Երևան +14°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:54 23-07-2021

Տերյանական օր չի լինի, իսկ Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի բացումը կլինի օգոստոսի 1-ին

1957 թվականից Գանձայում գործող Վահան Տերյանի տուն-թանգարանը գտնվում էր խիստ անմխիթար վիճակում:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) նախաձեռնությամբ մեկնարկած՝ Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատաքները մոտենում են ավարտին:

Հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանը մեզ հետ զրույցում նախ անդրադարձավ ցուցասրահի վերականգնման գաղափարի առաջացմանը՝ նշելով, որ 2019 թվականին՝ տերյանական օրերի շրջանակում, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հայտարարեց Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգման ծրագրի մասին, որն առնձնահատուկ հրատապության հարց էր և ներառված էր հիմնադրամի ռազմավարական ծրագրերի մեջ:

Այդ օրվանից մեկնարկեցին վերանորոգման աշխատանքները:

«Մենք նախապատրաստական բավականին երկար աշխատանքներ իրականացնելուց հետո 2020 թվականի վերջից սկսեցինք շինարարական ու վերականգնողական աշխատանքները»,-ասաց Սամվել Մկոյանը:

Վերջինս անդրադարձավ նաև վերանորոգման կոնցեպտին՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթանալու են երեք հիմնական փուլով:

«Տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահն աչքի է ընկնում դիզայներական հարուստ ու ստեղծագործ լուծումներով, եռաշերտ ցուցադրությամբ, ինչպես նաև հագեցած է 21-րդ դարին հատուկ նորարարություններով »,-մանրամասնեց պարոն Մկոյանը՝ շեշտելով, որ Վահան Տերյանին հարիր ցուցասրահ ունենալու համար արվել է ամեն ինչ:

Նա նաև հայտնեց, որ նախատեսվում է Վահան Տերյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքներն իրականացնել 3 փուլով:

«Առաջին փուլով, որն արդեն մոտենում է իր ավարտին, նախատեսում ենք ցուցասրահի վերականգման աշխատանքները, երկրորդ փուլով , որը մեկնարկելու է ցուցասրահի բացման օրը՝օգոստոսի 1-ին, նախատեսվում է վերականգնել Վահան Տերյանի տուն-թանգարանի հուշային հատվածը, իսկ երրուրդ փուլով ՝ամբողջ համալիրը»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով տերյանական օրերի հետաձգման փաստին՝ մեր զրուցակիցը նշեց, որ, ինչպես հայտնի է Վրաստանում բավականին տարածված է COVID-19-ը, և համավարակի կանխարգելման նպատակներից ելնելով՝ մարդաշատ միջոցառումներն արգելվեցին:

«Համավարակով պայմանավորված՝ տերյանական օրեր չեն իրականացվելու, բայց ցուցասրահի բացման արարողությունը, որը կազմակերպվում է քաղաքապետարանի հետ համատեղ, տեղի է ունենալու օգոստոսի 1-ին»,-ասաց Սամվել Մկոյանը:

Վահան Տերյանի տուն-թանգարանի վերանորոգման կոնցեպտի շուրջ զրուցել ենք նաև կանցեպտի և ցուցադրության հեղինակ Անի Եղիազարյանի և դիզայներ Մկրտիչ Մաթևոսյանի հետ:

Մեզ հետ զրույցում Անի Եղիզարյանն ասաց, որ այն վայրը, որտեղ իրականացվելու է ցուցադրությունը, հուշատան հարակից տարածքն է, որը 70-ականների սկզբին կառուցվել է որպես ֆոնդային առարկաների պահպանման վայր:

«Տարիներ հետո հուշատունը հայտնվել էր էլ ավելի անմխիթար վիճակում, և փորձել են թանգարանային ցուցանմուշները փրկել հենց այդ հատվածում»,-փաստեց Անի Եղիզարյանը:

Նրա խոսքով, երբ ՋԱՀ-ն այս թեմայով խորհրդատվություն կազմակերպեց և իրեն ներկայացրեց տարածքը, բնականաբար կոնցեպտի ելակետն նաև տարածքն էր և նրա առաջարկած հնարավորությունները՝ փաստորեն այն մի առանձին բաղադրիչ էր համալիրի մեջ »,- պարզաբանեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, առաջարկվող մի քանի տարբերակներից ընտրվեց այն տարբերակը, ըստ որի՝ հետագայում հուշատունը կլինի Վահան Տերյանի գործունեության մասին պատմող ամբողջական ցուցադրություն, իսկ առկա ցուցադրության տարածքը կդառնա առանձին ցուցասրահ՝ Վահան Տերյան ցուցասրահ, որտեղ էքսպոզիացիան այնպիսի տրամաբանութամբ է պատրաստվել, որպեսզի հետագայում այն ծառայի նաև որպես կրթական բաղադրիչ ունեցող, թանգարանին կից կենտրոն՝ գիտաժողովների, գիտական միջոցառումների, Վահան Տերյանին նվիրված ցերեկույթների անցակացման վայր:

‹‹Այս կոնցեպտում առանցքայինն այն է, որ Վահան Տերյանի կենսագրության՝ հաճախ անհայտ իրողությունները ցուցադրվում են որոշակի շեշտադրումներով,-պարզաբանեց մեր զրուցակիցը,- հետագայում ավելի մանրակրկիտ անդրադաձն իր տեղն է գտնելու արդեն բուն հուշատան համապատասխան հատվածներում››:

Անդրադառնալով ցուցասրահի բացմանը՝ Անի Եղիազարյանը նշեց, որ այն այցելուներին բանալիներն է հուշելու, որոնցով նրանք հետագայում Տերյանին իրենց համար նորովի են բացահայտելու՝ ոչ որպես ռոմանտիկ ու թախծոտ հեղինակ, այլ որպես ազգային գործիչ:

‹‹Այս բացահայտումը վստահաբար շատերի համար նոր կլինի, քանի որ Խորհրդային գրականագիտությունը կատարել է որոշակի առաքելություն, և մեր մտապատկերում ձևավորել է Վահան Տերյանի՝ մելամաղձոտ, ռոմանտիկ, անձրևային տրամադրություններով բանաստեղծի կերպարը, մինչդեռ, երբ որ մենք բանաստեղծական որոշակի շերտ ենք ուսումնասիրում, տեսնում ենք պատմական այդ շրջանի տիրույթում շատ լուրջ գործունեություն ծավալած ազգային գործչի՝ մի կերպար, որը մեր օրերում խիստ պահանջված է››,-փաստեց Անի Եղիազարյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ ցուցասրահն հետաքրքիր է նաև նրանով, որ էքսպոզիցիան սկսվում է դրսից՝ հենց բակից, և ստեղծում է համապատասխան հուշումներն ու տրամադրությունը՝ դիզայիներական լավագույն լուծումներով և շենքի արտաքին և ներքին բովանդակության համադրությամբ:

Կոնցեպտի դիզայնի հեղինակ Մկրտիչ Մաթևոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախատեսվում է նաև Տերյանի դեմքն ու ստորագրությունն ունենալ թանգարանի շենքի վրա:

‹‹Հարկ է նշել, որ ցուցասրահի ներսի պատի աշխատանքներն իրականացրել է Լևոն Գյուլխասյանը,-ասաց Մկրտիչ Մաթևոսյանը,-մի պատը բաժանված է յոթ դրվագի, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է Վահան Տերյանի կյանքի դրվագները, դիմացի պատին Գանաձայի համայնապատկերն է, որի վրա Տերյանի տեքստերից վերցրած բառեր են՝ թարգամանած ինը լեզուներով, որոնց նա տիրապետել է ››:

Նկարագրելով հակադիր պատը՝ պարոն Մաթևոսյանը նշեց, որ այնտեղ պատկերված է Վահան Տերյանի կյանքի ուղին և դրան զուգահեռ պատի ներքևի հատվածում պատկերված են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել համաշխարհային համատեքստում:

Մեր զրուցակիցները նշեցին նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բավականին լուրջ հաջողություններ գրանցած ‹‹ARLOOPA›› ընկերության հետ համագործակցության և հատուկ հեռախոսային հավելվածի մասին, որը Ջավախքում թանգարանային ոլորտի առաջին տեխնոլոգիական ներդրումն էր:

Խոսելով այս ընթացքում առաջացած խոչընդոտների մասին՝ մեր զրուցակիցներն ամենից առաջ նշեցին համավարակի մասին, որի պատճառով տեղաշարժման խնդիրներ էին առաջացել : Այս համատեքստում աշխատանքի մասնակից յուրաքանյուր անդամ վարպետություն է դրսևորել, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնել թիմին ՝ նկարիչներ Կարեն Բարսեղյանին, Արմենակ Գրիգորյանին, Հովհանես Թումանյանի թանգարանի աշխատակից Աշոտ Հարությունյանին և մյուս աշխատակիցներին :

‹‹Մենք կոնցեպտի մշակման և դիզայնի ստեղծման գործընթացը կարողացել ենք ստանալ առանց տարածքի դիտման, և երբ այս պայմաններում կարողանում ես ապահովել գրեթե 90 և ավել տոկոսանոց արդյունք, ուրեմն թիմային աշխատանքը հաջողված է ››,-ասաց Անի Եղիազարյանը:

Բացի դրանից՝ Անի Եղիազարյանը նշեց, որ նրանք միմյանց են հարմարեցրել եղած պայմանները, առկա հեռավորությունը և ֆինանսական միջոցները, քանի որ մի բան է, երբ մարդն ունի մեծ ցանկություններ, այլ բան է իրականացնող կազմակերպության ձեռքի տակ եղած հնարավորությունները:

‹‹Մեզ հաջողվել է ստանալ ոսկե միջինը և իրականացնել այն գաղափարը, որը դրվել է կոնցեպտի հիմքում ››,-փաստեց նա:

Պարոն Մաթևոսյանն էլ հավելեց, որ քանի որ տարածքը փոքր էր՝ խնդիր կար լրացուցիչ մակերես ունենալու, և յուրաքանչյուր պատի դիմաց դրվեց 14 վահանակ, որտեղ թանգարանային նյութեր են՝ պոեզիայի նմուշներ, նկարներ, ձեռագրեր, որոնք թափանցիկ են և չեն ծանրաբեռնում տարածքը:

‹‹Առկա հնարավորությունների պայմաններում նախատեսված աշխատանքներն իրականացվել ենք գրեթե հարյուր տոկոսով ››,-շեշտեց Մկրտիչ Մաթևոսյանը:

Հիշեցնենք, որ Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնած ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին, ժամը 13.00-ին: