (2019)։ Մինչ այդ Շաֆաքն իր «Պատիվ» վեպում (թուրքերեն տարբերակով՝ «Իսքանդեր») բարձրացրել էր նաև պատվի սպանության հարցը՝ ընթերցողի ուշադրությունը բևեռելով այն խնդրի վրա, որ պատվի սպանությունները տեղի են ունենում նաև Եվրոպայի թուրք-քրդական համայնքներում։ Պատվի սպանության պրոբլեմատիկային է նվիրված նաև Մոնրեալի կինոփառատոնի գլխավոր և Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակների դափնեկիր «Որտեղ այրվում է կրակը» (թուրքերեն «Ateşin düştüğü yer», ռեժիսոր՝ Իսմայիլ Գյունեշ) կինոժապավենը:

:

Կարմիրով առանձնացված է Թուրքիայի Հարավարևելյան Անատոլիայի շրջանը, որտեղ ամենից հաճախ են արձանագրվում պատվի սպանության դեպքեր։ Թուրքական ոստիկանության՝ Անվտանգության գլխավոր վարչության համաձայն՝ այս շրջանում են ծնվում մարդասպանների 24 %, Փոքր Ասիայի արևելքում՝ 21 %-ը։

Աղջիկ երեխաների վաղաժամ ամուսնություն․ Պաշտոնական տվյալների համաձայն՝ իշխող ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո մինչև 2014 թվականը Թուրքիայում արձանագրվել է 16-17 տարեկան երեխաների ամուսնության ավելի քան կես միլիոն դեպք։ Անչափահասների ամուսնության դեպքերն աճ են գրանցել հատկապես 2010-ականներին։ Մասնավորապես, միայն 2010-2013 թթ․ ընթացքում գրանցվել է 135 հազար երեխայի ամուսնություն, որից մոտ 130 հազարը՝ աղջիկների։ Այսինքն՝ աղջիկ երեխաներին 20 անգամ ավելի շատ են անչափահաս տարիքում ամուսնացնում, քան տարեկից տղաներին։ Իսկ ահա նույն ժամանակահատվածում 94 %-ով ավելացել է այն ընտանիքների թիվը, որոնք դիմել են թույլտվություն ստանալու համար, որպեսզի ամուսնացնեն իրենց՝ 15 տարին չբոլորած աղջիկներին։ Աղջիկների վաղաժամ ամուսնությունների խորքային լուրջ հետազոտություններ իրականացրել են Անկարայի Հաջեթթեփեի և Գազիանթեփի համալսարանները։ Ըստ Հաջեթթեփեի համալսարանի զեկույցի՝ Թուրքիայում բոլոր աղջիկների 7,1 %-ն ամուսնացել է 15-19 տարեկան հասակում, իսկ կանանց 25 %-ը՝ 15 կամ ավելի ցածր տարիքում։ Վիճակագրական պատկերն անհամեմատ վատթար է, իսկ ներկայացված թվերը լիարժեքորեն չեն արտացոլում իրավիճակը․ բավական է նշել միայն այն հանգամանքը, որ հետազոտությունն անկախ չի եղել և համալսարանական գիտաշխատողներն իրականացրել են կառավարության ֆինանսավորմամբ։ Փաստացի, եթե 2010-ականի տվյալները համեմատենք 1998 թվականի տվյալների հետ, ստացվում է, որ Թուրքիայում երեխաների վաղաժամ ամուսնությունն աճ է գրանցել 15,2 %-ով։ Իսկ ահա Գազիանթեփի համալսարանի զեկույցը գալիս է վերահաստատելու այն պնդումը, որ աղջիկ երեխաներին թեպետ առավելապես ամուսնացնում են Փոքր Ասիայի (թուրքական տարբերակով՝ Անադոլու) կենտրոնական և արևելյան շրջաններում, սակայն անչափահասների ամուսնությունները տարածված են ամբողջ Թուրքիայում։ Ըստ հետազոտության՝ եթե քրդաբնակ Շանլըուրֆայում երեխաների ամուսնությունը կազմում է 60 % (և անգամ այս ահռելի տոկոսը սպասելի էր), ապա զբոսաշրջային կոսմոպոլիտան Իզմիրում (Զմյուռնիա), որտեղ ցայսօր չափազանց ուժեղ են ազգային ազատական քեմալականների դիրքերը, անսպասելի էր արձանագրված 17 %-ը։

Չվայելած մանկության և խեղված ճակատագրի սոցիալ-հոգեբանական խնդիրներից զատ Թուրքիայում խոցելի խմբում հայտնված աղջիկ երեխաների վաղաժամ ամուսնությունը ենթադրում է նաև այլ հիմնախնդիրներ՝ 1) աղջիկները չեն ճանաչում, թե ում հետ են իրենց ամուսնացնում ծնողները, 2) որպես կանոն աղջիկներին ամուսնացնում են տարիքով 2-4 անգամ մեծ տղամարդկանց հետ, 3) քրդաբնակ արևելքում և հարավ-արևելքում բազմաթիվ աղջիկ երեխաների ամուսնացնում են՝ կատարելով, այսպես կոչված, «կանանց փոխանակում», 4) ամուսնությունից հետո աղջիկները զրկվում են կրթության իրավունքն իրացնելուց․ ընդ որում, բավականին մեծ թիվ են կազմում աղջիկ երեխաները, որոնք չեն ավարտում անգամ տարրական դպրոցը, մինչդեռ Թուրքիայում պարտադիր է 12-ամյա կրթությունը, 5) հիմնախնդրի վիճակագրության ամբողջական որևէ հավաստի տվյալ մշակել չի ստացվում․ անչափահաս երեխաների ամուսնությունների մեծամասնությունը քաղաքացիական կարգով չի գրանցվում, քանի որ ծնողները նախապատվությունը տալիս են իսլամական ծիսակարգերին՝ այն համարելով ավելի պատվաբեր: Բայցևայնպես, այս հիմնախնդիրների շարքում ամենակարևոր և լուծման տեսանկյունից ամենահրատապ խնդիրը շարունակում է մնալ անչափահաս աղջիկների նկատմամբ բռնության դեպքերն ու, որպես հետևանք, անցանկալի հղիությունները։ Այս պնդումը հիմնավորելու հարցում որպես շոշափելի օրինակ կարող է ծառայել Միլլի մեջլիսի քեմալական Հանրապետա-ժողովրդական կուսակցության պատգամավոր Թեքին Բինգյոլի 2018 թվականի զեկույցը, համաձայն որի՝ բռնաբարության հետևանքով մինչև 15 տարեկան հասակում մայրացած կանանց թիվը կազմել է 15,937։

Էրդողանի արձագանքը կանանց հիմնախնդիրներին․ Թեպետ ներպետական օրենսդրության մակարդակում բազմաթիվ անհամապատասխանություններ կան (Թուրքիայի Քրեական օրենսգիրքն աղջկա ամուսնության համար նվազագույն տարիք է սահմանում 15-ը, Քաղաքացիական օրենսգիրքը՝ 17-ը, իսկ «Երեխաների պաշտպանության մասին» օրենքը՝ 18-ը), իսկ իրավապաշտպան քաղակտիվիստների համաձայն՝ օրենսդրական առկա սահմանափակումները գործնականում չեն աջակցում երեխաների ամուսնությունների դեմ պայքարը հաջողելու հարցում, ըստ Էրդողանի՝ բարդ հարցերին կարելի է տալ պարզ լուծումներ։ Ըստ այդմ, 2016-ին Էրդողանի իսլամամետ կուսակցությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի՝ առաջարկվում էր երեխաների բռնաբարությունը հանել քրեորեն պատժելի հանցագործությունների ցանկից, եթե բռնարարը կհամաձայներ ամուսնանալ զոհի հետ։ Հայտնվելով հանրային ճնշման տակ՝ կուսակցությունը ստիպված էր հետ կանգնել նախագծից, քանի որ, ըստ էության, էրդողանական ապարատն առաջարկում էր բռնության արդարացում և բռնաբարության դե յուրե օրինականացում՝ անուղղակիորեն խրախուսելով անչափահաս աղջիկների ամուսնությունը։

Էրդողանի կառավարությունը գտնում է, որ ֆեմինիզմը չափազանց հեռուն է գնացել ինչպես արտասահմանում, այնպես էլ բուն Թուրքիայում։ Ընդ որում, հակաֆեմինիստական պատկերացումներում Էրդողանը մերժում է ոչ թե և ոչ միայն ռադիկալ (ծայրահեղական) և սեպարատիստական (անջատողական) ֆեմինիզմի դրսևորումները, այլև 2010-ականներին ձևավորված ֆեմինիզմի չորրորդ ալիքի գաղափարները։ Այլ կերպ ասած՝ ըստ Էրդողանի՝ ինքը պայքարում է ոչ թե կնոջ էմանսիպացիայի, այլ ֆեմինիզմի միջգիտակարգային հարակից դրսևորումների դեմ, քանի որ ֆեմինիզմը մարդու հիմնարար իրավունքների պահանջից զատ սերտաճել է Արևմուտքի կողմից թելադրվող սեռական փոքրամասնությունների ազատությունների և իրավունքների ազատական գաղափարաբանությանը։ Այս համատեքստում պետք է մեկնաբանել իսլամամետ ղեկավարի հայացքներն ու 2021 թվականի մարտի որոշումը՝ դուրս գալու «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»-յից (առավելապես հայտնի է որպես Ստամբուլի կոնվենցիա)։ Ինչպես հայտնի է՝ ֆեմինիզմի չորրորդ ալիքում անկյունաքարային են ինտերսեկցիոնալության գաղափարները, ըստ որոնց՝ սոցիալ-քաղաքական խտրականության դրսևորումները համընկնում են գենդերի հետ, մինչդեռ թուրքական կառավարությունը պատրաստ է կանաչ լույս վառել ոչ թե գենդերի, այլ կնոջ հանրային դիսկուրսի համար։ Որոշման հիմնավորման մեջ պաշտոնական Անկարան նշել էր, որ կոնվենցիան օգտագործվում է նույնասեռականությունը նորմա դարձնելու համար, ինչն անհամատեղելի է Թուրքիայի սոցիալական և ավանդական արժեքների հետ՝ հավելելով, որ պետությունը շարունակելու է կանանց իրավունքների պաշտպանության համար ձեռնարկել «խիստ, արդյունավետ և իրատեսական» միջոցներ։

Ամենից շատ դիտված